Երեւանի Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանում է

Երեւանի Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանում է

Երեւանի Կենդանաբանական այգու տնօրենը պատասխանեց armenology.livejournal.com կայքի հրապարակմանը:

Ստորեւ ներկայացված են մամուլում հրապարակված նյութերը:

Սեւ կարապները սատկել են անհայտ վիրուսից
Երեւանի կենդանաբանական այգու մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին երկու սև կարապ է տրամադրել «Օպելա» ՍՊԸ-ին, որը գործարկում է Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճը: Ընկերությունը դիմեց այգուն կարապներին վարձակալելու խնդրանքով, քանի որ լիճը շատ հարմար բնական միջավայր է կենդանիների այս տեսակի համար: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, կենդանաբանի հետ խորհրդակցելուց հետո, որոշեց համաձայնել և տրամադրել կարապներին մինչ 2011 թվականի նոյեմբեր ամիսը: Փոխանցումը արվել է գրավոր պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավական պարտավորությունները:

Վերոհիշյալ կանոնադրությունը հնարավորություն է տալիս Երևանի կենդանաբանական այգուն եկամուտ ստանալ կենդանիների վաճառքից և վարձույթից:  Այսպիսով, նախկինում կենդանիների առևտուրը եղել է եկամտի կարևոր աղբյուր հաստատության համար: Նոր ղեկավարությունը դադարեցրել է այդ պրակտիկան, քանի որ այն չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Երևանի կենդանաբանական այգին այլևս ոչ վաճառում է կենդանիներ, և ոչ էլ` բուծում նպատակային վաճառքի համար վաճառքի նպատակով: Ավելին, ղեկավարությունը նաև որոշեց դադարեցնել հազվագյուտ կամ զգայուն կենդանական տեսակների (օրինակ խոշոր կատվազգիների, արջերի, գիշատիչ թռչունների և այլն) վարձույթը: Երևանի կենդանաբանական այգին այժմ ուղղորդվում է խիստ սահմանափակ կենդանիների ցանկով եւ վարձույթի տալիս է միայն այն կենդանիներին, որոնց համեմատաբար  հեշտ է խնամելը կամ որոնք առանձհանահատուկ խնամքի կարիք չունեն: Որոշ թռչնատեսակներ, այդ թվում նաև սև կարապները պատկանում են այդ կենդանիների խմբին:

Վարձակալողը ոչ միայն երաշխավորում է, որ կենդանիները պահվելու են համապատասխան տարածքում, այլ նաև ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը  կենդանիների հիվանդության և մահացության դեպքում և փոխահատուցում է վնասը:

Ցավոք, կարապների զույգը, որը տրվել էր «Օպելա» ընկերությանը, մահացավ  տեղափոխումից կարճ ժամանակ անց: Սատկած թռչունները հետազոտվել են Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորորշիչ կենտրոնում: Ստացված արդյունքների համաձայն` երկուսն էլ վարակված են եղել վիրուսային ինֆեկցիայով:

Ընդհանուր առմամբ, կենդանիների խնամքը Երևանի կենդանաբանական այգում  բավականաչափ բարելավվել է վերջին շաբաթների ընթացքում: «Արտիս» կենդանաբանական այգու երկու անասնաբույժների աշխատանքի շնորհիվ փիղը, ինչպես նաև մի քանի խոշոր կատվազգի կենդանիներ այժմ ավելի լավ վիճակում են գտնվում: Շատ հավանական է, որ Մարկ Հոյերը` Արտիսի գլխավոր անասնաբույժը, հուլիս ամսին վերադառնա, ոչ միայն ստուգելու համար բուժված կենդանիների վիճակը, այլ վերապատրաստելու հետաքրքրված գործընկերներին, որոնք ցանկանում են ավելին իմանալ վայրի կենդանիերի բժշկական խնամքի վերաբերյալ:

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է բոլոր հետաքրքրված լրագրողներին այցելել կենդանաբանական այգի` անձամբ տեսնելու եւ պատկերացում կազմելու այգում տեղի ունեցող նոր զարգացումների, հատկապես բեզոարյան այծի և մուֆլոնի հաջող բուծման վերաբերյալ: Երկու կենդանատեսակներն էլ վտանգված տեսակներ են` գրանցված Կարմիր Գրքում: Երկարաժամկետ հեռանկարում Երևանի կենդանաբանական այգին հույս ունի դառնալ Հարավային Կովկասի հազվագյուտ կենդանատեսակների բազմացման կենտրոն` անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո նրանց վերադարձնելով վայրի բնություն:

Կենդանաբանական այգում 2010 թ. սատկած թռչունները
Lragir.am

Հունվար- 1 գլ. Սարի սագ, 1 գլ. Արքայական փասիան, 1 գլ. Երգող թութակ, 1գլ. Ճահճային մկնաճուռուկ,
Փետրվար-  2 գլ. Մարմարյա չիրոկ, 1գլ. Սիրամարգ,
Մայիս -1գլ.  Սիրամարգ,
Օգոստոս-  1 գլ. Թութակ նանդիա,
Սեպտեմբեր – 2գլ. Ոսկյա փասիան,
Հոկտեմբեր – 1 գլ. Թագավորական փասիան,  1գլ-Մանդարինկա,  3 գլ.- Կարմիր բադ,
Նոյեմբեր – 1 գլ. Ոսկյա փասիան, 1 գլ. – Սարի սագ,  1 գլ.- Սիրամարգ,
Դեկտեմբեր -2 գլ.- Կարելիա թութակ, 2 գլ.-Կարմիր Բադ:
Այլ`
1 գլ.- Ասիական ընձառյուծ, 1 գլ.- Աֆրիկյան ջայլամ,  2գլ.- Կանաչ իգուան,  1գլ.- Պտտակավոր եղջերու, 2գլ.- Հայկական մուֆլոն, 1գլ.-Շերտավոր բորենի:
 
Կենդանաբանական այգում 2011 թ. մարտ ամսին սատկած թռչունները`
2 գլ.-Որսորդական փասիան,  1 գլ.-Սև ագռավ,  2 գլ.- Ռումիանական փասիան, 2 գլ. Որսորդական փասիան.

Այլ` 1 գլ.- Անտիլոպա,  1 գլ.- Տնական ավանակ:

Կարապետյանը երգեց չոռնի կարապների երգը
Հայկական Ժամանակ

Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Ամստերդամի եւ Երեւանի կենդանաբանական այգիների տնօրենների հետ առաջ էր քաշել Երեւանի կենդանաբանական այգու հենքի վրա «տարածաշրջանային ուսումնական կենտրոն» ստեղծելու գաղափար: Այլ կերպ ասած, մեր կենդանաբանական այգին էլ են դարձնելու մոտավորապես համաշխարհային կենտրոն: Հաշվի առնելով Հայաստանում տարատեսակ համաշխարհային կենտրոններ ստեղծելու` վերջին մի քանի տարիների փորձը, քաղաքապետի այս հայտարարությունը վատ հետեւանքներ պետք է ունենար:

Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում մեր կենդանաբանական այգու կենդանիները սատկում են: Մասնավորապես սատկել են սեւ կարապներից երկուսը, որոնց վարձակալության հանձնելով «Պարզ լճի» շրջակայքում «հանգիստ կազմակերպող» ընկերությանը, կենդանաբանական այգին փող էր «աշխատում»: Բայց խնդիրը միայն այն չէ, որ կարապները սատկել են: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը չափազանց գոհ կլիներ, եթե մեր թղթակցի հետ զրույցում իրեն հաջողվեր թաքցնել այդ փաստը: Նրան ավելի շատ հետաքրքրել է, թե որտեղից է տեղի ունեցել կարապների սատկելու մասին տեղեկության արտահոսքը: Նա սկզբում հրաժարվել է ասել, թե ում են «վարձակալությամբ» հանձնված եղել կարապները, ինչից արդեն կարելի էր ենթադրել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Եւ միայն օրվա վերջին, երբ ակնհայտ է դարձել, որ կարապների սատկելու պատմությունը այլեւս թաքցնել հնարավոր չէ, կենդանաբանական այգու տնօրինությունը պաշտոնապես մեզ տեղեկացրել է, թե որտեղ են սատկել դրանք: Այս պատմությունը ցույց է տալիս, որ մեր կենդանաբանական այգին կարող է դառնալ տարածաշրջանային կամ համատիեզերական կենտրոն ճիշտ այնպես, ինչպես արդեն «դարձել են» Գյումրին, Դիլիջանը, Ջերմուկը …:

