

ԷկոԼուր
«Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ները մարտի 28-ին դիմեցին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան` բողոքարկելով Վարչական դատարանի դատավոր` Ռ.Հակոբյանի որոշումը ՀԿ-ների հայցը հետ վերադարձնելու մասին: Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները ՀՀ վարչական դատարանից պահանջում էին պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարությանը Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել: Սակայն դատարանը մարտի 9-ին հայցը հետ էր վերադարձրել` պատճառաբանելով, թե հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ այն մասին, որ առկա է պատասխանողի կողմից հայցվող գործողության չկատարելու փաստ: Վերաքննիչ դատարանին ուղղված ՀԿ-ների բողոքում մասնավորապես նշված է. «Վարչական դատարանի կողմից 09.03.2011 թվականին թիվ ՎԴ/0554/05/11 կայացված որոշումը անհիմն է և ենթակա վերացման հետևյալ պատճառաբանություններով.
1) Դատարանը (դատավոր Ռ.Հակոբյան) մեր կողմից ներկայացված հայցադիմումի վերադարձման մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչ. Դատ. Օր. 72-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի հիման վրա, նշելով, որ «հայցադիմումը պետք է բովանդակի այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը»: Փաստորեն դատարանը «բազմակողմանի և լրիվ չի ուսումնասիրել» ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը: Միայն այդ դեպքում դատարանը կտեսներ, որ վերը նշված հոդվածը 6-րդ կետ չունի, իսկ 5-րդ կետն էլ վերաբերում է նրան, որ «հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը»:
2) Դատարանը նշել է, որ` «Տվյալ դեպքում հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ այն մասին, որ առկա է պատասխանողի կողմից հայցվող գործողության չկատարելու փաստ, ինչը նշանակում է, որ հայցադիմումը չի բովանդակում այն փաստերը, որոնց վրա հիմնվում է գործողության կատարման մասին հայցվորի պահանջը»: Դրանով իսկ խախտել է ՀՀ վարչ. Դատ. Օր. 24-րդ հոդվածը` «Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ»:
Այսինքն` դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ չի հետազոտել հայցադիմումին կից փաստաթղթերը կամ էլ, ուղղակի, անտեսել է դրանք: Հակառակ դեպքում դատարանը, հետազոտելով հայցադիմումին կից ՀՀ բնապահպանության նախարարության մեր հարցումների պատասխանները, կտեսներ, որ մեր այն հարցադրումներին, թե ինչու չի կատարվել փորձաքննություն, ՀՀ բնապահպանության նախարարությունը ոչ մի կոնկրետ պատասխան չի ներկայացրել, և ավելին` ՀՀ բնապահպանության նախարարությունը 25.01.2011թվականին պատասխանել է` «Երևանի Կոմիտասի անվան այգու դելֆինարիումի կառուցման նախագծային փաստաթղթերը առայսօր չեն ներկայացվել բնապահպանական փորձաքննության»:
Հետազոտման արդյունքում դատարանի համար ակնհայտ կլիներ, որ եթե ՀՀ բնապահպանության նախարարության պատասխաններում նշված չեն գործողության կատարման մասին ապացույցներ, ապա դրանք վկայում են գործողությունների չկատարման մասին փաստերի առկայությունը: Եվ վերջապես, էլ ինչպես ապացուցել մի փաստ, որն ակնհայտ է, և որի մասին նշել և ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարությունը իր պատասխաններում:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 125 հոդվածով, խնդրում ենք ՀՀ վարչական դատարանի կողմից 09.03.2011թվականի ` թիվ ՎԴ/0554/05/11 կայացրած որոշումը վերացնել»:
Մարտ 30, 2011
