

Հրապարակ
Սյունիքի մարզպետարանի շենքի դիմաց տկված արծաթափայլ երկու եղեւնիները արմատներով հանվել են։ Ըստ բնապահպանության տեսչության Սյունիքի մարզային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, եղեւնիների աճը դադարել էր: Մարզի թիվ 1 բնապահպանի կարծիքով, եղեւնիների արմատներն արդեն ձգվում էին դեպի ընդերքի ջրային մասը, որն էլ խանգարում էր ծառերի աճին։ Եղեւնիները տեղափոխվել եւ տնկվել են «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի տարածքում։
Ըստ բնապահպանների, այստեղ ավելի նպաստավոր պայմաններ են ծառերի աճի համար։ Միաժամանակ մասնաճյուղի տնօրինությունը խոստացավ հետեւողական լինել, հոգալ եւ խնամել եղեւնիները։ Սակայն, իրականում 2 եղեւնիները հատվել են, որովհետեւ խանգարում էին մարզպետարանի նորոգված շենքի տեսքին: Ավելի անկախ բնապահպանները նշում են, որ արմատախիլ արված եղեւնիները դժվար թե աճեն: «Կարելի էր ավելի նուրբ հանել դրանք, բայց քանի որ դա ինչպես պատահել է՝ հանել են, դժվար թե արմատակալեն ու աճեն»,-նշում են անկախ բնապահպանները: Ի դեպ, այդ եղեւնիները 1996-ին տնկել է Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանը:
Սեպտեմբեր 28, 2010
