

Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն, Lragir.am
Նալբանդյան 106/1 հասցեում շարունակվում է բնապահպանական պայքարը՝ հանուն կանաչ միջավայրի և ընդդեմ կետային կառուցապատման հերթական հրեշավոր ծրագրի, որն անօրինական ճանապարհներով սպառնում է տարածվել՝ ոչնչացնելով Երևանի փոքր կենտրոնի սակավաթիվ բակերը:
Այսօր նշված հասցեում «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից կազմակերպված «Քաղաքը՝ երեխաներին» խորագրով ակցիան անցավ ակտիվ և ուրախ մթնոլորտում: Բնակիչներն իրենց երեխաների հետ միասին հրապարակեցին բազմաթիվ ցուցապաստառները, որոնցից մեկի պատկերավոր բովանդակությունը թերևս արձագանքում է ակցիայի ընդհանուր գաղափարին. ո՛չ բարձրահարկ էլիտար շենքերին և այո՝ արևին ու կանաչ տարածքներին: Մինչ երեխաները նկարում էին ամենուրեք՝ գույնզգուն կավիճներով արտահայտելով իրենց ուրախությունը՝ բնակիչների նախաձեռնությամբ հրավիրված փողային նվագախումբն արարողությանը իսկական տոնական երանգ էր հաղորդում:
Հիշեցնենք, որ թերի արձագանքի արժանացած բազմաթիվ դիմում-ստորագրահավաքներից հետո Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում իրականացվող ապօրինի շինարարության առնչությամբ մայիսի 17-ին «Ժառանգություն» կուսակցության խորհդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
Այսօրվա ակցիային հաճույքով հետևեց թե՛ ինքը՝ Ստեփան Սաֆարյանը, թե՛ Անահիտ Բախշյանը, ում բացառիկ զորակցությունն իրենց իրավունքների համար պայքարող ժողովրդին, անգնահատելի ոգևորիչ հանգամանք է և յուրատեսակ մի փարոս, որը հաջողությամբ կենտրոնացնում է Երևանում կետային կառուցապատման բիզնես-ծրագրերից տուժած բնակիչներին:
Ահա այսպես էր, որ Նալբանդյան 106/1-ի ակցիային միացան նաև Տերյան, Լալայանց և Կողբացի փողոցների բնակիչները: Իսկ ակցիայի ավարտից հետո քաղաքացիները շարժվեցին ուղիղ դեպի Կողբացի 42 հասցեի ներբակային տարածք, որտեղ կրկին փողային նվագախմբի ոգեշնչող հնչյունների ներքո իրականացվեց նմանատիպ ակցիա:
Լռակյաց քաղաքապետարանին և նույնիսկ աշխատանքային օրվա ավարտից հետո բնակիչների հանգիստը խանգարող քանդարար կառուցապատողներին ուղղված տեղեկույթը հստակ է. քաղաքային իշխանությունները պետք է ծառայեն քաղաքացիների շահերին, իսկ կառուցապատողը պետք է ենթարկվի այն որոշումներին, որոնք սեփական միջավայրի ապագան կերտելու գործում հանրության գործուն մասնակցության և հետևողական պայքարի արդյունքում կայացվում են պատկան մարմինների կողմից:
Որքան էլ համառեն օրինազանց կառուցապատողները և որքան էլ քաղաքային իշխանությունները փորձեն աչք փակել իրողությունների վրա, նմանատիպ քաղաքացիական ակցիաների շղթայական և պարբերական բնույթն այլևս երաշխավորված է: Ու քանի դեռ երևանցիների, նրանց երեխաների և քաղաքային միջավայրի առողջ ապագան չի սահմանվում որպես բացառիկ գերակա շահ, մնացյալ բոլոր «գերակա շահերը», ինչպես նաև «էս տարածքը գերական շահ ա» արտահայտությունը հստակ գիտակցվելու են ընդամենը որպես մի քանի չինովնիկների ստվերային ծրագրերն առաջ մղելու կարգախոս:
Հունիս 02, 2011 at 16:49
