Կոմիտասի 5 հասցեի շրջակա շենքերի բնակիչները դիմեցին դատարան

Կոմիտասի 5 հասցեի շրջակա շենքերի բնակիչները դիմեցին դատարան

Lragir.am

16 մայիսի 2011թ., Երեւան: Կոմիտասի 5 հասցեում “Լիբեր” ՍՊԸ-ի կողմից (տնօրեն` Էդվարդ Քեշիշ Աբրամ) իրականացվող ապօրինի շինարարության կասեցման պահանջով շրջակա շենքերի բնակիչները կոլեկտիվ հայտով մայիսի 16-ին դիմեցին դատարան:
 
Հիշեցնենք, որ “Լիբեր” ՍՊԸ-ն Կոմիտասի 5 հասցեում 2011թ. մայիսի 13-ին սկսել է բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման աշխատանքները` առանց այն հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի: Դա տեղի է ունեցել հակառակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պաշտոնական նամակին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` 15.10.10թ. ուղարկած թիվ 01/25.2/4120-10 պատասխանում նշված այն հավաստիացմանը, որ “Լիբեր“ ՍՊԸ-ի “…ներկայացրած քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերը` հարեւան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները (СНИП 2.07.01-89): Վերը նշվածի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երեւանի քաղաքապետին` 2010թ. հուլիսի 28-ին տրված թիվ 01/50-15303-396 շինարարության թույլատվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ` մինչեւ նախագծային լուծումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելը”:
 
Ամեն դեպքում շինարարություն իրականացնող պատասխանատուները ոչ բնակիչներին եւ ոչ էլ դեպքի վայր ժամանած` Երեւանի Արաբկիրի բաժնի ոստիկաններին չկարողացան ներկայացնել որեւէ փաստաթուղթ, որում երեւար, որ Երեւանի քաղաքապետը, ում տնօրինության տակ է գտնվում թիվ 3 քարշի ենթակայանը, կնիքով ու ստորագրությամբ հաստատած լիներ նոր ենթակայանի եւ նոր բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական նախագծերը: Նման հաստատման հանգամանք չի երեւում նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթից, որը վերաբերում է խնդրո առարկա շինարարությանը:
 
Շինարարական աշխատանքները սկսվել են ապօրինի ծառահատումներով` առանց ծառահատում իրականացնելու որեւէ թույլատվության, ինչի մասին վկայում է այն փաստը, որ բնակիչների ահազանգով դեպքի վայր ժամանած Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին եւ բնակիչներին կառուցապատողները ծառահատման որեւէ թույլատվություն չներկայացրին: Փոխարենը ներկայացվեց 28.07.2010թ.-ի Երեւանի քաղաքապետի կողմից տրված N 01/50-15303-396 շինարարության թույլատվությունը, որի օրինականությունը վիճարկվել է բնակիչների եւ հարցականի տակ է դրվել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կողմից, իսկ քաղաքաշինության նախարար Վարդանյանը վերը հիշատակված իր նամակում հաստատել է, որ այն տրվել է` ի խախտումն համաձայնեցված նախագծում առկա քաղաքաշինական նորմերի:
 
Բնակիչների կողմից տեսանկարահանած նյութում http://www.youtube.com/watch?v=lLnPyXyVQNQ երեւում է, թե ինչպես է ծանր տեխնիկայի միջոցով Կոմիտասի 5ա հասցեում գտնվող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանի տարածքում ծառահատումներ իրականացվում: Իսկ նույն օրը արդեն 1 ժամ անց նկարահանած տեսանյութից երեւում է, որ մինչ այդ ծառապատ տարածքը գրեթե  ամբողջությամբ ծառազրկվել է. http://www.youtube.com/watch?v=fuazLEF7jrU&feature=related: Հիշեցնենք, որ այս նույն տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար դեռ 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար (3 հատ թեղի տեսակի ծառ հատելու համար) օրինախախտը տուգանվել էր 130 հազար դրամով: Այսպիսով` տարածքի կառուցապատող “Լիբեր” ՍՊԸ-ն չարամտորեն շարունակում է նույն տարածքում ապօրինի ծառահատումը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ դեռ Երեւանի նախկին ճարտարապետ Ս.Դանիելյանի եւ նրա ենթակա մի շարք այլ պաշտոնյաների (Բ.Քոչարյան, Հ.Ասլանյան եւ ուրիշներ) կողմից 13.03.2006թ.-ին հաստատված գլխավոր հատակագծում եւ հողահատկացման հատակագծում եւ ոչ մի ծառի առկայությունը Կոմիտասի 5 հասցեում գտնվող տարածքում եւ նրա շուրջ չի արտացոլված. այսպիսով, ծառերն այսուհետ հանդիսանում են “Լիբեր” ՍՊԸ-ի կողմից Երեւանի քաղաքապետարանին կեղծ փաստաթղթերի ներկայացման եւ քաղաքապետարանի կողմից դրանք ապօրինի հաստատման լուռ վկաներ, որոնցից թե’ “Լիբեր” ՍՊԸ-ն եւ թե’ քաղաքապետարանի` առնվազն այս ապօրինությանը մեղսակից անձինք ուզում էին օր առաջ ազատվել:
 
Մինչդեռ ծառերի առկայության պարագայում այստեղ հնարավոր չէ իրականացնել ոչ այն ծրագրված նոր ենթակայանի եւ ոչ էլ, առավելեւս, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում, քանի որ դրանով կոպտորեն խախտվում են կառուցապատմանը վերաբերող` գործող ՍՆԻՊ նորմատիվները: Ի դեպ, այն, որ այդ նորմատիվները խախտվում են` նշվում է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալավերդյանի նամակին ի պատասխան գրված` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդանյանի 15.10.10թ. վերը հիշատակված պաշտոնական նամակում (01/25.2/4120-10): Մեր կողմից հավելենք, որ ավելի արհեստավարժ լինելու պարագայում քաղաքաշինության նախարարության փորձագետները կնկատեին, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի պահանջները ոչ միայն հարեւան շինություններից, այլ նաեւ տարածքում գտնվող հաստաբուն ծառերից պահանջվող նորմատիվային հեռավորությունների մասով: Սակայն փորձագետները, հավանաբար, բավարարվել են “Լիբեր” ՍՊԸ-ի ներկայացված կեղծ փաստաթղթերն ուսումնասիրելով, որոնցում ոչ մի ծառ չի երեւում, մինչդեռ անհրաժեշտ էր նաեւ տեղանքի տեղազննում իրականացնել:
 
Այս ամենին ավելացնենք նաեւ այն, որ ոչ բնակիչների, ոչ էլ ԱԺ պատգամավորի հարցումներն առ այն, թե ինչ հիմունքներով է Կոմիտասի 5 հասցեով շուրջ 1000 քառ. մետր տարածքն օտարվել “Լիբեր” ՍՊԸ-ին` առանց աճուրդի, պետական պատկան որեւէ մարմնի կողմից որեւէ պատասխանի այդպես էլ չի արժանացել:
 
Այսպիսով` թեեւ բնակիչների դիմադրությունը, մամուլի, հասարակական կազմակերպությունների, այդ թվում` “Քաղաքացիական ազգային նախաձեռնություն”, “Էկոլոգիական հասարակական դաշինք” կազմակերպությունների, “Մենք ենք քաղաքի տերը” նախաձեռնության, “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչների միջամտությունը հանգեցրեց նրան, որ դեպքի վայր ժամանած Արաբկիրի բաժնի ոստիկանները առժամանակ դադարեցրին շինարարությունը, ինչպեսեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` FaceBook սոցիալական ցանցում տեղադրված էջում քաղաքապետարանի աշխատակից Ա.Ադոնցը նույն օրը` մայիսի 13-ին, հավաստիացրեց հանրությանը, որ շինարարությունը կասեցված է, ամեն դեպքում հարակից 3 շենքերի` Կոմիտասի 5ա, 3 եւ 7/1 շենքերի բնակիչները այսօր հայցադիմումով դիմեցին դատարան` այս կնճռոտ ապօրինությանը վերջնական լուծում տալու համար: Բնակիչների շահերը դատարանում կներկայացնի հայտնի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Մայիս 17, 2011 at 20:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր