ՔՆՆԱՐԿՎԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

ԷկոԼուր- Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպության մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզի հետ հանդիպման ժամանակ:

Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման արդյունավետության հետ կապված իր մոտեցումները, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք մայրաքաղաքում առաջնային կանոնակարգման խնդիր ունեն: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման հարցում քաղաքապետը կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Արնե Գուզը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` մասնավորապես քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում:  

«Մենք շատ ենք կարևորում պետություն - մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը: Քաղաքային տնտեսության ոլորտներ կան, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում:  Ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները»,- նշել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ այդպիսով քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին:

Վարկային և ներդրումային ծրագրեր ներգրավելու շրջանակում, քաղաքապետն ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման հարցին:

Իր հերթին հյուրը նշել է, որ առաջիկայում Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպությունը կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ: 

Մարտ 16, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր