Ուժեղ հաղորդակցություն, ուժեղ համայնքներ․ «Քաղաքապետերի դաշնագիրը» զարգացնում է համայնքապետարանների կարողությունները

Ուժեղ հաղորդակցություն, ուժեղ համայնքներ․ «Քաղաքապետերի դաշնագիրը» զարգացնում է համայնքապետարանների կարողությունները

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Երևանում անցկացրեց «Դաշնագրին անդամակցող համայնքների հաղորդակցության դերի ամրապնդում» թեմայով ուսուցողական սեմինար։

Սեմինարին մասնակցեցին Երևանի, Փարաքարի, Ակունքի, Ապարանի, Արթիկի, Գավառի, Գյումրու, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Տաշիրի, Վանաձորի, Վայքի, Ալավերդու, Իջևանի, Մարտունու, Սևանի, Մասիսի, Աբովյանի համայնքապետարանների հաղորդակցության մասնագետները։

«Դուք պետք է ապահովեք համայնքապետարանների գործունեության թափանցիկությունը։ Պետք է ուժեղացնեք հաղորդակցությունը տեղական իշխանության և բնակչության միջև։ Դա կնպաստի բնակչի մասնակցությանը համայնքի խնդիրների լուծման գործընթացում», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

«Այսօր կա խնդիր օգտվելու նոր տեղեկատվական խողովակներից։ «Քաղաքապետերի դաշնագրի» կողմից   այս թեմային անդրադառնալը հավելյալ արժեք է ստեղծում, և համայնքը պետք է պատրաստ լինի իր արդյունքները ներկայացնել», - ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի տեղական գործողությունների» Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած առաջին և խոշորագույն համայնքահեն շարժումն է։ Այն աջակցում է տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք կամավոր հանձն են առնում նպաստել կայուն էներգետիկ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտում Եվրոպական միության նպատակների իրականացմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ներկայում Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որից 15-ն ունեն ակտիվ, 15-ը՝ կասեցված կարգավիճակ։

13 համայնք արդեն մշակել է իր «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը», որը Դաշնագրի պարտադիր պայմանն է։ Եվս 5 գործողությունների ծրագիր մշակման փուլում է։

«Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրն» այն հիմնական գործիքն է, որը սահմանում է, թե ինչպես է համայնքն ապահովելու իր հանձնառությունների կատարումը՝  նվազեցնել CO2 արտանետումներն առնվազն 30%-ով մինչև 2030 թվականը։

«Գործողությունների ծրագրի որոշ բաժիններ առնչվում են այն ոլորտներին, որտեղ տարածքային ինքնակառավարման մարմիններն անմիջական ազդեցության լծակներ չունեն։ Այս տեսանկյունից շատ կարևոր է հաղորդակցությունը, որովհետև  թույլ է  տալիս ներգրավել բոլոր կողմերին», - նշեց Արտեմ Խարազյանը։

ԷկոԼուրի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հաղորդակցության մեջ՝ նշելով, որ ԷկոԼուրն ունի փորձ աշխատելու շուրջ 270 գյուղերում և քաղաքներում։

«Քաղհասարակության հիմնական գործառույթը մարդկանց մտածողությունը փոխելն է՝ մարդ և բնություն ներդաշնակ փոխհարաբերությունների կառուցման նպատակով: Այստեղ հաղորդակցության ռազմավարության խնդիրներն են սահմանել լսարանների հետ հաղորդակցության հիմնական հարթակներն ու գործիքները, համագործակցել ԶԼՄ-երի հետ, ապահովել բազմազանություն և բազմակարծություն, խրախուսել ակտիվ մարդկանց համայնքներում», - ասաց Ինգա Զարաֆյանը։ Նա նշեց միջազգային համագործակցության կարևորությունը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման հարցում, հատկապես կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտներում։

Մոնիկա Երիցյանը ներկայացրեց կլիմայի և էներգետիկայի ոլորտների լուսաբանման առանձնահատկությունները։

«Հայաստանը համարվում է խոցելի երկիր կլիմայի փոփոխության նկատմամբ։  Այս առումով կարևոր է խոսել կլիմայական արդարության մասին։ Մենք աշխատում ենք համայնքների հետ, փորձում ենք իրենց ձայնը լսելի դարձնել, հանրայնացնել, որպեսզի  նրանք լինեն որոշումների կայացման գործընթացի լիարժեք մասնակից։ Կլիմայի փոփոխության մասին հաղորդակցվելով՝ մենք իրազեկում և մոբիլիզացնում ենք հասարակությանը՝ կլիմայական ճգնաժամին դիմակայելու գործում, որտեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր դերը։ Մենք պետք է լինենք այն տեղեկատվական աղբյուրը, որին ընթերցողը կվստահի և կհավատա», - ասաց Մոնիկա Երիցյանը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը նշեց, որ համայնքապետարաններն ունեն խնդիր՝ կապված հաղորդակցության մասնագետների հետ։ «Բնակիչները պետք է իրազեկված լինեն, թե ինչ օգուտներ կունենա համայնքը, եթե միանա «Քաղաքապետերի դաշնագրին», - ասաց նա։

Տաթևիկ Հարությունյանը նշեց, որ Դաշնագիրն աջակցում է կայուն էներգետիկ քաղաքականությունների իրականացման հարցում՝ բարելավելով էներգամատակարարման անվտանգությունը և աջակցում համայնքներին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում:

«SPRING PR» ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նոնա Մելքոնյանը նշեց՝ հանրային կապերը՝ վստահության մասին է։

 

«Ցանկացած երկրում PR-ը սկսում է զարգանալ այն պահից, երբ պետությունը հասկանում է, որ պատրաստ է գնալ երկխոսության քաղաքացիների հետ։ Հաղորդակցությունը հարաբերվելու գործընթաց է, և այն պետք է լինի անընդհատ», - ասաց Նոնա Մելքոնյանը։

Կիբերանվտանգության վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց թվային աշխարհում անվտանգ հաղորդակցության սկզբունքները, նաև ինչպես ստեղծել բրենդ սոցիալական մեդիայում։

«Դաշնագրին անդամակցող համայնքների հաղորդակցության դերի ամրապնդում» սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի համայնքների միության կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում։

Լուսանկարները՝ Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 26, 2023 at 11:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր