

Tert.am
Tert.am-ի տեղեկություններով՝ Երևանի «Նեմո» դելֆինարիումում դելֆին է սատկել։ Դելֆինարիումում տեղեկությունը ճշտելու փորձերն անհաջող անցան, քանի որ ամբողջ օրվա ընթացքում դելֆինարիումից ոչ ոք չպատասխանեց հեռախոսին: Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Երևանի քաղաքապետարանից։ Այստեղ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից Արթուր Սարուխանյանը հաղորդեց, որ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ: «Մենք իրենց տարածք ենք տվել վարձակալությամբ և կարող ենք վերահսկողություն իրականացնել միայն և միայն տարածքի նկատմամբ. սակայն դելֆինների առողջության մասին վերահսկողություն իրականացնել ի զորու չենք»,- ասաց նա։
Բնապահպանության նախարարությունից Tert.am-ին պատասխանեցին, որ սեփականաշնորհված տարածքներում պահվող վայրի կենդանիներն իրենց վերահսկողության տակ նույնպես չեն։ «Մենք լիազորություններ ունենք բնության մեջ գտնվող վայրի կենդանիների նկատմամբ, սակայն կենդանաբանական այգիների և մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքների վրա մեր լիազորությունները չեն տարածվում»,- նշեց նախարարության հասարականության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը։
«Մեզ նման լուրեր հասել էին նաև նախկինում,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։- Դա շատ հանգիստ կարելի է կոծկել, նոր դելֆինին բերել և աննկատ փոխարինել»։ Նա նշեց, որ շրջակա միջավայրի և դելֆինների մասին փորձաքննություն անցկացնելու պահանջով իրենք բնապահպանության նախարարություն են դիմել դեռ երեք ամիս առաջ և մինչ օրս չեն ստացել համապատասխան եզրակացություն, որևէ փաստաթուղթ կամ արձագանք իրենց դիմումներին։ «Շահագործման մասին եզրակացությունը մենք ստացել ենք Ուկրաինայից՝ հարցում անելով «Ներում» ընկերության գրասենյակ. նույնիսկ դա իշխանությունները բնապահպաններին չեն տրամադրում»։
Ադամյանը հաղորդեց, որ բնապահանները որոշել են՝ եթե այս շաբաթ էլ բնապահպանության նախարարությունից դիմումներն արձագանք չստանան, դիմելու են գործողության այլ միջոցների։ «Քանի որ մեզ թույլ չեն տալիս ներգրավվել ստուգման, վերահսկման, փորձաքննության գործընթացներում, մենք նույնիսկ չենք կարող հստակ իմանալ՝ դելֆիններն ունե՞ն անձնագրեր, թե՞ ոչ, իսկ եթե չունեն անձնագրեր, ոչ ոք չի կարող իմանալ՝ սատկել է այդ դելֆինն ու տեղը նորն են բերել, թե ոչ»։
Նա հիշեցրեց, որ բնապահպանների որոշմամբ հետազոտություն էր պատվիրել ԱՄՆ-ի համապատասխան ուղղությամբ մասնագիտացված բավականին հայտնի մի իստիտուտի և այդ ինստիտուտի տվյալներով՝ դելֆինները ոչ օվկիանոսային ջրում կարող են ապրել ոչ ավելի քան 2-3 ամիս։ «Արդյո՞ք իրականացան մասնագետների կանխատեսումները, դժվար է ստուգել. դա շատ փակ կառույց է»,- նշեց Ադամյանը։
Մայիս 04, 2011 at 14:58
