Փոս ծառ տնկելու, թե՞ բանկ կառուցելու համար

Փոս ծառ տնկելու, թե՞ բանկ կառուցելու համար

ԷկոԼուր

Մայիսի 27-ին Արմավիրից «ԷկոԼուր»-ը ստացավ հետեւյալ հաղորդագրությունը եւ լուսանկարները:

«Դեռ մեկ շաբաթ առաջ, արմավիրցիներն անհանգստացած էին, ահազանգում էին, ասում էին Արմավիրի քաղաքային զբոսայգում ծառահատում է կատարվում: Ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ զբոսայգու այդ հատվածը վաճառված է և ծառահատումն իրականացվում է շինարարության նպատակով: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն էլ ծառահատում բառը այլ կերպ ձևակերպեց, ասած թփուտներն ենք մաքրում, նոր ծառեր տնկելու նպատակով: Հիմա արդեն ծառերը չկան, չկան նաև քաղաքապետի թփուտները, տարածքը մաքրված է համ ծառերից, համ էլ թփուտներից: Ամեն ինչ պատրաստ է, փոսն էլ փորված: Բայց հազիվ թե, որևէ մեկը հավատա, որ այդ փոսը ծառ տնկելու համար է: Եթե այդչափ հաստաբուն ծառ գտնվի ու այդ փոսում տնկվի, ուրեմն Արմավիրը Գինեսի գրքում հաստատ տեղ կգրավի: Ռեկորդային իրավիճակներ Արմավիր քաղաքում Արմավիրի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ հաճախ են կազմակերպվում, դժվար  թե արմավիրցին իր հիշողությունից ջնջած լինի մանկապարտեզի տարածքի ծառահատումն ու երեխաների խաղահրապարակը առևտրի կենտրոն դարձնելու  հստակ մշակված ու իրականացված ծրագիրը: Բայց, անրադառնալով զբոսայգուն,  միայն նշենք, որ Ùáï 800 ù³é³ÏáõëÇ Ù»ïñ տարածքում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ամեն ինչ ի սկզբանե պարզ էր, տարածքը մաքրվում էր բանկ կառուցելու նպատակով, հետևաբար, ծառահատումն էլ տեղի էր ունենում բանկի հիմքը փորելու նպատակով: Շրջանառվող լուրերի համաձայն բանկը կառուցում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Որպեսզի այս անգամ էլ Ռուբեն Խլղաթյանը արդարանալու համար չասի թե սա եկեղեցու շինարարությունն է, ներկայացնենք և բանկի և եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են միմյանցից 10 մետր հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արմավիրը քիչ-քիչ զրկվում է թոքերից
Մարիամ Արսենյան, Առավոտ

Հանրապետական կուսակցությանն ու Մայր աթոռին չի հուզում եւ հետաքրքրում արմավիրցիների առողջությունը

Արմավիրի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը իսկական կոտորած է կազմակերպել քաղաքի զբոսայգում: Բնակիչների աչքի առաջ մեկը մյուսի ետեւից գետնին են տապալվում հաստաբուն, դեկորատիվ ծառերը: Ավելի քան 20 ծառ արդեն զրկվել է հողից, արմատից, կյանքից: Քաղաքն էլ՝ թոքերից ու մաքուր օդից: Արմավիրը այգիներով ու կանաչով առանձնապես հարուստ չէ եւ անգամ մեկ ծառը ազդեցություն թողնում է:

Տապալված ծառերի կողքով անտարբեր անցնող արմավիրցիներից «Առավոտը» փորձեց հետաքրքրվել առաջին հերթին անտարբերության պատճառի կամ պատճառների մասին: «Մարդիկ են կոտորվում, դուք ծառերի դարդն եք լացո՞ւմ»,- անփույթ նետեց կոկիկ հագնված մի կին՝ չցանկանալով շարունակել դեռ չսկսած զրույցս:

«Երեւի ինչ-որ բան է կառուցելու, որ ծառերը կտրում է: Թե չէ՝ ինչի՞ պիտի փրթի-թափի»,- ասաց Արտաշես պապը, ում կարծիքով՝ քաղաքապետն իր մտածածը կանի, եթե որոշել է՝ ոչ ոք նրան չի կարող խանգարել: «Էդ մենակ իրա ուզելով չի: Ասում են՝ ավագանին ա որոշել, որ ծառահատում անի, էդ տեղը տա ինչ-որ երեւանցու: Լսել եմ՝ իր բարեկամ Հայրապետյան Ռուբիկին ա խոստացել: Ասում են՝ նա էլ բանկ ա սարքելու»,- ընկերոջը լրացնելով շարունակեց Հովհաննես պապը:

Զբոսայգին Արմավիր քաղաքի գրեթե հասակակիցն է: Ավելի քան 70 տարեկան այգու առաջին ծառերը, որոնք Խլղաթյանի ձեռամբ հատվել ու դարձել են վառելափայտ, միակ կամ գրեթե միակ հովանին էին քաղաքի բնակիչների համար: Արմավիրցիների ասելով՝ թեեւ մի այգի էլ քաղաքի կենտրոնում կա, բայց բնակիչներն իրենց հանգիստը հիմնականում այս զբոսայգում են կազմակերպում:

Կենտրոնի այգին, որին արմավիրցիները Հերոյանի այգի են անվանում, քանի որ նախկին մարզպետն այստեղ մասսայական ծառատունկ էր կազմակերպում, եւս կորցրել է իր նշանակությունը եւ վերածվել շինհրապարակի: «Այդտեղի հողն էլ է Խլղաթյանը մեջ-մեջ արել մերձավորների հետ, արդեն հիմքեր են փորում, որ շինարարություն սկսեն»,- ասաց ներկայանալ չցանկացող արմավիրցին, որը, ի տարբերություն իր համաքաղաքացիներից ոմանց, ում հանդիպեց «Առավոտը», սրտի ցավով էր խոսում ծառերի սպանդի մասին. «Եթե իմ բակի ծառերը կտրեին, գուցե այդպես չցավեի, բայց զբոսայգու ծառերի համար շատ եմ ափսոսում»: Զրուցակցիս ասելով՝ քաղաքապետի կացնին զոհ գնացած ծառերի տնկիները դրվել են Արմավիր քաղաքի առաջին բնակելիների կառուցման օրը. «դրանք այս քաղաքի պատմությունն ու բնավորությունն էին իրենց մեջ ամփոփում: Գուցե ասածս ռոմանտիկ հնչի, բայց դրանք իրոք այս քաղաքի կենսագրության մի մասն էին»:

Հիշեցնենք, որ Արմավիրի Աբովյան փողոցի Հերոյանի այգի անունը ստացած այգու մասին «Առավոտը» գրել է դեռեւս 2009 թվականի հուլիսի 25-ին: Մոտ երկու հեկտար այգու 4900 քմ-ն հատկացվել է Մայր աթոռին՝ եկեղեցի կառուցելու նպատակով: 4900 քմ այգու կորուստը մեծ վնաս է տալու քաղաքին: Մարդիկ առաջարկում են եկեղեցի կառուցել նշված այգուց ոչ շատ հեռու գտնվող մշակույթի պալատի հարեւանությամբ՝ ամայի տարածքում: Մայր աթոռը, սակայն, համառորեն ուզում է վերացնել Արմավիրի թոքերը:

«Առավոտի» հարցին, թե 20 ծառերի հատումը արմավիրցիները ինչո՞ւ են լռության ու անտարբերության մատնում, ներկայանալ չցանկացող նույն արմավիրցին ասաց՝ անտարբեր չեն, ուղղակի վախենում են: «Դեռ թարմ է ընտրությունից հետո տղաների նկատմամբ նրա հալածանքները: Մեկին էլ որ կալանավորեցին, ավելի զգուշավոր դարձան: Վախենում են: Գիտեն, հենց աչքի ընկան՝ կորած են: Բացի այդ՝ քանի անգամ համոզվել են, որ ոչինչ փոխել չեն կարող, ինչպես որ չկարողացան փոխել ընտրություններով: Քանի դեռ իշխանությունները ռուբիկխլղաթյաններին երես է տալիս, այսպես էլ լինելու է. ոչ թե ժողովրդի, այլ նրա նմանների թուրն է կտրելու»,- եզրակացրեց զրուցակիցս:

Մայիս 27, 2011 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր