

Ա1+
Նալբանդյան 106 հասցեում բարձրահարկ շենք կառուցելու շուրջ բնակիչների եւ «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունները շարունակվում են:
Բնակիչները հավատացնում են, որ ընկերությունը նախկին մանկապարտեզը քանդելուց եւ մի քանի հաստաբուն ծառեր հատելուց հետո այժմ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքին պատկանող փոքրիկ այգին է քանդել մտադրվել,
որտեղ էլ բաց երկնքի տակ դրված են քանդակագործի աշխատանքները:
Այսօր առավոտից բնակիչները հերթափոխով սպասում են այգին քանդել պատրաստվող ընկերության աշխատակիցներին` կանխելու համար այդ: Վաղ առավոտյան այգի է եկել նաեւ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ հավատացրել, որ ինքը նույնպես նրանց կողքին կլինի:
Ընկերության ներկայացուցիչները Ղուկաս Չուբարյանի դստերը` Անուշ Չուբարյանին, «լավության կարգով» տեղեկացրել են եւ պահանջել, որ քանդակները հանի այգուց:
Թեեւ բանվորները այսօր մինչեւ ժամը 9:00 ժամանակ էին տվել այգին ազատելու համար, սակայն դեռեւս չեն ժամանել:
«Մայրիկիս զանգել են եւ ապա բանվորները եկել եւ զգուշացրել են, որ ձեր փասափուսեքը հավաքեք, որ բուլդոզերի տակ չընկնի, որովհետեւ այսօր գալու ենք քանդենք: Մենք ձեզ լավություն ենք անում, ասում ենք»,- «Ա1+»-ին ասաց նա:
Անուշ Չուբարյանը պատմեց, որ հողակտորը իրենց է անցել իր պապիկի` Հայաստանի առաջին Հանրապաետության Սահմանադրության հեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր Գրիգոր Չուբարյանի կողմից` դեռեւս 1920-ական թվականներից:
«Հողի սեփականությունը ապացուցող թղթերը կան, եւ արխիվներում եւ տանը: Ստացվում է այնպես, որ այն ինչ բոլշեւիկները չկարողացան խլել 37 թվականին եւ պապիկս կարողացավ պահել Բերիայի ձեռից, խլեցին սրանք»,- նշեց նա:
Դեռ 2 տարի առաջ հոր քանդակները իրենց տարածքում ներկայացնելու եւ այն մշակութային կենտրոն դարձնելու նպատակով Անուշ Չուբարյանը դիմել էր քաղաքապետարանին, սակայն ստացել մերժում: Բայց փաստորեն տարածքն արդեն տրամադրվում է ինչ-որ շինարարական ընկերության:
Ի դեպ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ այս տարածում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները ուսումնասիրելու նպատակով:
Սակայն բնակիչները հավատացրեցին, որ շինարարությունը շարունակվում է:
Մայիս 26, 2011 at 14:47
