

Lragir.am
Ինչպես գիտեք, գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հացադուլ էր հայտարարել՝ պայմանով, որ եթե կառուցվող Դելֆինարիումի շենքը չքանդվի, ինքը չի դադարեցնի հացադուլը։ Սակայն ընդամենը 37 ժամ տեւեց հացադուլը, քանի որ, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իր մոտ է գնացել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իրեն խաբել է։
Բանն այն է, որ Հասմիկ Պողոսյանը փոխանցել է, որ խնդրի կապակցությամբ ինքը զրուցել է Սերժ Սարգսյանի հետ։ Պարզվել է՝ վերջինս նույնպես մտահոգ է եղել խնդրով։ Այգին պետք է համարվի պատմամշակութային հուշարձան, 30 ծառուղի, այնտեղ պետք է կենտրոնանա մեր հոգեւոր մշակութային կյանքը։
Իսկ հացադուլը կարճ է տեւել, որովհետեւ երիտասարդական բնապահպանական նախաձեռնությունները, ըստ Վահրամ Թաթիկյանի, իրեն չեն աջակցել. «Եթե նրանք մտահոգ էին դելֆինների կյանքի համար, թող գային, դելֆինների համար իրենց կռիվը շարունակեին, ես էլ իրենց կսատարեի։ Այս ինտերնետը, Ֆեյսբուքը կրակն ենք ընկել, այդտեղ հեղափոխություն են անում, բայց երբ պետք է ռեալ կերպով պայքարեն, չկան», ասել է Վահրամ Թաթիկյանը, նաեւ կոչ արել երիտասարդներին իրոք պայքարել։ Նա ասել է, որ չի չտեսել «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությանը, մի քանի անգամ Թեղուտի նախաձեռնող խումբն է եկել։ Իրեն համեմատելով փուխր աղջկա հետ, հրապարակախոսը նշել է, որ չի կարելի ամեն բան թողնել փուխր աղջկա վրա եւ քաշվել մի կողմ, ինքը սկսում է մի ավելի հետաքրքիր շարժում, որը բաղկացած է տասը հարցից։
Lragir.am-ի այն հարցին ի պատասխան, թե նախորդ ասուլիսին հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչեւ չդադարեցնեն եւ չսկսեն քանդել ապագա դելֆինարիումի շենքը, Թաթիկյանն ասել է, որ հիշում է, որ նման բան է ասել, կոկրետ պատասխան չի տվել, պարզապես ասել է, որ իրեն նախաձեռնությունները չաջակցեցին։
Մեր այն հարցին, որ խոսակցություններ են պտտվում, որ Վահրամ Թաթիկյանը գնաց կոմպրոմիսի, քանի որ իրեն խոստացել են իր գիրքը տպագրել, պատասխանել է, որ Սերժ Սագսյանը դեռ այդ քառահատոր գիրքը խոստացել էր ֆինանսավորել պաշտպանության նախարար եղած ժամանակ, եւ հիմա գիրքն ընթացքի մեջ է։
ԿԱՌՈՒՑԵՔ, ԲԱՅՑ ՊԱՐՍՊԻ ՆԵՐՍՈՒՄ
Հրապարակ, Սոնա Հարությունյան
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Դելֆինարիում կառուցել-չկառուցելու հարցը դեռ շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը հոկտեմբերի 20-ին անժամկետ հացադուլ էր սկսել՝ պահանջելով դադարեցնել Կոմիտասի այգում Դելֆինարիումի կառուցումը եւ այդ տեղում եկեղեցի հիմնել: Սակայն մեկ օր անց, հանդիպելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Թաթիկյանը հայտարարեց, որ իր պահանջները 100 տոկոսով բավարարվել են, եւ դադարեցրեց հացադուլը: Թաթիկյանի ասելով, նախարարն իր մոտ՝ Պանթեոն եկել էր Սերժ Սարգսյանի հորդորով եւ փոխանցել էր, որ նախագահն ընդունել է Թաթիկյանի առաջարկը. Դելֆինարիումն այլեւս չի կառուցվի:
Սակայն հոկտեմբերի 27-ին մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է. «Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես եւ ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ, եւ այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:
Հաղորդագրությունում հստակ ասվում է, որ Դելֆինարիումը պետք է կառուցվի. այն ոչնչով չի խաթարի այգին: Վահրամ Թաթիկյանին խնդրեցինք մեկնաբանել մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունը: Նա դեռ չէր հասցրել ծանոթանալ հաղորդագրության բովանդակությանը, սակայն ասաց. «Ես ոչ մի բան հենց այնպես, պատահական չեմ անում: Անթել հեռախոս է ստացվում: Նախագահը դիմել է Հասմիկ Պողոսյանին, նա էլ քաղաքապետարա՞ն: Ես, լավ իմանալով մեր քաղաքապետի բարոյական մակարդակը, շատ լավ գիտեմ, թե ինչի կվերածվի այգին Դելֆինարիումի կառուցումից հետո: Ես քաղաքապետարանի հետ ոչ մի գործ չունեմ: Քանի որ նախագահն ինքն է ասել, որ իմ պրոյեկտն անձամբ ընդունում է եւ Կոմիտասի այգուն կից պետք է պատմամշակութային համալիր կառուցվի, միայն այդ պատճառով եմ դադարեցրել հացադուլը: Հիմա, փաստորեն, դրժո՞ւմ են մեր պայմանավորվածությունը»:
«Դելֆինարիումն ամեն դեպքում կառուցվելու է, ո՞րը կլինի Ձեր հաջորդ քայլը» հարցին Թաթիկյանը պատասխանեց. «Հաջորդ քայլը կլինի այն, որ եթե Դելֆինարիումը կառուցողները, քաղաքապետարանը չսահմանափակվեն արդեն պարսպապատված տարածքով եւ իրենց ձեռքերն այդ տարածքից դուրս հանեն, ապա ես կգնամ հաջորդ քայլին, կընտրվի պայքարի նոր փուլ. ես իմ փոխզիջումը հետ կվերցնեմ, կպահանջեմ ապամոնտաժել Դելֆինարիումը եւ կդիմեմ աշխարհի բոլոր էկոլոգիական կազմակերպություններին: Այսինքն իմ պայքարը կմտնի ավելի ակտիվ փուլ: Ես պատրաստ եմ գնալ ընդհուպ մինչեւ ցմահ հացադուլի եւ ջրադուլի»:
Մեզ անհասկանալի մնաց, թե ի՞նչ տարբերություն՝ Դելֆինարիումը պարսպի մե՞ջ են կառուցում, թե՞ առանց պարսպի: Ի՞նչ է փոխվում դրանից, եթե Պանթեոնի մի հատված պարսպապատում են ու ներսում ինչ-որ բան կառուցում: Մյուս կողմից՝ երբ Թաթիկյանը խոսում է «պայմանավորվածությունը դրժելու» մասին, ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ Սերժ Սարգսյանն ու Հասմիկ Պողոսյանը նրա հետ պայմանագի՞ր են կնքել, ձեռքն Աստվածաշնչի վրա դրած երդվե՞լ, մի քանի մարդու ներկայությամբ խոստո՞ւմ են տվել, եւ այդ մարդիկ հիմա կարող են դրա մասին վկայել: Վերջապես, Դելֆինարիումի կառուցման հարցը հացադուլի պատճառ դարձրած եւ մեկ օր սոված մնալուց հետո այն դադարեցրած երգահանն ի՞նչ ունի դելֆինների դեմ եւ ինչո՞ւ է վարկաբեկում պայքարի այս ազնիվ մեթոդը:
Նոյեմբեր 02, 2010
