Aysor.am
Շաբաթ օրը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը` «Վիշապի կոթողներ» այգու հարցով ու օրենքով սահմանված կարգով` ընթացք տվել դրան: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նամակով օմբութսմենը դատախազությունից խնդրել է պատասխանել 2 հարցի`
1. Ովքե՞ր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած և առանձնացրած հողամասերի օտարման համար
2. Ովքե՞ր են տվյալ տարածքում տվել և համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):
«Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար»,- գրված է դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ Նոր Նորք թաղամասի Գայի 19/71 հասցեում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում «ԿԱԷՌ - Քնսթրաքշն» ՍՊԸ-ն 18 հարկանի բազմաբնակելի շենք է կառուցում: ՀՀ բնապահպանության նախարարի և մի խումբ պատգամավորների միջամտությամբ նոյեմբերի 24-ին գործընթացը դադարեցվել է՝ մինչև ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:
Ի դեպ, Համաձայն «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ օտարման ենթակա չեն ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի պետական սեփականություն համարվող որոշակի տարածքներ: Իսկ ըստ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած և առանձնացված տարածքում:
Դեկտեմբեր 01, 2010
