ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել  «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: ՀԿ-ները դատարանից պահանջում էին  ՀՀ բնապահպանության նախարարությանը  պարտավորեցնել` Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել:    Դատարանը պատճառաբանել է. «Հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ այն մասին, որ առկա է պատասխանողի կողմից հայցվող գործողության չկատարելու փաստ, ինչը նշանակում է, որ հայցադիմումը չի բովանդակում այն փաստերը, որոնց վրա հիմնվում է գործողության կատարման մասին հայցվորի պահանջը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցադիմումը ենթակա է վերադարձման, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները: Փաստորեն, ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված հայցադիմումին առաջադրվող պահանջներին, ինչը հաշվի առնելով դատարանը եզրակացրեց, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման»,- նշված է ՀՀ վարչական դատարանի որոշման մեջ:

«Կայացված որոշումը անհիմն է: Վարչական դատարանը պարզապես անտեսել է  Բնապահպանության նախարարության կողմից մեր հարցումների պատասխանները, որոնք հավաստում են բնապահպանության նախարարության անգործությունը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «Բ» ենթակետով սահմանված դրույթը»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀԿ-ների փաստաբան Լեւոն Օհանյանը: 

«Նորից դեմ ենք առնում անօրինականության պատնեշին, նորից տեսնում ենք Օրհուսի կոնվենցիայի դրույթների տապալումը Հայաստանում»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը եւ ավելացրեց, որ չեն համակերպվելու դատարանի այդ որոշման հետ: ՀԿ-ները բողոքարկելու են ՀՀ Վարչական դատարանի որոշումը:

Մարտ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր