

ԷկոԼուր
Մայիսի 5-ին` ժամը 13:00-ին, Երեւանի Նալբանդյան փ. 106 շենքի բակում տեղի կունենա «Առանց ծառերի քաղաքն ապագա չունի» հանրային քաղաքացիական ակցիան: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը:
«Տասնամյակներ շարունակ այստեղ գործող մանկապարտեզը` հայտնի ՆԳՆ մանկապարտեզ անվամբ, ամիսներ առաջ քանդվել է` հերթական 16 հարկանի 2 «էլիտար» շենքեր վեր խոյացնելու նպատակով: Այս ոչ ընդարձակ բակում կառուցվելիք շենքերը հարակից շենքերի բնակիչներին զրկելու են լույսից և առողջ կենսամիջավայրից: Քաղաքապետարանից քաղաքացիներին գրավոր հայտնել են, որ շենքի նախագիծը համաձայնեցված չէ, սակայն արդեն փորում են հիմքը` վերացնելով տասնյակ հաստաբուն ծառեր: Ձեռնարկվող ակցիան նպատակ ունի կանխել այս վայրագությունն ու սարսռազդու նախագծի իրականացումն՝ ի հաշիվ գոյություն ունեցող կանաչ տարածքի: Տեղեկացնենք, որ բացակայում են նախագծային փաստաթղթերը, ծառահատում իրականացնելու համար գլխավոր դենդրոլոգի եզրակացությունը, տարածքի ինժեներաերկրաբանական հիմնավորումը նորմատիվ ինսոլիացիայի և բնական լուսավորության եզրակացությունը...»,- նշված է «Մեր քաղաքը»-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ շինարության դեմ բողոքի ակցիա անցկացվել է նաեւ սույն թվականի փետրվարի 24-ին: Այդ օրը բոլոր շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին, քանի որ շինարարություն իրականացնող «Ավագ շին» ՍՊԸ–ն չուներ շինարարություն իրականացնելու թույլտվություն։
Մայիս 04, 2011 at 15:33
