

Ա1+
Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարների հետ մայիսի 12-ին Կառավարության նիստից անմիջապես հետո միասին այցելել Նալբանդյան 106 հասցե եւ տեղում ծանոթանալ քաղաքաշինական ու բնապահպանական նորմերի խախտման փաստերին: Այդ մասին հայտնում է պատգամավորը:
Նա մայիսի 11-ին Աժ ամբիոնից կառավարությանը տեղեկացրել էր,որ Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում ինչ-որ անձինք բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել են շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք:
Այն ներառում է նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզը` Նալբանդյան 106 հասցեում եւ հարակից ծառապատ պուրակը:
Ցանկապատված տարածքի վրա բացակայում է կառուցվող շենքի մակետը, շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության անվանումը եւ այլ` օրենքով անհրաժեշտ տեղեկություններ:
Նրա հարցին պատասխանելիս` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն հաստատել է հիշյալ հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ բնապահպանական եզրակացության բացակայության փաստը` համաձայնելով, որ իրականացվող շինարարությունը, անշուշտ, բնապահպանակն հետեւանքներ հարուցելու է:
Ի դեպ, նախարարն անդրադառնալով Սեւանա լճի ափին` հանրային լողափ կառուցելու նպատակով հատված 115 ծառերի փաստին` ասաց, թե հատվում են ծովի մակերեւույթից 1.905մ բարձրության վրա գտնվող ծառերը, «որոնք վաղ թե ուշ հայտնվելու են ջրածածկի տակ»:
Հարցն ուղղած Ստեփան Սաֆարյանի համար անհասկանալի մնաց հանրային լողափ կառուցելու ծրագրի գաղափարը մի տարածքում, որը, ըստ նախարարի, ջրածածկ է լինելու մոտ ապագայում, սակայն պատգամավորը պարզաբանում ստանալու հնարավորություն այլեւս չունեցավ:
Մայիս 12, 2011 at 14:57
