

ԷկոԼուր
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, իրեն զանգել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, որի նախագահն է Երվանդ Զախարյանը եւ հայտնեցին, որ Երվանդ Զախարյանը պաշտոնապես հերքում է մամուլում հայտնված եւ հրապարակայնորեն հայտարարված այն լուրերը, թե «Նեմո» դելֆինարիան իրեն է պատկանում: Հերքումը տրվել է ի պատասխան 1-ին լրատվականին Սիլվա Ադամյանի տված հարցազրույցի, որտեղ մասնավորապես ասված է. «Մենք հասկացանք, որ անիմաստ է դիմել վերին ատյաների դատարաններին, քանի որ դատարանները գնված են և կատարում են «Դելֆինարիումի» տիրոջ` Երվանդ Զաքարյանի հրահանգը: Այսինքն`կրկնվում է նույն Թեղուտի պատմությունը»:
«Դելֆինարումի» գործն արժանացավ Թեղուտի ճակատագրին
1in.am
«Մենք հասկացանք, որ անիմաստ է դիմել վերին ատյաների դատարաններին, քանի որ դատարանները գնված են և կատարում են «Դելֆինարիումի» տիրոջ` Երվանդ Զաքարյանի հրահանգը: Այսինքն`կրկնվում է նույն Թեղուտի պատմությունը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ Սիլվա Ադամյանի ղեկավարած «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն, «Էկոդար» ՀԿ-ի հետ միասին, արդեն երկու անգամ դատական հայց է ներկայացրել «Դելֆինարիում» կենտրոնի դեմ: Դատական գործընթաց սկսելու պատճառն այն է, որ բնապահպանների բազմաթիվ հարցումներին` ներկայացնել շրջակա միջավայրի գնահատման փաթեթը, Բնապահպանության նախարարությունը չի պատասխանել:
Վարչական և վերաքննիչ դատարանների կողմից մերժում ստանալուց հետո, բնապահպանները, անիմաստ համարելով հետագա իրավական գործունեությունը, որոշել են սպասել մինչ Բնապահպանության նախարարությունը կներկայացնի շրջակա միջավայրի փորձաքննության արդյունքը, ինչը պարտավոր է անել խելամիտ ժամկետներում:
«Եթե պարզվի, որ ԲՆ-ն փորձաքննությունը սկսել է ավելի ուշ, քան բացվել է «Դելֆինարիումը», ապա նշանակում է` այն հիմնվել է առանց թույլտվության, այսինքն` նախարարությունը անգործության է մատնված եղել»,- ասաց Սիլվա Ադամյանը և հավելեց, որ նման փաստեր ստանալու դեպքում բնապահպանները դատական նոր գործ կհարուցեն Բնապահպանության նախարարության դեմ:
Ապրիլ 27, 2011 at 15:19
