ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՅԳԻ ԿԱՌՈՒՑՎԻ

Սիրանույշ Գեւորգյան, ԱրմենիաՆաու

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մի ծրագիր է նախաձեռնել, որի իրականացման դեպքում Հայաստանում կստեղծվի կենսաբազմազանության ազգային կենտրոն: Նախագիծը կոչվում է «Էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության պահպանության ազգային կենտրոն»:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց, որ թեև ծրագիրը դեռ խմորման փուլում է, սակայն միևնույն ժամանակ բավական իրատեսական համարեց:

Ծրագրի հիմնական բաղկացուցիչները նոր ստեղծվելիք կենդանաբանական կամ կենսաբազմազանության այգին և երկամյա բնապահպանական քոլեջն են:

«Կենսաբազմազանության այգին հիմնականում կենտրոնանալու է հարավկովկասյան կենդանատեսակների շուրջ, իր փոքր ենթակառուցվածքներով, ինչպիսիք են կենդանաբանական այգու հանրային դպրոցը աշակերտների, ուսուցիչների համար»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ այգում կներկայացվեն նաև հարավկովկասյան բուսատեսակներ, կլիմայական գոտիներ:

Խաչատրյանի խոսքով` այժմ ամբողջ աշխարհում կենդանաբանական այգիները վերափոխվում են` նպատակ ունենալով դառնալ կրթական կենտրոն:

«Մարդու վերաբերմունքը դեպի կենդանին հիմա փոխվում է: Կենդանին զվարճության միջոց չէ, ինչպես մեր դելֆինարիումում, այլ ուսումնասիրության, կրթության և բնության հետ շփվելու միջոց: Երբ մարդը գալիս է կենդանաբանական այգի, ինքը պետք է կրթություն ստանա իր դերակատարության մասին բնության մեջ, էկոլոգիական շղթայի և այլնի մասին ինֆորմացիա ստանա, ոչ թե կենդանուն միայն վանդակի մեջ տեսնի»,- ասում է Խաչատրյանը:

Ըստ նրա` կենսաբազմազանության այգում կենդանին կունենա իր բնակլիմայական պայմաններին մոտ նվազագույն պայմանները: Կստեղծվեն մեծ ազատավանդակներ, որտեղ կենդանիները կարող են ընտանիքներով ապրել, ինչը Խաչատրյանը կարևոր հանգամանք է համարում տվյալ կենդանու տեսակի վերականգնման համար:

«Դրանով կարող ենք նաև նպաստել, որ վերականգնողական պրոցեսում այդ կենդանիները նորից վայրի բնություն վերադառնան»,- կարծում է Խաչատրյանը:

Իսկ էկոլոգիական երկամյա քոլեջում կուսուցանվեն բնապահպանական գիտություններ:

«Դա ենթադրում է գործնական կրթություն, օրինակ` կպատրաստվեն մասնագետներ, որոնք կկարողանան ինչ-որ կազմակերպության բնապահպանական հետագիծը ներկայացնել, հաշվարկել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կպատրաստվեն նաև բնապահպանական մեդիայի համար աշխատող մասնագետներ»,- ասում է Խաչատրյանը:

Նրա խոսքով` այս քոլեջը միակը կլինի ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ տարածքում:

Նախագիծը ներկայացվել է բնապահպանության ու կրթության և գիտության նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին և տարբեր միջազգային կազմակերպությունների: Խաչատրյանի խոսքով` ծրագրի լիակատար իրականացման համար կպահանջվի 5-6 տարի, իսկ ֆինանսավորումը կարող է տատանվել 15-30 մլն դոլարի սահմաններում: Ծրագրի ֆինանսավորման համար հետաքրքրություն է հայտնել գերմանական KfW զարգացման բանկը:

Թեև Խաչատրյանի պնդմամբ, կենսաբազմազանության այգու տարածքը դեռ որոշված չէ, սակայն մամուլում եղած հրապարակումներում նշվում է, որ այն կկառուցվի Հրազդանի կիրճում: Խաչատրյանը հերքում է այդ պնդումները: Օրերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայկական ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանն ասել էր, թե դեմ կլինի նախագծին, եթե այն իրականացվի Հրազդանի կիրճի տարածքում:

«Նման նախագծի համար հարթավայր է հարկավոր, փոքր բլուրները չեն խանգարի, սակայն տարածքը չպետք է կիրճում լինի: Մեր պայմաններում այդ տարածքում կենդանիների գտնվելը կհանգեցնի հողի էրոզիայի, իսկ եղջերավորները կդեգրադացվեն»,- ասել էր Մանվելյանը ու հավելել, թե Երևանի տարածքում նման գոտիներ գրեթե չկան:

Նախագծի մասին տեղյակ է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
«ԱրմենիաՆաուի» հետ ունեցած զրույցում նա ասաց, թե ավելի նպատակահարմար կլիներ նոր այգու փոխարեն Երևանի 70-ամյա կենդանաբանական այգին վերանորոգել, վերակառուցել:

«Ժողովուրդը հնին է սովոր, տեղը գիտի, հետո` ամեն ինչի հինը միշտ լավն է»,- ասում է Աբովյանը:

(Երևանի կենդանաբանական այգու 34 հա տարածքում ապրում է 124 տեսակի կենդանի, մոտ 2300 գլուխ: Պետբյուջեից այգուն տարեկան հատկացվում է 194 մլն դրամ:)

Սահակ Աբովյանի գնահատմամբ` նման ծրագիր հնարավոր կլինի իրականություն դարձնել 12-20, նույնիսկ 30 տարվա ընթացքում:

«Եթե իրագործվի, վատ չի լինի, բայց, կարծես, երազանք լինի»,- ասաց Աբովյանը:

Ռուբեն Խաչատրյանը հերքեց այն բոլոր լուրերը, թե կենսաբազմազանության այգու կառուցմամբ կփակվեն ներկայիս կենդանաբանական և բուսաբանական այգիները:

Մարտ 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր