

ԱրմԻնֆո
«Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամները ամփոփեցին անցնող տարվա արդյունքները: 2010թ. առաջին աղմկահարույց իրադարձությունը, որը սկիզբ դրեց խմբի ստեղծման համար, Ուսանողական այգում սրճարանի կառուցումն էր: Չնայած բողոքի բազմաթիվ ակցիաներին, քաղաքապետին ու ՀՀ նախագահին ուղղված նամակներին, հարցն այդպես էլ չլուծվեց:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ
Aysor.am
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ համագործակցության կոչ անելով ու խնդրելով հանդիպում կազմակերպել ակտիվիստ բնապահպանների հետ, սակայան դեռևս պատասխան չեն ստացել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության խմբի անդամ Գայանե Մելքոմյանը:
Կենտրոնանալով քաղաքի այգիներում և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունների խնդրի վրա՝ նախաձեռնության անդամները կարևորեցին հասարակության ակտիվությունն ու խնդրահարույց տարածքում՝ այգիներում, շենքերի բակերում բնակիչների բողոքի ձայնի բարձրացումը, ինչի շնորհիվ մեծամասամբ, գոնե ժամանակավոր, դադարեցվում են ընթացող շինարարությունները:
«Մենք ոչ միայն դեմ ենք ծառահատումներին ու շինարարությանը, այլև դեմ ենք, որ դրանք կորցնեն իրենց իսկական նշանակությունը»,- մասնավորեցրեց նախաձեռնության անդամ Արթուր Աֆտանդիլյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության խմբի անդամ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Սոնա Այվազյանն էլ հավելեց, որ «հանրային գույքը օգտագործվում է մասնավորի կողմից պետական մարմնի թողտվությամբ, իսկ այդ մասին տեղեկատվությունը ոչ թափանցիկ է:
Նա նշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը տեղեկատվության ազատությունը սահմանափակող մի քանի հայցերով դիմել է դատարան, սակայն դեռ շոշափելի արդյունք չկա:
«Երևանի քաղաքացին չի կարող տեղեկություն ստանալ այգիների սեփականատերերի ու դրանց օգտագործման հետ կապված, ինչը մեր իրավունքի խախտում է, իսկ Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալու համար տասնյակ հազարավոր դոլարներ են պետք»,- ասաց Ս.Այվազյանը:
Նրա խոսքով՝ չնայած հայցի բովանդակությունը դեռևս հստակ չէ, իրենք պատրաստվում են դատի տալ նաև Կադաստրի պետական կոմիտեին՝ տրամադրվելիք ինֆորմացիայի համար նախատեսված պետականորեն սահմանված գների հետ կապված, քանի որ, ըստ բանախոսի, օրինակ, մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքի քարտեզի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 6500 դրամ, իսկ Ծիծեռնակաբերդի կամ Օղակաձև զբոսայգու տարածքի ուրվագծային քարտեզներն ավելի թանկ արժեն:
Դեկտեմբեր 28, 2010