Սեւ կարապները սատկել են
Աննա Զախարյան, Հայկական ժամանակ

Հունիսի 10-ին մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին սատկել են Երեւանի կենդանաբանական այգու երկու սեւաթույր կարապներ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` սատկել են նաեւ պերուական ուղտայծեր` «լամաներ», ու ենոտատիպ շնիկներ: Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեծագույն դժկամությամբ մեկնաբանեց այս տեղեկությունները` անպայման ցանկանալով պարզել դրանց աղբյուրը: «Շատ էական է, գուցե խաբել են ձեզ»,- նկատեց նա: Այնուհետեւ կենդանաբանական այգու տնօրենը կարապներին վերաբերող ցանկացած հարցի տալիս էր միեւնույն պատասխանը. «Երկու օրից տվյալները կունենանք, որից հետո ես ամբողջական պատասխան կարող եմ տալ»: Ռուբեն Խաչատրյանը, սակայն, հաստատեց, որ կարապների լեշերը լաբորատոր փորձաքննության են ենթարկվում` պարզելու թռչունների սատկելու պատճառը:

Երկու օր հետո, ըստ նրա, հայտնի են դառնալու հենց այդ փորձաքննության արդյունքները, եւ այդ ժամանակ էլ նաեւ կասի, թե ում էին տվել սեւ կարապները: Թռչուններին կենդանաբանական այգուց դուրս ի պահ հանձնելու իրավունք, այգու տնօրենի խոսքով, կանոնադրությունն ընձեռում է: «Խնամակալության եւ ի պահ տրվելիք կենդանիների հնարավորություն մենք ունենք, որ պայմանագրով նշված հստակ կետերով, ժամկետով տալիս ենք` վստահ լինելուց հետո, որ կարող են պահել ու ճիշտ պահել, ֆինանսական միջոցներ ունեն: Տեղանքին ծանոթանալուց հետո որոշում է կայացվում` տալ կամ չտալ»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը: Բայց այս ամենով հանդերձ` թռչունները սատկել են, ինչը նշանակում է, որ այգու ղեկավարությունը կամ առանձնապես լրջորեն խորամուխ չի եղել` պարզելու համար, թե ինչ պայմաններում են ապրելու կարապները, կամ էլ իրականում չեն կարողանում որոշել, թե դրանք ձեռք բերել ցանկացող ընկերությունների առաջարկած պայմաններն արդյոք լիարժեք համապատասխանո՞ւմ են թռչունների պահանջներին:

Ինչ վերաբերում է ուղտայծերին, ապա, ըստ մեզ հասած տեղեկությունների` սատկել են արուն, երկու ձագուկները, իսկ էգ ուղտայծը վիժել է: Սատկելու մասին լուրերը հերքելով` կենդանաբանական այգու տնօրենը պատասխանեց. «Էգը, այո, վիժել է, եւ երկրորդ տարին է, որ վիժում է: Դրա պատճառներից մեկը կարող է այն լինել, որ արուն, որի հետ միասին ապրում են, իր հայրն է: Եւ կուսումնասիրվի` ինչն է պատճառը: Իսկ էգի առողջական վիճակը, որը վիժել է, այսօր արդեն բավարար է»,- ասաց մեր զրուցակիցը: Ենոտատիպ շնիկների սատկելը եւս նա, ի վերջո, հաստատեց: Խոսքը վերաբերում է երկու կենդանու: «Կենդանատեսակներ կան, որոնք նման պայմաններում պահվելով, քանի որ շատ նեղ են իրենց վանդակները եւ ոչ գրագետ ձեւով է այդ ամենն այստեղ կազմակերպված, ինչը շտկվելու համար ժամանակ է հարկավոր, կարող են հրաժարվել իրենց ձագերը պահելուց: Այդ ձագերին, որպեսզի չկորցնենք, իրենց մոտից վերցվում է, եւ արհեստական կերակրվում է, որպեսզի ապրեն: Ենոտատիպ շնիկների հետ էլ նույնն է տեղի ունեցել, բայց միշտ չէ, որ հաջողվում է այդ կենդանիներին փրկել»,- հայտարարեց Ռուբեն Խաչատրյանը:

Հ.Գ. Նշենք, որ երեկ` ավելի ուշ, կենդանաբանական այգուց զանգահարեցին եւ հայտնեցին, որ սատկած կարապների լեշերի լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են կամ, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել` հայտնի են մասամբ: Ըստ այդմ, հերքվել է կարապների թունավորված լինելու վարկածը: Դեռեւս, սակայն, պետք է պարզել, թե արդյո՞ք թռչունները սատկել են ինչ-որ վարակից, քանի որ գտնվել են բաց տարածությունում: Կենդանաբանական այգուց մեզ նաեւ հայտնեցին, որ սեւ կարապներն ի պահ էին տվել Պարզ լճի շրջակայքում հանգիստ կազմակերպող ընկերությանը` չնշելով դրա անվանումը: Կարապներն իրենց նոր բնակավայրում պետք է մնային մինչեւ նոյեմբեր: Իսկ յուրաքանչյուր թռչունի դիմաց Կենդանաբանական այգուն վճարվել է 150 հազար դրամ: Իրավական հարցերը հստակեցնելուց հետո, սակայն, ենթադրվում է, որ սեւ կարապներին վարձակալած ընկերությունը ստիպված կլինի նաեւ որոշակի տուգանք մուծել:

Պերուական այծերի սատկելու լուրը նախկին տնօրենի ինտրի՞գն է
Tert.am

Կենդանաբանական այգու երկու սևաթույր կարապները սատկել են։ Tert.am–ի հետ զրույցում այս լուրը հաստատեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ կարապների սատկելու մասին տեղեկությունը armenology.livejournal.com–ում հրապարակել էր «Մաուգլի» ներկայացած հեղինակը։

«Այդ հրապարակմանը ծանոթ եմ, այդտեղ բավականին խեղաթյուրված ինֆորմացիա է։ Իրականությանը համապատասխանում է միայն այն, որ երկու սևաթույր կարապները սատկել են»,– ասաց տնօրենը՝ պատմելով այդ դեպքի նախապատմությունը։ Խաչատրյանի խոսքով՝ օրինական պայմանագրով ինքը մոտ 3 շաբաթ առաջ երկու կարապներին տվել է Պարզ լճի մոտ գտնվող կառույցին՝ ժամանակավոր պահպանման համար։ «Պայմանագրով կարապները նրանց մոտ պետք է լինեին մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, սակայն դրանից չանցած մեկ շաբաթ կարապները սատկել են ինչ–որ վիրուսից, որի անունը պարզ չէ։ Մենք չունենք այդ լաբորատոր հնարավորությունները՝ պարզելու հիվանդության անվանումը», նշեց տնօրենը։

Վերոհիշյալ հրապարակման մեջ անդրադարձ կար նաեւ պերուական ուղտայծերի ճակատագրին. «Գորշ ամպեր են կուտակվել պերուական ուղտայծերի գլխին։ Վերջին օրերի ընթացքում անհայտ պատճառով սատկել են պերուական ուղտայծերի երկու ձագուկները և արուն։ Մյուս էգը վիժել է և գտնվում է բավական ծանր առողջական վիճակում և նրա կյանքին նույնպես վտանգ է սպառնում։ Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով, մոր կաթից կտրել և տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդյունքում ձագուկները սատկել են»։

Այս մասին կենդանաբանական այգու տնօրենն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը։ «Դուք կարող եք անձամբ գալ և համոզվել, թե արդյո՞ք պերուական ուխտայծերը տեղում են, թե ոչ։ Մի խումբ կա, որ փորձում է կենդանաբանական այգում կատարվող բարեփոխումները խոչընդոտել։ Դա նախկին տնօրենի ինտրիգներն են, որով նա փորձում է վերադառնալ կենդանաբանական այգին»,– հայտարարեց Ռուբեն Խաչատրյանը։

Սմբատյանի նվիրած կարապները չեն սատկել. Այգու տնօրենը «դիմադրում է նախկին տնօրենի խարդավանքներին»
Panorama.am

Երևանի Կենդանաբանական այգում առանձնահատուկ ոչ մի բան չի կատարվում, և համացանցում հրապարակված տեղեկությունների հիմնական մասը կեղծ է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե այգու կենդանիների մեծ մասը սատկում է:

Շրջանառվող լուրերի համաձայն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի` այգուն նվիրաբերած 2 կարապները սատկել են: Խաչատրյանը հերքեց այդ տեղեկությունը և տեղեկացրեց, որ կարապներ սատկել են, բայց դրանք այլ կարապներ են եղել: Նա ասաց, որ այժմ սատկած կարապները մինչև նոյեմբեր ի պահ էին տրվել Պարզ լճում հանգստյան գոտիով զբաղվող մի կազմակերպության, և լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են, որ կարապները սատկել են վիրուսից: «Ցավոք սրտի, Հայաստանում համապատասխան տեխնոլոգիա չկա` հասկանալու, թե ինչ վիրուսից են սատկել կարապները», -հավելեց Խաչատրյանը` նկատելով, որ Սմբատյանի նվիրած կարապներն այժմ այգում են և նրանց ոչ մի բան չի սպառնում:

Հարցին, թե ի՞նչ հիմքերով են կարապներն ի պահ տրվել կազմակերպությանը, Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվել է օրինակական ճանապարհով: Նրա խոսքով, Կենդանաբանական այգու ղեկավարությունը հավաստիացել է, որ կազմակերպությունը ի վիճակի է կենդանիներին պահել և նոր միայն նրանց միջև կնքվել է պայմանագիր:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պայմանագրով նախատեսված է նաև տուգանք` եթե կենդանուն ինչ-որ բան պատահի, ապա կենդանու արժեքի չափով կազմակերպությունը պարտավորվում է, բացի վարձավճարից, տուգանք վճարել: Այս գումարը, որով Ռուբեն Խաչատրյանի խոսքով, հնարավոր է գնել վեց նման կարապ, ծախսվելու է հենց կենդանիների ձեռքբերման համար: «Համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո պլանավորել ենք ձեռք բերել կենդանիներ», -հավելեց Խաչատրյանը:

Նույն լուրերի համաձայն, «գորշ ամպեր են կուտակվել» Պերուական ուղտայծերի գլխին, և նրանց երկու ձագուկները սատկել են: Խաչատրյանի խոսքով, նրանք առողջ են ու ապրում են: «Եղել է մի դեպք, որ ուղտածերից մեկը վիժել է, ինչը նախորդ տարի նույնպես եղել էր, և հիմա փորձում ենք հասկանալ, թե երկրորդ տարին իրար հետևից ինչու այդպես եղավ», -նշեց Կենդանաբանական այգու տնօերնը` դա համարելով այգու համար նորմալ կյանք: Նրա խոսքով, ժամանակին մայր կենդանիների մոտ ճիճվաթափություն չի արվել, և այսօր այդ պատճառով, նրանց ձագուկները անկում են ապրում: Նույն պատճառով էլ արդեն 12 տարի շարունակ սատկում են նաև Ենոտական շան ձագուկները: «Այս տարի փորձ է արվել արհեստական պահել ձագուկներին, բայց, ցավոք, չստացվեց, որովհետև կաթի բաղադրության խնդիր կար և ձագերից երկուսը սատկել են», -լուրը հաստատեց Այգու տնօրենը:

