Երեւանը աղմկոտ քաղաք էեւ դա իրմեջ առողջության համար ռիսկեր է պարունակում: Խնդիրը բարձրացնում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը: Ստորեւ ներկայացնում ենք մամուլում հրապարակված նյութերը:
ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅՈՎ 15-20 ՐՈՊԵ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՆ ԻՐ ՕԳԱՆԻԶՄԸ ՈՐՈՇԱԿԻ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ
News.am
Երեւանի մետրոյով 15-20 րոպե երթեւեկելու դեպքում (իսկ մետրոյում աղմուկը հասնում է 75 դեցիբելի) մարդն իր օրգանիզմը որոշակի վտանգի է ենթարկում։ Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպան Թամարա Գալստյանը՝ խոսելով մարդու վրա աղմուկի թողած բացասական ազդեցության մասին։
«Օրինակ, Կանադայում աղմուկը բացառելու նպատակով մետրոն աշխատում է ռետինե անիվների կամ հատուկ բարձիկների վրա, մինչդեռ մեզ մոտ մետրոյի ե՛ւ անիվները, ե՛ւ ռելսերը երկաթյա են, հետեւաբար՝ աղմուկը թունելում եւ վագոնների մեջ հասնում է վտանգավոր շեմին»,- ասաց նա։
Բնապահպանը նաեւ տեղեկացրեց, որ Նյու Յորքում, օրինակ, այն սրճարանները եւ ռեստորաները, որոնց ներսում միացված երաժշտությունը լսվում է 4,5 մետր հեռավորությունից, տուգանվում են 8 հազար դոլարի չափով։ «Իսկ ահա կորեական քաղաքների փողոցներում կան հատուկ ցուցանակներ, որոնք չափում են հենց այդ պահին այդ վայրում առկա աղմուկը, որոշ մեգապոլիսներում ավտոճանապարհներին պլաստիկե վահանակներ են դրվում, որպեսզի մեծ աղմուկը չհասնի քաղաքին»,- ասաց Գալստյանը։
Ամփոփելով նա տեղեկացրեց, որ համաձայն անցկացված հետազոտությունների՝ կանայք աղմուկի հանդեպ ավելի զգայուն են, քան տղամարդիկ, ընդ որում, մարդու թմբկաթաղանթները պայթում են արդեն 140 դեցիբել աղմուկի դեպքում։
Նշենք, որ գիշերային աղմուկի դեմ օրենքը Հին Հռոմում կար եւ գործում էր դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից։ Կայսրն արգելել էր Հռոմի փողոցներով գիշերային ժամերին սայլերի անցուդարձը։ Իսկ ահա Անգլիայում՝ Եղիսաբեթ թագուհու օրոք խստիվ արգելված էր գիշերվա ժամը 10-ից հետո ամուսինների միջեւ ծագած վիճաբանությունը եւ դրա հետեւանքով առաջացած աղմուկը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՆ
News.am
Երեւանի մի շարք փողոցներում աղմուկը գերազանցում է թույլատրելի նորման. եթե նախկինում մայրաքաղաքում ցերեկային ժամերին աղմուկը չէր գերազանցում 70, իսկ գիշերային ժամերին՝ 60 դեցիբելը, ապա այժմ ցերեկային ժամերի աղմուկի նորման գերազանցվում է 5-7 դեցիբելով։ Ապրիլի 16-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպան «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով, Երեւանում աղմուկի աղբյուր է հանդիսանում հիմնականում տրանսպորտային միջոցները, սրճարանների եւ ռեսոտորանների, ինչպես նաեւ CD-ների վաճառքով զբաղվող կետերի չափազանց բարձր երաժշտությունը։
«Այդ օբյեկտների սեփականատերերը կարծում են, որ բարձր երաժշտություն միացնելով ավելի շատ այցելուներ կգրավեն, սակայն իրականում քանդում են մարդկանց առողջությունը։ Օրինակ, Օղակաձեւ այգում այնքան սրճարաներ եւ իրար մեջ խցկած բարձրախոսներ կան, որ մարդիկ, փոխանակ այգիներում հանգստանալու եւ աղմուկից հեռու մնալու, այդքան բարձր երաժշտություն լսելով՝ սեփական օրգանիզմն ամեն օր սթրեսի են ենթարկում։ Իրականում մենք հանգստի վայրեր եւ անաղմուկ միջավայրեր չունենք»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ աղմուկի ավելացման ազդանշան Երեւանում պետք է հնչեցվեր դեռ այն շրջանում, երբ այգիներից հեռանում էին երգեցիկ թռչունները։
Ամփոփելով՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ մայրաքաղաքում միմյանց մոտիկ կառուցվող բետոնե կառույցները եւ շենքերը անդրադարձնում են ձայնի ալիքները, ինչն էլ կրկնակի մեծացնում է աղմուկի բացասական ազդեցությունը։ Այնինչ լայնատերեւ ծառերի առկայության պարագայում ձայնային ալիքները, բախվելով դրանց, մեծ չափով խլանում են։
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԱԿԱՖՈՆԻԱՅԻՑ ԱՆԳԱՄ ԹՌՉՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՀԵՌԱՑԵԼ
www.aysor.am
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Երևանում նորման գերազանցող աղմուկի և դրա հետևանքների մասին:
Բանախոսը նշեց, որ մեր բոլոր մագիստրալներում աղմուկը նորմայից բարձր է` ցերեկը 70 դեցիբել պետք է լինի, գիշեր` 60:
«Եթե առաջ 5 դեցիբելով էր նորմայից բարձր, հիմա` 7-8 դեցիբելով»,- շեշտեց բնապահպանը և հավելեց, որ աղմուկի աղբյուրը տրանսպորտն է, ակտիվ շինարարությունը, ռեստորանների, սրճարանների և երաժշտական սկավառակների վաճառքի կետերի առաջացրած աղմուկը:
Բանախոսը հիշեց նաև մայրաքաղաքի սրճարանապատ այգիներից հնչող բարձր երաժշտության առաջացրած խնդիրները, և նշեց, որ դրանից, հիմնականում, տուժում են շրջակայքի բնակչությունը. երևանցիները հանգստի վայր չունեն:
Կ. Դանիելյանն ուշադրություն հրավիրեց Երևանում բնակվող թռչունների կազմին, և նշեց, որ այն փոխվել է` երգող թռչունների փոխարեն այժմ մեր այգիներում թևածում են սև ագռավները:
«Երգող թռչունները հեռացել են քաղաքից, որովհետև նրանց համար այդ կակաֆոնիան անտանելի է»,- շեշտեց Կ. Դանիելյանը:
Ապրիլ 20, 2011
