Ապարան համայնքի Երնջատափ և Շողակն բնակավայրերի բնակիչները մերժեցին «Նորթ Ինվեստ» ՍՊԸ-ի՝ ցեմենտի արտադրամաս հիմնելու նախաձեռնությունը

Ապարան համայնքի Երնջատափ և Շողակն բնակավայրերի բնակիչները մերժեցին «Նորթ Ինվեստ» ՍՊԸ-ի՝ ցեմենտի արտադրամաս հիմնելու նախաձեռնությունը

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ և Շողակն բնակավայրում այսօր անցկացվել են հանրային լսումներ, որոնք նախաձեռնել է «Նորթ Ինվեստ» ՍՊԸ-ն՝ ցեմենտի արտադրամաս հիմնելու համար ազդակիր համայնքներից համաձայնություն ստանալու նպատակով։

Տեղի բնակիչները մերժեցին ընկերությանը՝ նշելով, որ Ապարան համայնքում զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում՝ էկոզբոսաշրջությունը, նախատեսվում է խոշոր ենթակառուցվածքի կառուցում, համայնքի բնակավայրերը մտադիր են վերածվել հանգստի գոտիների, իսկ դրա համար անհրաժեշտ է պահել մաքուր բնությունը։

Նախատեսվող արտադրամասի տարածքը, ըստ բնակիչների, անմիջապես արոտավայրերի ու ցանքսերի կողքին է։

Երնջատափի բնակիչները ստորագրահավաք էին անցկացրել մինչ լսումները, որին միացել է 169 «դեմ» բնակիչ։

Երնջատափի վարչական ղեկավար Հրաչյա Սահրադյանը նշեց, որ ինքն էլ իր հերթին կողմ է բնակիչների պահանջին։

Ստորագրահավաքը հանձնվեց  Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանին։

Նշենք, որ ըստ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նորթ Ինվեստ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2016 թվականին։ 2023 թվականի՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում ընկերության անվանումն այլ է՝ «ԱՐԵԳ ՊԼՅՈՒՍ»։ 2025 թվականի հայտարարագրում նշված է  «Նորթ Ինվեստ»։ Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վահան Աստեյանն է։

Երնջատափի հանրային լսումները՝ Էկոլուրի տեսանյութում



Սեպտեմբեր 25, 2025 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր