Գայանե Աբրահամյան, ԱրմենիաՆաու
Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի երկու մարզերում երկգլխանի ու եռոտանի հորթերի ծնունդը բնապահպանների շրջանում լուրջ ահազանգ է բարձրացրել, որը կարող է հիմնավորվել նաև հետևյալ տվյալներով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որի աճն այս տարիների ընթացքում հաշվարկել է «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զառաֆյանը, փաստում են, որ Հայաստանում վերջին 15 տարում անոմալ ծնունդների քանակն աճել է մոտ 15 տոկոսով, միայն վերջին հինգ տարում գրանցվել է մոտ 2% աճ:
Ըստ բնապահպանների` սա հիմնականում բնապահպանական խնդիրների ու թունաքիմիկատների (կամ արգելված թունաքիմիկատների օգտագործման) չարաշահման հետևանք է:
Չնայած անոմալ ծնունդների (օրինակ` գայլի երախ կամ մարմնի տարբեր մասերի` ոտքերի, թևերի, մատների բացակայություն, սերտաճած մատներ) աճի հետևանքները պարզելու համար լուրջ ուսումնասիրություններ չկան, այդուհանդերձ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ հիմնական պատճառը հենց բնապահպանական «աղետալի վիճակն է»:
Երբ հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում` Հակոբ Ավետյանի գոմում, ծնվեց երկգլխանի հորթուկ, որն ապրեց միայն տասը օր, Սոթքի բնակիչները սկսեցին մտահոգվել, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է:
«Սա իսկապես մեզ համար լուրջ ազդանշան էր, որ պայքարենք հանքավայրի` նման տեմպերով շահագործման դեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
Սակայն պայքարը դեռևս ապարդյուն է, Սոթքում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է ոսկու հանքավայրերը, որտեղ նախորդ շաբաթ տեղադրվեց նաև քարերի մանրացման նոր սարք, կառուցվում է արտադրամաս, ինչը կրկնապատկելու է հանքավայրի հասցրած բնապահպանական վնասները:
«Նման կենդանու ծնունդը ամենևին պատահական չէ, քանի որ լեռնահանքարդյունաբերության պատճատով Սոթք գետում կարելի է հանդիպել ծանր մետաղների մի ամբողջական ցուցակ»,- ասում է Դանիելյանը:
Մարտի 22-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում ծնվեց եռոտանի հորթ, որը դեռ կենդանի է, սակայն անասնաբույժները հույս չունեն, թե երկար կապրի:
«Այս դեպքերը դեռ հազվագուտ են, բայց խոսուն են և ակնհայտ ցույց են տալիս, որ աղտոտված միջավայրն ունի էմբրիոտոքսիկ ազդեցություն, իսկ դա նշանակում է, որ արդեն կարող ենք խոսել մուտացիաների մասին, իսկ եթե մուտացիաները մտնում են պոպուլյացիայի մեջ, ապա դուրս բերելը տարիների տաժանակիր աշխատանք է, շատ դեպքերում`ապարդյուն»,- ասում է Դանիելյանը:
Այստեղ հանքավայր չկա, սակայն բնապահպաններն ասում են, որ դա Մեծամորի ատոմակայանի հետևանքն է: Գյուղն ատոմակայանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է, սակայն հնարավոր է, որ գյուղացիները կով են գնել հանքարդյունաբերությամբ զբաղվող ավելի աղտոտված տեղանքներից:
Բնապահպանների պայքարին դեռ չեն միացել բժիշկները, որոնք սակայն ոչ հրապարակային խոսում են առկա խնդիրների մասին ու ասում, որ մուտացիոն երևույթները մարդկանց մոտ ևս առկա են, սակայն ի տարբերություն կենդանիների, ավելի վաղ հայտնաբերվում են, ու պտուղը հեռացվում է:
Հայաստանի հյուսիսի ամենաաղտոտված քաղաք Ալավերդիում քիչ չեն այդ պատճառով երեխաներին կորցրած կանայք, սակայն ծննդատան կոնսուլտացիայի բաժնում «ԱրմենիաՆաուին» ասացին, որ «նախարարությունից հրահանգ ունեն նման հարցերով չխոսել»:
Երկրի հարավային հանքարդյունաբերական մարզում` Սյունիքում, իրավիճակն առավել մտահոգիչ է: Այստեղ շահագործվող մի քանի հանքավայրերի պոչամբարները լրջորեն աղտոտում են միջավայրը:
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալներով` այս տարածքներում ծանր մետաղների առկայությունը սահմանային թույլատրելի նորման գերազանցում է մինչև 10 անգամ:
Էկոլոգիական լուրջ վտանգ է Արծվանիկի պոչամբարը՝ մոտ 150 մլն տոննա թունավոր թափոններով, որից ոչ հեռու գյուղացիների հողատարածքներն են, որտեղ տարբեր մշակաբույսեր են աճեցնում ու անասուն արածեցնում:
«Մարդիկ այլ ելք չունեն, ապրում են ու աճեցնում են, անգամ սյունիքցիները գովում են իրենց լոբին, ասում, միակն է, որ որդ չկա, իհարկե չի լինի, կապարի ու քրոմի այդպիսի աղտոտման պատճառով գյուղմթերքում նույնիսկ որդը չի մնա»,-ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը։
Բժշկուհի Արմինե Գրիգորյանը (անունը փոխված է, հետագայում աշխատանքը չկորցնելու համար), ով երկար տարիներ աշխատել է Կապանի ծննդատանը, ասում է, որ արատները բավական շատ են, պարզապես մարդիկ դրա մասին չեն խոսում, քանի որ աշխատանքը կորցնելու վտանգից վախենում են:
«Եթե այն բոլոր երեխաները, որոնց մենք, ցավոք, բավական մեծ շրջանում աբորտ ենք արել, ծնվեին ու ապրեին, Սյունիքը մուտանտների մարզ կդառնար: Դեպքերը շատ են, պարզապես հիմնականում կյանքի հետ անհամատեղելի արատներ են և հայտնաբերելուն պես արհեստական վիժումով կամ աբորտով ազատվել են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է բժշկուհին:
Գրիգորյանը ևս անցել է երեխային կորցնելու սարսափելի ճանապարհը, հղիության 7-րդ ամսում հայտնաբերվեց անէնցեֆալիա (գլխուղեղի ամբողջական կամ մասնակի բացակայություն), ինչից հետո նա ընտանիքով տեղափոխվեց Երևան` առավել մաքուր միջավայրում ապրելու հույսով:
Սակայն առողջապահության նախարարությունում պնդում են, որ անհանգստանալու առիթ չկա, «արատները միշտ եղել են և դրանց առանձնակի աճ չի գրանցվել»,- ասում է նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
Մինչդեռ արատների 15 տոկոս աճի թվի մեջ հաշվարկված չեն արատավոր այն չծնված երեխաները, որոնց թիվը հայտնի չէ, սակայն առկա է և անհանգստություն է ծնում ապագա ծնողների շրջանում:
Ապրիլ 05, 2011
