Ծաղկաձոր համայնքի ավագանին դեմ քվեարկեց Հանքավանում մոլիբդենի հանքավայրի շահագործմանը

Ծաղկաձոր համայնքի ավագանին դեմ քվեարկեց Հանքավանում մոլիբդենի հանքավայրի շահագործմանը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին ս․թ․ նոյեմբերի 29-ի նիստում դեմ քվեարկեց Հանքավան բնակավայրի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացմանը։ Ավագանու անդամներից 5-ը դեմ քվեարկեց, 3-ը՝ ձեռնպահ, կողմ՝ 0 ձայն։

Հանքավայրը շահագործելու նախաձեռնությունը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ինն է, ով շահագործում է Մեղրաձորի ոսկու հանքավայրը։ Նիստի ժամանակ տեղի բնակիչները նշեցին, որ մոլիբդենի հանքավայրի շահագործումը ռիսկեր է պարունակում համայնքի բոլոր բնակավայրերի համար, որոնք հանդիսանում են Հայաստանի առողջարանային գոտիներ՝ հարուստ հանքային ջրերով։

Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում։ Մասնակիցներից մեկը հայտարարեց. «Հանքը բացելուց հետո քանի մարդ կգնա՞, էդ ջրերում կլողանա՞: Ասում էին, թե 12 կմ հեռու է լինելու հանքը գյուղից: Հիմա գուցե 1․6 կմ լինի»:

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը նշեց. «Մեր աչքի առաջ է Ջերմուկի Ամուլսարի պատմությունը: Վկայակոչում եք, թե պետական մարմինները կորոշեն, պետական լիազոր մարմիններն այդ պահին մի հատ սխալ են գործել, ողջ ՀՀ-ն ընկել է փոսը: Ջերմուկում հանքի շահագործումը Հայաստանի մեջքը կոտրելու նման է, չենք կարողանում դուրս գալ այդ իրավիճակից: Դրա համար մենք հիմա նախընտրում ենք, ուզում ենք այս փուլում հասկացնենք, իրար հասկանանք ու այս փուլում կասեցնենք այս գործը: Որքան բացասական բաներ կարող են լինել այդ ձորում հանքի շահագործումից: Մենք այնտեղ ունենք կայացած հյուրանոցներ, ջրի գործարան միլիոնավոր ներդրումներով»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը քննարկումն առարկայազուրկ անվանեց. «Դուք ավագանուն ներկայացրե՞լ եք ձեր ծրագիրը: Մենք պարտավոր ենք այդ ծրագիրն ունենալ և այսօր քննարկել: Պետք է լինի փաստաթուղթ: Մարդիկ պետք է նախօրոք ծանոթանան, որ կարծիք հայտնեն: Մի հատ թուղթ չկա, որ իմանանք, թե ինչ հանք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Դեկտեմբեր 03, 2024 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր