

ԱրմԻնֆո
«Նեմո» դելֆինարիումի հարցում հայ էկոլոգները մտադիր են համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, այս տարի Ադրբեջանում բացվել է դելֆինարիում, որի հետևում, ինչպես և «Նեմոյի» պարագայում, կանգնած է ուկրաինական «Ներում» ընկերությունը: «Մենք ցանկանում ենք կապվել Ադրբեջանի էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների հետ և իմանալ նրանց դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ: Մեզ նաև հետաքրքրում է, թե արդյոք այդ դելֆինարիումը բացվել է օրինական հիմունքով, և ով է համաձայնություն տվել դրան», - ասել է Ադամյանը: Նա նշել է, որ չնայած Կասպից ծովի առկայությանը, ոչ մի դելֆին չի կարող երկար ապրել այնտեղ` ծովի ջրում նավթամթերքի մեծ պարունակության առնչությամբ: «Այստեղից` եզրակացություն, որ դելֆինները պահվելու են նույնպիսի ջրավազանում, ինչպես Երևանում», - ասել է Ադամյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը մտադիր է դատի տալ «Ներում» ընկերությանը, ընդ որում, գործընթացում կներգրավվեն նաև «Նեմո» դելֆինարիումի շինարարությանն առնչված անձինք: «Այժմ մենք հավաքում ենք անհրաժեշտ նյութերը, անցկացնում մանրակրկիտ հետաքննություն: Մեր տեղեկությունների համաձայն,«Նեմո» դելֆինարիումի համար դելֆիններ են գնել Ճապոնիայում` մեկ դելֆինի դիմաց 35 հազար եվրոյով: Տեղեկություններ կան, ճիշտ է, չգիտեմ, թե դրանք որքանով ճշմարիտ են, որ Երևանում արդեն մեկ դելֆին սատկել է», - հաղորդել է նա:
Փետրվար 09, 2011
