

ԷկոԼուր
Դալմայի այգիների հողօգտագործողների բողոքի ակցիաները սովորական են դարձել, քանի որ ոչ ոք չի ցանկանում լուծել նրանց գլխավոր խնդիրը` կորցրած հողերի համար փոխհատուցում տրամադրելը: Մայիսի 27-ին նրանք կրկին հավաքվեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: «Երևանի քաղաքապետը 3-4 շաբաթ առաջ ընդունել էր ակցիայի մասնակիցներից մի քանիսին և խոստացել էր «անհատական մոտեցմամբ» կարգավորել 48 հոգու խնդիր: Առ այսօր ոչ մեկի հարցը լիովին լուծված չէ: Ասում են` քաղաքապետի դիրքորոշումը մնացել է նույնը: Ցավոք` ժողովրդի վիճակն էլ չի փոխվել»,- ասված է «Facebook» սոցիալական ցանցի «Ecolur.org» սոցիալական խմբում հողոգտագործողների նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հողօգտագործողներն արդեն անցել են դատական գործընթացներ, եւ դատական ատյաններում նրանց հայցերը մերժվել են: Նրանց գործը քննել է նաեւ Օրհուսի համապատասխանության կոմիտեն, որը որոշում է ընդունել այդ հարցում Հայաստանի կողմից կոնվենցիայի դրույթների չպահպանման մասին: Այժմ բոլոր հողօգտագործողների անունից նախաձեռնող խումբը մտադիր է անցնել ավելի արտահայտիչ գործողությունների, օրինակ` նստացույցի կամ երկրից հեռանալու դիմում են ներկայացնելու, քանի որ, ըստ նախաձեռնողներից մեկի, իրենց հրահրում են:
Մինչ հողօգտագործողները պաշտպանում են իրենց իրավունքները, Երեւանի պատմական հպարտությունից` Դալմայի այգիներից, ոչինչ չի մնացել, եւ տարածքում գործնականում առանձնատներ են կառուցվել:
Մայիս 27, 2011 at 12:38
