

Գոհար Աբրահամյան, «ԱրմենիաՆաու»
Անցյալ շաբաթվա վերջին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի շնորհիվ Երևան քաղաքը համալրվեց ևս մոտ 30.000 ծառով:
Նախքան շաբաթօրյակը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ էր արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին:
«Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին` բակային տարածքների մաքրությանը վերաբերվել ոչ ֆորմալ, ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու եզրաքարերը»,- ասել է քաղաքապետը:
Այսպիսով, Երևանում իրականացված ծառատունկի աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ընդհանուր առմամբ 29.800 ծառ, որից 9500-ը` մշտադալար, իսկ մնացածը` տերևավոր:
Երեք օր տևած շաբաթօրյակի ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել ընդհանուր առմամբ շուրջ 615 բակային տարածքներ, աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 930 խմ կենցաղային և շինարարական աղբ:
Բարեկարգումներից անմասն չի մնացել նաև Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը, որտեղ ծառ են տնկել անձամբ ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը պանթեոն կատարած շրջայցի ժամանակ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացնում է, որ պանթեոնի բարեկարգման հիմնական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրեր առաջ, նախատեսված է ամբողջովին թարմացնել քայքայված սալահատակը, վերակառուցել ճեմուղիները, բարեկարգել որոշ արձաններ և պատվանդաններ:
«Այգու կանաչ հատվածն ամբողջովին բարելավվելու է։ Այգին բերվելու է բարետես վիճակի»,- ասում է Արեյանը։
Երևանի օդի աղտոտվածության 70-80 տոկոսը տրանսպորտային միջոցների արտանետումների և հակաէկոլոգիական քաղաքաշինության հետևանք է, և, ըստ բնապահպանների, պարբերական ծառատունկերը Երևանի համար անհրաժեշտություն են:
Նախորդ երկու շաբաթ օրերը ևս հայտարարված էին շաբաթօրյակի օրեր, որոնց ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ:
Մայիս 24, 2011 at 12:46
