Կոյուղագիծն անցկացվեց

Կոյուղագիծն անցկացվեց

Ա1+

Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների ահազանգերն ու բողոքներն ապարդյուն անցան: Իրենց բակում` նախկին մանկապարտեզի տարածքում կառուցվող բարձրահարկ շենքի համար ի վերջո կոյուղագիծ անցկացվեց:

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի թույլտվությամբ` շինության համար մի քանի օր շարունակ կոյուղագծի անցկացման աշխատանքներ էին իրականացվում: Բնակիչներից Գրիգոր Ղազարյանն «Ա1+»-ին ասաց, որ ի վերջո «արեցին իրենց անելիքը»:

«Վերջին 3 օրում «Ավագ Շին» ընկերության աշխատակիցները մինչև գիշերը ժամը 5-ն աշխատում էին ու վերջիվերջո անցկացրին այդ կոյուղագիծը»,-պատմեց Գրիգոր Ղազարյանը:

Նշենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2010թ. Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» տարածքը վաճառքի ձևով օտարել էր «Ավագ Շին» ընկերությանը, որը բարձրահարկ շենքի շինարարական աշխատանքներ էր սկսել:

Սակայն այս տարվա մայիսին Քաղաքաշինության նախարարի հրամանով կասեցվել էր շինարարությունը: Նախագծային փաստաթղթեր չլինելու վերաբերյալ բնակիչները բողոքները տեղ էին հասել: Նրանց պաշտոնական նամակով տեղեկացրել էին, որ վարչապետի կողմից ստեղծվել է այս խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:

Քաղաքաշինության նախարարությունից «Ա1+»-ին պատասխանեցին, որ նորակառույց շենքի շինարարական աշխատանքները կապ չունեն կոյուղագիծ անցկացնելու հետ, դրա թույլտվությունը կա, և ինչ շինություն էլ կառուցվի, միևնույն է` դրան կոյուղագիծ անհրաժեշտ է:

Ի դեպ, հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը տվյալ հասցեում կոյուղագիծ անցկացնելու թույլտվության մասին փաստաթուղթը ստորագրել էր մայիսի 28-ին` ոչ աշխատանքային օր:

Հունիս 10, 2011 at 11:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր