ԷկոԼուրի հարցումն ու Գյումրու համայնքապետարանի պատասխանը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների վերաբերյալ

ԷկոԼուրի հարցումն ու Գյումրու համայնքապետարանի պատասխանը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2023թ. մարտի 20-ին նամակով դիմել էր Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ պարզելու, թե «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել Գյումրիում: 

Հարցման մեջ նշված է.

«Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Գյուրիում իրականացվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ ՎԶԵԲ-ի կայքի, 21.9 միլիոն եվրո է, որից 14,6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ տրամադրել է ՎԶԵԲ-ը:

Ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի համաձայն՝ նախատեսվել են Գյումրու Երևանի մայրուղի, Գարեգին Նժդեհի պողոտա, Վազգեն Սարգսյանի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Սայաթ-Նովայի փողոց գլխավոր փողոցների, Ն.Ղորղանյան, Վարպետաց, Ջիվանու, Կոմիտասի, Գերցենի երկրորդային փողոցների, Մուշ II ճանապարհի, Ազնավուրի և Հայուհու հրապարակների վերանորոգման և էներգախնայող լամպերով լուսավորության արդիականացման, ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ, հետիոտնային մայթերի վերականգնման աշխատանքներ:

2021թ. դեկտեմբերի 9-ի 2017-Ն ՀՀ կառավարության որոշմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու նպատակով Գյումրու ընտրված փողոցների՝ ներառյալ հետիոտնային անցումների ցանցի և ջրահեռացման համակարգը վերակառուցման համար ՀՀ կառավարությունը տրամադրեց 948 միլիոն 312.8 հազար դրամ, իսկ 2022թ. նոյեմբերի 3-ի 1695-Ն որոշմամբ` 325 միլիոն 129 հազար դրամ, որից 275 միլիոն 697 հազարը դրամաշնորհ՝ ուղիղ վճարումներ կատարելու նպատակով և 49 միլիոն 433 հազար դրամը՝ որպես համաֆինանսավորում: Գումարները նախատեսված են շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման համար:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.

  • «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման փաստաթղթում նշված բոլոր փողոցները վերանորոգովե՞լ են, թե՞ կան փողոցներ, որոնց վերանորոգումն ու լուսավորության արդիականացման աշխատանքները շարունակվում են և ավելացե՞լ են նոր փողոցներ: Եթե դեռ կան վերանորոգվող փողոցներ, խնդրում ենք նշել դրանք:
  • ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով ի՞նչ շենք-շինություններ են վերանորոգվելու, ի՞նչ մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվելու և ի՞նչ նպատակով:
  • Որքանո՞վ են կրճատվել ջերմոցային գազերի արտանետումները «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի մեկնարկից ի վեր»:

ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ Գյումրու համայնքապետարանից 2023թ. մարտի 24-ին նամակով հայտնել են.

«- «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունում ներկայացված փողոցներում և հրապարակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Նշված փողոցների ու հրապարակների հիմնանորոգումն իրագործվել է Ծրագրի Ա Տրանշի շրջանակներում: Հիմնանորոգված բոլոր փողոցներում 2021թ. տեղադրվել են լուսադիոադային լուսատուներ, բացառությամբ Վարպետաց, Ջիվանու, Աբովյան և Ղորղանյան փողոցների, որտեղ ճարտարապետական տեսքին համահունչ տեղադրվել են դեկորատիվ հենասյուներ և լուսատուներ: Նորոգվել են նշված փողոցների ջրահեռացման համակարգերը և կատարվել է ճանապարհային կահավորում: 

- Հարցման մեջ նշված կառավարության որոշումների համաձայն տրամադրված միջոցներով իրականացվել են Գյումրու քաղաքի թվով 22 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգման աշխատանքները՝ Ծրագրի Բ Տրանշի երեք չափաբաժինների շրջանակներում, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Առաջին երկու չափաբաժիններով հիմնանորոգվել են Դաշտենց, Սունդուկյան, Աթարբեկյան, Մատնիշյան, Մազմանյան (Գորկու փողոցից մինչև Տերյան), Մազմանյան (Տերյան փողոցից մինչև առաջին գերազմանատուն), Թումանյան, Պուշկին, Մյասնիկյան, Մայակովսկի, Օզանյան, Տեր-Գաբրիելյան փողոցները, Կարսի խճուղին, Կարսի խճուղու առաջին նրբանցքը, Երևանյան խճուղու Այգաբաց 4-րդ շարքը, իսկ երրորդ չափաբաժնով՝ Կայարանամերձ հրապարակը, Արագած թաղամասի մեկ փողոց, Մուսայելյան, Ռուսթավելի, Շինարարների, Տիմիրզայեև փողոցները, Ե/Գ բանավան տանող Գարեգին Ա փողոցը մինչև մանկապարտեզ և Շարա Տալյան փողոցի միջնամասը: Նշված բոլոր փողոցներում և հրապարակում արդիականացվել է փողոցային լուսավորության համակարգը: Նորոգվել կամ լիովին փոխարինվել են նշված փողոցների ջրահեռացման համակարգերը, կատարվել է ճանապարհային կահավորում: 

- Ծրագրի շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների ծավալների նվազեցման գնահատում նախատեսված չէ»: 

Ապրիլ 04, 2023 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր