ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՅԳՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Panorama.am

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում տեղի ունեցավ ծառատունկ, որի ընթացքում տնկվեց շուրջ 250 ծառ: Ծառատունկին մասնակցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքերով, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը 2010թ.-ից նախաձեռնել և իրականացնում են «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը նախատեսում է մինչ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1,5 մլն ծառ: Ըստ նրա, նախորդ տարի ընդհանուր առմամբ տնկվել է 20 հազար ծառ, իսկ այս տարի նախատեսվում է` 30 հազար: «Սա այն խնդիրներից է, որ կապ չունի, թե ինչ կուսակցության ես ենթարկվում, ինչ հայացքներ ունես, սա ազգային նշանակություն ունեցող խնդիր է: Այն բոլորիս համար է և ցույց է տալիս մեր միասնականությունը»,- նշեց Ա.Աբրահամյանը:

Ըստ Ռուսաստանի հայերի միության նախագահի, 1,5 մլն ծառը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված 1,5 մլն անմեղ զոհերին: «Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ տեղի է ունեցել 1915թ.-ին: Այս ծառատունկը նաև համախմբման, մեզ միացնող նշանակություն ունի»,- ասաց Ա.Աբրահամյանը` հավելելով, որ նահատակների հիշատակը հարգելու և սերունդների ապագան կերտելու կոչին միացել են երիտասարդներ, դպրոցահասակներ, տարբեր կառույցներ ու կազմակերպություններ` ազդարարելու ոչ միայն նոր կյանք, այլև հայ երիտասարդության միասնականությունը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքերով, Ծիծեռնակաբերդի բարձունքում այս հատվածը կդառնա փոքրիկ Սոսյաց պուրակ: «Ինձ համար այս 250 ծառը խորհրդանշում են 1915թ.-ին նահատակված հայ մտավորականներին»,- նշեց Լ.Անանյանը:

Ապրիլ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր