

ԱրմԻնֆո
Ուսանողական այգում սրճարանի կառուցմանը հավանություն տված Երևանի քաղաքապետարանի դեմ կոլեկտիվ հայցը սեպտեմբերի 16-ին կներկայացվի դատարան: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք մեր քաղաքաի տերը» խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Նրա ասելով՝ հայցի տակ ստորագրել է ավելի քան 100 մարդ, որոնց թվում են ուսանողներ և Ազգային գրադարանի ընթերցողներ, ինչպես նաև մտավորականության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ օգոստոսին Երևանի քաղաքապետարանի դեմ հայց էր ներկայացրել Transparency International կազմակերպությունը: Հայցի համար առիթ էր ծառայել այն, որ կազմակերպության հարցմամբ քաղաքապետարանն օրենքով նախատեսված ժամկետում չէր ներկայացրել Ուսանողական այգում սրճարանի կառուցմանն առնչվող փաստաթղթերը: Ինչպես սպասվում է, Transparency International-ի հայցով առաջին դատական նիստը կկայանա արդեն առաջիկա օրերին: Իսկ քանի դեռ հասարակական կազմակերպությունները փորձում են արդարության հասնել դատական ատյանների միջոցով, այգում սրճարանի շինարարությունը ողջ թափով շարունակվում է: Ուշագրավ է, որ հակառակ քաղաքապետարանի, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնական հայտարարություններին, շինարարության յուրաքանչյուր փուլից հետո բետոնի տակ են հայտնվում ավելի շատ կանաչ տարածքներ: Այդպիսով, բոլոր այն երդումները, թե ծառահատուներ չեն իրականացվի, ոչ ավելին էին, քան հեքիաթներ դյուրահավատների համար:
Սեպտեմբեր 16, 2010
