

Սոնա Ադամյան, Հրապարակ
Դելֆինարիում գնալս մի քանի պատճառ ուներ. նախ պարզելու, թե ինչու են տոմսերը թանկացրել, նախկին 2-3 հազարը դարձել 2.5- 3.5, երկրորդ՝ անձամբ տեսնելու եւ համոզվելու, որ 4 դելֆիններից մեկը չի սատկել, եւ երրորդ՝ տեղյա՞կ են արդյոք այն դատական պրոցեսից, որտեղ էկոլոգները բանապահպանության նախարարությունից պահանջում են Դելֆինարիումի տարածքի փորձաքննություն իրականացնել:
Դելֆինարիում մտա, երբ շոուն սկսվել էր: Որքան մեծ էր զարմանքս, երբ տոմսավաճառն ասաց, որ չեմ կարող մտնել: Ապա առաջարկեցին տոմս գնել: Ջո Քոքերի 60 հազար արժողությամբ տոմսերի գինն անգամ չխանգարեց, որպեսզի լրագրողներին թողնեն ներկա գտնվել նրա միակ երեւանյան համերգին, իսկ օրը 3 անգամ ու արդեն 3 ամիս շարունակ ներկայացում տվող Դելֆինարիումում մուտքը, պարզվեց, լրագրողների համար վճարովի է: Եթե խնդիրը միայն գումարի մեջ է, դեռ կարելի է հասկանալ՝ բիզնես են անում, իսկ գուցե պատճառն ընդամենը լրագրողին ներս չթողնելն էր, քանի որ դելֆիններից մեկը սատկե՞լ է: Պարզվեց՝ տնօրենն էլ տեղում չէ, եւ հետագայում էլ նրա հետ կապվել չհաջողվեց:
Թերեւս այնքան աղմուկ, որքան Դելֆինարիումի շուրջ եղավ, դժվար է պատկերացնել. որպես դրան հաջորդող քայլ՝ 2 շաբաթ առաջ «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում Դելֆինարիումի կառուցման, կենդանիների ներմուծման, շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննություն իրականացնել: «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանի խոսքով՝ այս ընթացքում ոչ մի նամակ-պատասխան չեն ստացել: Զանգահարեցինք բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանեցին, որ նախարարությունը ստացել է նամակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ից, սակայն դատարանը գործը վարույթ ընդունելու մասին դեռ որոշում չի կայացրել, նախարարությունը դեռ չի ստացել այդ որոշումը, այն ստանալուց հետո նոր կնշանակվեն նիստի օրերը: Հրայրը նշեց, որ իրենց նամակին նախարարությունը պատասխանել էր, թե միջավայրի փորձաքննություն իրականացնելու համար Դելֆինարիումը պետք է դիմեր իրենց:
Իսկ թե ՀԿ-ներն իրենց հերթին որքանով են հետամուտ եղել այն խնդիրներին, որոնք բարձրաձայնում էին մինչեւ Դելֆինարիումի կառուցումը՝ արդյո՞ք մտել են Դելֆինարիում, ծանոթացել պայմաններին, Հրայր Սավզյանը նշեց, որ ինքն անձամբ չի մտել, իր գործընկերների խոսքերը լրիվ բավարարել են տպավորություն կազմելու համար: Իսկ բավարար հիմքեր կա՞ն ասելու, որ ստեղծված պայմանները չեն համապատասխանում պահանջներին, էկոլոգ Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Լուսանկարներն ենք տեսել, ջրավազանի չափսերը գիտենք, առանց մտնելու էլ պարզ է»:
«Հենց միայն այն, որ ծովի ջուր չէ այնտեղ», այլ այն ջուրը, որ մենք խմում ենք, այսինքն՝ քլորացված, որն ունի 3 տոկոս քլորի պարունակություն, իսկ այդ դեպքում, ըստ նրա, պետք չէ ոչ անալիզ անել, ոչ մտնել-նայել: «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կարծիքով, որպեսզի ապացուցվի, որ այդ քլորացված ջրից դելֆինները կուրանում են, պետք է աչք լինի այնտեղ, որ հետեւի դրան. «Չկա այն մասնագետը, որ ասի՝ դելֆինը կուրացել է, թե ոչ»: «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Այդ քայլը հենց այնպես ոչինչ չի նշանակի, եթե դու չես կարող գնալ ու ստուգել՝ այդ դելֆինը առողջ է, թե ոչ: Դա նշանակություն չի ունենա, պիտի փաստաթուղթ ունենաս նրա վիճակի մասին, մենք դա փորձում ենք անել պաշտոնական ձեւով: Ոչ ես, ոչ իրենք չենք կարող հասկանալ՝ դելֆինն առողջ է, թե ոչ, դա կարող է իմանալ անասնաբույժը, որի եզրակացությունն ենք ուզում ստանալ գրավոր՝ պաշտոնական ձեւով»:
Հրայր Սավզյանը հակված է հավատալու, որ դելֆինը սատկել է, համարելով բնական, որ պատասխանող կողմն այդ ամենը պետք է կոծկի. «Ես ինքս չեմ փորձել պարզել, հետեւում եմ լրագրողների աշխատանքին»: Ռուբեն Խաչատրյանի դիտարկմամբ, քանի որ օրինական դաշտում մենք չունենք ոչ մի փաստաթուղթ այն մասին, թե դելֆինները որտեղից, ինչ ճանապարհով են ներմուծվել, քանիսն են եղել, հետաբար՝ եթե դելֆիններից մեկն էլ սատկի, դա ոչ մի տեղ չի արձանագրվի. «Ենթադրվում է, որ կարող են փոխարինել նորով, որը էլի չի արձանագրվում Հայաստան մուտք գործելուց, ոչ ոք չի կարող դրան հետեւել, ինչքան էլ ուզենա»: Ամենահետաքրքիրն այն է, որ հանուն դելֆինների հոգեկան եւ ֆիզիկական առողջության մղվող ակցիաներից հետո ու հակառակ բոլոր այն լուրերի, թե դելֆիններից մեկը սատկել է, ՀԿ-ներից ոչ մեկը չի գնացել ու չի փորձել համոզվել, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Ստացվում է, որ այս անգամ էլ պայքարն ավելի շատ ցուցադրական բնույթի է եղել, ու միշտ չէ, որ խոսքը գործ է դառնում:
Մարտ 18, 2011
