ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

ԱրմԻնֆո

Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիայի կառուցման դեմ հանդես է եկել Armenian Environment Network կազմակերպությունը /ԱՄՆ/:

«Այդ հարցում Հայաստանը պետք է ճիշտ որոշում կայացնի և միանա այն երկրներին, որոնք հանդես են գալիս դելֆինների շահագործման դեմ»,- նոյեմբերի 26-ին մամլո ասուլիսի ժամանակ նշել է AEN գործադիր տնօրեն Սերդա Էոզբենյանը:

Նրա խոսքով, վերջերս միջազգային հանրության ճնշման ներքո դելֆինարիա փակվեց Թուրքիայում:

«Միացյալ Նահանգներում նույնպես անընդունելի են համարում դելֆինների բազմացումը`դրանց հետագա շահագործման նպատակով: Կարծում ենք, որ հանրապետության կլիման /շոգ ամառ և ցուրտ աշուն/ կարող է բացասաբար անդրադառնալ դելֆինների առողջության վրա»,- հայտարարել է նա:

Ինչպես հիշեցրել է Էոզբենյանը, www.thepetitionsite.com կայքում զետեղված հանրագրի ներքո Երևանում դելֆինարիայի կառուցման դեմ իրենց ստորագրություններն են դրել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1200 մարդ:

«Մեզ աջակցում են նաև 50 միջազգային և հայկական կազմակերպություններ»,- հաղորդել է նա:

«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ՀՀ Բնապահպանության նախարարությունը մինչ այժմ քննարկում է դելֆինարիայի համար հանրապետություն ծովային կենդանիներ բերելու թույլտվության հարցը:

«Հետաքրքիր է, որ այդ առնչությամբ նախարարությունը դեռ իր խոսքը չի ասել, սակայն Կոմիտասի անվան զբոսայգում արդեն դելֆինարիայի կառուցման շինարարական աշխատանքներ են ծավալվել»,- նշել է նա:

Սաֆարյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ «Ժառանգության» հարցմանը ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն, պահպանության գոտի է հանդիսանում միայն զբոսայգու մի մասը, որտեղ գտնվում է Պանթեոնը: Այդպիսով`Պանթեոնի դիմաց զվարճալիքների համալիրի կառուցման հարցը Մշակույթի նախարարության իրավասության տակ չի գտնվում:

«Պետությունը պետք է հրաժարվի դելֆինարիայի կառուցուման գաղափարից»,- ընդգծել է Սաֆարյանը:

Միաժամանակ ՀՀ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը բացասական գնահատական է տվել դելֆինարիայի շուրջ բարձրացված աղմուկին:

«Բոլորը խոսում են այն մասին, թե դելֆինները դելֆինարիայի պայմաններում չեն ապրի: Բայց ես համաձայն չեմ դրան, քանի որ այդ դեպքում ինչ իմաստ ունի այդ նախագծում միլիոններ ներդնելը: Դեռ նշում են, որ դելֆինները բարձր ինտելեկտ ունեն: Կապիկների ինտելեկտն էլ ավելի բարձր է: Եվ ինչ`արգելենք նրանց ելույթ ունենալ կրկեսու՞մ»,- նշել է նա:

ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆԸ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Tert.am


Հայաստանյան և միջազգային 50 բնապահպանական հասարակական կազմակերպություններ համախմբվել են Կոմիտասի անվան պանթեոնին կից դելֆինարիումի կառուցման դեմ։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց «Էկոդար» բնապահպանական հկ-ի նախագահ Հրայր Սավզյանը, հկ–ները պատրաստվում են համապատասխան նամակով դիմել Սերժ Սարգսյանին, վարչապետին, քաղաքապետին և բնապահպանության նախարարին։

«Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել դելֆինարիումի կառուցումը։ Դելֆինների բանտարկումն անմարդկային արարք է։ Մենք դեմ ենք դելֆինների ազատազրկմանը»,– ասաց նա՝ ընթերցելով նամակի տեքստը։

Սավզյանը նշեց, որ Ուկրաինայից Երևան պետք է բերվեն 4 շշաքիթ դելֆին, որոնք այդ երկրում ոչնչացման եզրին են։ Իսկ դելֆինարիումի կառուցապատում իրականացնում է հավատ չներշնչող ուկրաինական մի կազմակերպություն։

Բնապահպանը հավելեց, որ ոչ բնական պայմաններում դելֆինները սթրես ապրելով կարող են դրսևորել ագրեսիվ պահվածք ինչպես մյուս կաթնասուների, այնպես էլ մարդկանց նկատմամբ։

«Հայաստանի կլիման դելֆիններին չի համապատասխանում՝ մեզ մոտ շոգ ամառ է, և չոր ձմեռ։ Մեր երկրում նրանց համար անհրաժեշտ պայմաններ հնարավոր չէ ստեղծել»,– ասաց նա։

Սավզյանը նկատեց, որ զվարճանքի նմանատիպ վայրերն արգելված են մի շարք երկրներում՝ Չիլիում, Կիպրոսում, Խորվաթիայում։ «Միջազգային հանրության կողմից մեր երկիրը կարող է արժանանալ բացասական գնահատականի»,– ասաց նա։

Բնապահպանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում քաղաքի բնապահպանական խնդիրների վրա։ «Փոխարենը քաղաքը գեղեցկացնում են հոլանդական ծաղիկներով, ցույց են տալիս, թե ինչպես է վարչապետը աղբ հավաքում Հրազդանի կիրճում, հիմա էլ դելֆինարիա են կառուցում՝ խնդիրներից շեղելու համար», – ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանը «մի նոր զվարճալիք է նվիրում հասարակությանը»։

Նշենք, որ այս հարցում բնապահպաններին աջակցում է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ նամակներ են ուղարկվել մշակույթի, քաղաքաշինության և բնապահպանության նախարարներին։ «Նախարարներին ես խորհուրդ կտայի նամակը ստորագրելուց առաջ մանրակրկիտ ծանոթանալ բովանդակությանը»,– ասաց նա։

Ըստ Սաֆարյանի՝ մշակույթի նախարարի պատասխանից ստացվում է, որ Պանթեոնի տարածքը բաժանված է երկու մասի՝ պահպանվող և ոչ պահպանվող։ «Նախարարը նամակի մեջ նշում է, որ Պանթեոնի տարածքը պետք է ընդլայնվի, սակայն ինչի՞ հաշվին։ Այդ տարածքում աճյուններ են հողարկավորված, և այդ տարածքի և շենքերի կամ այլ կառույցների միջև պետք է լինի սանիտարական գոտի»,– ասաց պատգամավորը։

Սաֆարյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ բնապահպանության նախարարությունը դեռ չի ներկայացրել իր եզրակացությունը, քանի որ փորձաքննություն դեռ չի անցկացվել։ «Սակայն դելֆինարիայի կառուցումը կատարվում է, իսկ ի՞նչ հիմքերի վրա»,– հարցադրում արեց նա։

Սաֆարյանը նաև նշեց, որ չի ցանկանում քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել բնապահպանական խնդիրների հաշվին՝ հավելելով, որ կառուցապատողը և երկրի ղեկավարությունը պետք է հրաժարվեն այս նախագծից։

Նոյեմբեր 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր