ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ

ԷկոԼուր-«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննության» բաժնից ստացել է Վիշապների պուրակում բարձրահարկի շինարարություն անցկացնելու մասին  իբր տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը: Պատահական ընտրանքով ստուգելով այն` նախաձեռնության կամավորները պարզել են, որ արձանագրությունները լի են կեղծված ստորագրություններով: Ընդ որում, դրանք ներառում են հիմնականում Վիշապների պուրակից հեռու գտնվող Երևանի շրջանների բնակիչներին, որոնց մեծ մասը տեղեկություն չունի Վիշապների պուրակի մասին:

Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցությամբ ակնհայտ կեղծիք է իրականացվել: Իրականում լսումներ տեղի չեն ունեցել: Եվ այս կեղծված փաստաթուղթը պետք է հիմք ծառայեր դրական եզրակացություն տալու համար: Կից շենքերի բնակիչներին նախապես հայտնել էին, թե լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 18­ին: Այդ օրը հավաքված բնակիչները ստորագրահավաքով դեմ արտահայտվեցին որևէ շինարարության իրենց այգում: ՀՀ բնապահպանական գերատեսչության ներկայացուցիչները չներկայացան:

Ըստ ի հայտ եկած 55­էջանոց կեղծված փաստաթղթի «դեկտեմբերի 8­ին ինչ որ հասցեում հանրային լսումներ են տեղի ունեցել, որին մասնակցել են Երևանի բոլոր ծայրամասերի բնակիչները»: Մեր կողմից բնակարաններ այցելությունների ժամանակ հայտնաբերվել են հետևյալ կեղծիքները.

-լսումների փոխարեն իրականացվել է ստորագրահավաք ծանոթների շրջանում,

-մեծ քանակությամբ ստորագրություններ կեղծվել են, նշված անձինք ընդհանրապես տեղյակ չեն եղել խնդրի մասին,
­

-հարցվածների զգալի մասը սեփական ստորագրությամբ հաստատել է, որ չի մասնակցել լսումներին և իր ստորագրությունը կեղծված է,
­
-ստորագրողների մի մասին ասվել է, որ նախատեսվում է խաղահրապարակ կառուցել,
­ բազմաթիվ են եղել անչափահաս երեխաների ստորագրությունների փաստերը,
­
-կեղծված ստորագրություններով փաստաթղթում նշված է նաև լսումներին ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, իսկ ստորագրողներն ըստ այդմ «չեն առարկում պուրակում բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների սկսվելուն»:

Ամփոփելով արձանագրենք, որ այս կեղծիքի դեպքում խոսքը գնում է լուրջ իրավախախտման մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում: Բացի այդ, միջադեպը նոր հարցականներ է առաջ բերում Հայաստանում ընդհանրապես շրջակա միջավայրին վերաբերվող հանրային լսումների իրականացման արժանահավատության և դրանցում պետական մարմինների պատասխանատուների ու կառուցապատողների շահերի կասկածելի միահյուսման ու հանցավոր չարաշահման շուրջ:

Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել նոյեմբերին պատասխանատու ղեկավարների այգի կատարած այցելությունից և համապատասխան խոստումներից հետո:

Հիշեցնենք, որ Նոր Նորք թաղամասում Գայի պող. Հ. 19/71 հասցեով գտնվող «Վիշապի կոթողներ» այգում 1800 մակերեսով հողամասում ակնհայտ ապօրինի սեփականաշնորհման և շինարարության փաստաթղթեր են տրվել, ինչի արդյունքում բնակիչները ստիպված եղան սեփական ուժերով տեր կանգնել այգուն և ծառատունկ կազմակերպել: Այստեղ տրակտորի տակ էին հայտնվել 4000-ամյա վիշապաքարեր: 

Բացահայտվածը ՀՀ շահագրգիռ քաղաքացիների հետևողական գործելակերպի արդյունքն է և լուռ համաձայնության դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող էր մոտ ապագայում կայացած համարել լսումները և բնակիչների կամքին հակառակ դրական եզրակացություն տալ հանրային այգում բարձրահարկի շինարարությանը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շարունակելու է ուշադիր հետևել նման երևույթներին և այս փաստի առթիվ ունեցած նյութերը կփոխանցի իրավապահ մարմիններին:

Մարտ 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր