Գեղ կանգնի, գերան կկոտրի

Գեղ կանգնի, գերան կկոտրի

Lragir.am

Մայիսի 21-ի առավոտյան` ժամը 10:30-12:00-ի սահմաններում, Նալբանդյան 106/1-ի շրջակա շենքերի բնակիչները կազմակերպեցին բնապահպանական ակցիա Երևանի քաղաքապետի հայտարարած շաբաթօրյակի շրջանակներում:
 
Հիշեցնենք, որ նշված բակում անհայտ հիմունքներով սկսված շինրարարական գործողությունների հետևանքով միտումնավոր կերպով վնասվել են բազմամյա ծառեր, շինարարական տեխնիկայի օգնությամբ կառուցվելիք շենքերի հիմքը փորելիս բացվել են ծառերի արմատները: Բնակիչների կողմից այսօրվա շաբաթօրյակին մասնակցելու հատուկ հրավեր էր ուղարկվել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
 
Վերջինս մայիսի 12-ի այցելության ժամանակ նշել էր, որ երբ բնակիչները բահեր վերցնեն և անցնեն տարածքը նախկին տեսքի բերելու, փոսերը լցնելու գործին, ինքը ևս պիտի միանար նրանց:
 
Այդուամենայնիվ, այդ հայրենանվեր գործը քաղաքապետի հայտարարած շաբաթօրյակի շրջանակներում իրականացնելու բնակիչների հատուկ հրավերը չընդունեց ո՛չ ինքը՝ բնապահպանության նախարարը, ո՛չ էլ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
 
Կամա թե ակամա ստացվում է, որ նրանց այցելությունը մնում է զուտ ֆորմալ ստուգայցի մակարդակում, իսկ փաստացիորեն հնչեցված խոստումներին գործնական քայլեր առայժմ չեն հետևում:
 
Օրեր առաջ «Ապապաստառապատում» ակցիայի ժամանակ բնակիչները գրավոր ծանուցման միջոցով տեղեկացրել էին «Ավագ Շին» ընկերությանը, որ շաբաթօրյակին մտադիր են մաքրել տարածքը և խնամել իրենց բակի ծառերը, սակայն այսօր կրկին դարպասը փակ մնաց տասնյակ բնակիչների, պատգամավորների և լրատվամիջոցների առջև, ովքեր ստիպված եղան կողային հատվածի չափառի վրայով մուտք գործել նախկին մանկապարտեզի տարածք:
 
Տարեց և երիտասարդ բնակիչները՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի ոգևորիչ և ակտիվ մասնակցությամբ, ծածկեցին վտանգված ծառերից մի քանիսի արմատները: Միաժամանակ քննարկվեցին հետագա քայլերը՝ ծառերի կենսունակությունը ապահովելու նպատակով Երևանի քաղաքային իշխանություններին և ՀՀ բնապահպանության նախարարությանը պաշտոնական դիմում-պահանջ ներկայացնելու առնչությամբ:
 
Քաղաքացիները վստահ են, որ փոքր կենտրոնում առանց այն էլ սակավաթիվ ծառերը չորացնելու նման վայրենաբարո գործելակերպը պետք է համապատասխան արձագանք ստանա և պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկվեն՝ կանաչ տարածքի վիճակը բարելավելու ուղղությամբ:
 
Քաղաքացիական նման ակտիվությունը, ինչպես միշտ, ոչ միանշանակ կերպով ընդունվեց ականատեսների կողմից: Տարածքի պատասխանատուները շարունակ զանգեր էին կատարում ինչ-որ «տերերի» և հեռախոսներով լուսանկարում մասնակիցներին, բակ էին մտում անհայտ ավտոմեքենաներ, որոնց վարորդները խուճապահար զննում էին շաբաթօրյակի մասնակիցներին, իսկ վերջում տարածք ժամանեցին իրավապահ մարմինների ներկայացուցիչները. մի քանի ոստիկաններ, իրենց խոսքով, եկել էին նայելու, թե այդտեղ ինչ է կատարվում, սակայն պարզելով, որ հայտարարված շաբաթօրյակին բնորոշ քաղաքացիական գործողություններից բացի՝ ուրիշ ոչինչ տեղի չի ունենում՝ լքեցին տարածքը:
 
Հետագա ակցիային, որը բնակիչները նախատեսում են իրականացնել մանուկների պաշտպանության օրվա առթիվ, ակնկալվում է շրջակա շենքերի բնակչության, ազատ քաղաքացիների, պաշտոնյաների և ԶԼՄ-ների առավել ակտիվ ներգրավվածություն:

Մայիս 24, 2011 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր