Լարիսա Փարեմուզյան, Հետք
ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական քննարկումների ժամանակ, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց 2011թ. պետբյուջեից համայնքին հատկացված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների մասհանումների գումարով բնապահպանական ծրագրի նախագիծը: Քաղաքապետարանը դեռևս չի ստացել մասհանումների հատկացված գումարների պաշտոնական տվյաները: «Իմ կողմից հրապարակված թվերը մոտավոր են լինելու. իմ ունեցած բանավոր խոսակցության արդյունք են: Միգուցե այս գումարների հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց չեմ կարծում, որ դրանք մեծ փոփոխություններ լինեն»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Բնապահպանական մասով հատկացված գումարներն ուղղվելու են քաղաքի աղբավայրի կառուցմանը: Վերջին տարիներին Արթուր Նալբանդյանը հաճախ է խոսում Ալավերդիում աղբավայր կառուցելու մասին, սակայն խնդրի լուծման համար ֆինանսական աղբյուրներ չեն գտնվում:
Այս անգամ էլ քաղաքապետն աղբավայրի խնդիրը համարեց առաջնային: Համայնքի 2011թ. բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրի նախագծում նշվում է, որ Ալավերդի քաղաքը չունի արդյունաբերական և տնտեսական աղբի հեռացման համակարգ: Ներկա աղբանոցը չի վերահսկվում, տեղակայված է համայնքից 9 կմ հեռավորության վրա (Հաղպատ համայնքի վարչական տարածքում), աղբատար մեքենաները դժվարանում են մուտք գործել այնտեղ, ինչի պատճառով էլ Ալավերդու արդյունաբերական և տնտեսական աղբը վերջին տարիներին թափվում է ուղիղ Դեբեդ գետը:
Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ նոր աղբավայրի կառուցման նպատակով ավագանին արդեն համաձայնել է տրամադրել քաղաքի Մադան թաղամասից դեպի հարավ-արևմուտք գտնվող 4,6 հա հողամաս, որի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ փորձաքննությանը և ստացել դրական եզրակացություն:
Նոր աղբավայրի կառուցման նախահաշվային արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 145 մլն դրամ: «Մենք նախատեսում ենք, որ 2011թ. անպայման աշխատանքները կսկսենք»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Բնապահպանական մասհանումների 70 %-ն օրենքով սահմանված կարգով քաղաքապետարանը նպատակաուղղելու է բնապահպանությանը, 30 %-ը` առողջապահությանը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ 2011թ. համար ավագանուն ներկայացրել է 135 մլն դրամի մասհանումների նախնական ծրագիր, սակայն երբ իմացել է, որ հատկացումը մոտ 55 մլն դրամ է կազմելու, ծրագրում կատարել է փոփոխություններ: «Թիվը պաշտոնապես ստանալուց հետո բնապահպանական ծրագիրը կուղարկվի ՀՀ Բնապահպանական նախարարություն` հաստատելու համար»,- ասաց քաղաքապետը:
Ըստ ներկայացվելիք բնապահպանական ծրագրի` աղբավայրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը նախապատրաստելու համար տրամադրվելու է 3,7 մլն դրամ: Աղբավայրի կառուցման համար կհատկացվի 34,9 մլն դրամ: Քաղաքապետն ասաց, որ ակտիվորեն աշխատում է ՀՀ կառավարության և միջազգային կառույցների հետ` մնացած անհրաժեշտ գումարները ձեռք բերելու համար: «Չի բացառվում, որ դոնորներ գտնելու համար մեզ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունն օգնի»,- վստահեցրեց Արթուր Նալբանդյանը:
Նրա կանխատեսմամբ` աղբավայրի կառուցման մեջ միջազգային դոնոր կազմակերպություններ ներգրավելու գործում հաջողություններ կլինեն, քանի որ համայնքն ունի ոչ միայն պահանջված 10, այլև 20, 30 և ավելի տոկոս ներդրման հնարավորություն: Քաղաքապետը դա համարեց լուրջ նախապայման աշխատանքները սկսելու համար: «ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք: Չի բացառվում, որ 2011թ. ծրագիրի առաջին փուլը ավարտենք, իսկ երկրորդ փուլն ավարտենք 2012թ.»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Աղբավայրի նախագծային աշխատանքների մեծ մասն ավարտված է: Քաղաքապետի երազած աղբավայրը լինելու է Հայաստանի լիցենզավորված աղբավայրերից մեկը: «Հանրապետությունում մեկ կամ երկու լիցենզավորված աղբավայր կա: Հաջորդը լինելու է Ալավերդու աղբավայրը: Այն լինելու է ջրահեռացման դրենաժներով, բասեիններով, որը վերջում քլորացվելու է: Հետո արդեն մաքուր ջուրը կմիանա Դեբեդին»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Նա փորձել է ֆինանսական համատեղ ներդրումային աշխատանքներ նախապատրաստել աղբավայրեր չունեցող, սակայն բնապահպանական սուբվենցիաներ ստացող Աքորի, Օձուն, Հաղպատ համայնքների հետ` հետագայում այն համատեղ օգտագործելու պայմանով, սակայն վերջիններս հրաժարվել են ներդրումներին մասնակցելուց: «Եթե վաղը, մյուս օրը այդ նույն համայնքները դիմեն մեզ` աղբավայրն օգտագործելու համար, մեր համայնքը այն անպայման կտրամադրի միայն վճարովի հիմունքներով»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Քննարկմանը ներկայացվեց նաև 2011թ. բնապահպանական սուբվենցիայով նախատեսված բնակչության առողջության վերականգնման ծրագիրը, որով նախատեսված են 16 մլն դրամի ծախսեր: Քաղաքապետի տեղակացմամբ` 6 մանկապարտեզի 406 սանի լրացուցիչ սննդի ապահովման համար նախատեսվում է հատկացնել 4,7 մլն դրամ: Համայնքի 300 հղի կանանց երկու ամսվա վիտամիններով հարուստ սննդի համար կտրամադրվի 4,5 մլն դրամ, 90 պալարախտով հիվանդների վիտամիններով հարուստ սննդի համար` 3,6 մլն դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս նախատեսված գնումները կկատարվեն «Կատա» խանութների ցանցից: 25 բնակիչի առողջարանային ուղեգիր տրամադրելու համար կհատկացվի 3,75 մլն դրամ:
Սեպտեմբեր 16, 2010