Այգու նկատմամբ ինֆորմացիոն «գրոհը» Ռուբեն Խաչատրյանը պայմանավորում է նախկին տնօրեն Սահակ Աբովյանի գործողություններով: Նրա կարծիքով, նախկին տնօրենը նման ճանապարհներով խարդավանքներ է հյուսում այգու ներկայիս ղեկավարության դեմ և հույս ունի դրա արդյունքում վերադառնալ նախկին պաշտոնին: Ավելին, Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախկին տնօրենը այգու մի քանի աշխատակիցների դատարկ թղթեր է տվել ստորագրել և ասել, որ եթե չստորագրեն, ինքը հետ կգա ու աշխատանքից կհեռացնի նրանց: «Ահա, նման ինտրիգներ են պտտվում այգու շուրջ: Շատ ծիծաղելի է», -հավելեց Այգու տնօրենը:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս, Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանում է գտնվում Մասաչուսեթսի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի վարիչը, ում օգնությամբ Կենդանաբանական այգում ստեղծվելու է Էկոլոգիական գիտությունների քոլեջ: «Սա շատ ռեալ տեսլական է, որը այգին փոփոխելու և կրթական կենտրոն դարձնելու նպատակ ունի», -հավելեց Խաչատրյանը:

Բողոք. Սուտ տեղեկություններ են տարածել կենդանաբանական այգու մասին
Aysor.am

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն Aysor-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե սատկել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի կողմից այգուն նվիրաբերված երկու սևաթույր կարապները: Նա վստահեցրեց, որ սատկել են Պարզ լճում «Օպելա» ՍՊԸ կազմակերպությանն ի պահ տրված երկու կարապները:

Կարապները պայմանագրով «Օպելա» ՍՊԸ–ին են տրվել հունիսի սկզբին, ու սատկել մոտ 10 օր հետո:

Կազմակերպությունը 2 կարապները վերցնելու համար նախապես վճարել է մոտ 380 հազար դրամ ու պարտավորվել կարապներին հետ վերադարձնել նոյեմբերին, իսկ կենդանիների հիվանդանալու կամ սատկելու դեպքում` վճարել վերցրածի չափ գումար` որպես տուգանք:

Այգու տնօրենը տեղեկացրեց, որ գումարով, որն ի սկզբանե պայմանագրով տրվել է այգուն կազմակերպության կողմից, կարող են ձեռք բերել ոչ թե 2, այլ 6 կարապ. «Վարձակալումը արժեքային գործոն է, քանի որ կենդանաբանական այգին աշխատում է որպես կառույց, որը պետք է ինքնաֆինանսավորվի»,- ասաց տնօրենը:

Կենդանաբանական այգու Վիվարիումի բաժնի վարիչ Անուշ Ռաֆայելյանը, ով այժմ անասնաբույժի պարտականություններն է կատարում` վերջինիս «աշխատանքի չգալու անհայտ պատճառով», ասաց, որ ինքն անձամբ ներկա է եղել սատկած կարապի լաբորատոր հետազոտությանը, որն անցկացվել է Հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում:

«Արվել են բոլոր հնարավոր հետազոտությունները` թունաբանություն, մանրէաբանություն, բոլոր ինֆեկցիոն հիվանդություների դեմ փորձ է արվել ու եկել են եզրակացության, որ վիրուսային հիվանդություն է, և շատ մեծ հավանականություն կա, որ վարակը մեզ մոտ` այգում չի եղել»,- պատմեց Անուշ Ռաֆայելյանը` հավելելով, որ վարակի նկարագրի մասին մանրամասեր իմանալու համար Հայաստանում, ցավոք, չկան համապատասխան սարքավորումներ:
Իսկ մոտ 20 օր առաջ կենդանաբանական այգում սատկած 8 ամսեկան սպիտակ կարապը եղել է թերի զարգացած. փորձել են արհեստական պահել, սակայն իմունայի համակարգի թերի զարգացման ֆոնի վրա կենդանին սնկային հիվանդություն է ձեռք բերել:

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե սատկել են նաև պերուական ուղտայծերի 2 ձագուկները և արուն, իսկ մյուս էգը վիժել է ու գտնվում է բավական ծանր առողջական վիճակում, և թե Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով մոր կաթից կտրել և տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդյունքում ձագուկները սատկել են, Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Պերուական ուղտայծեր չեն սատկել, միայն վիժման դեպք է եղել: Նախորդ տարի էլ է նույն ուղտայծը վիժել: Վիժումից հետո կենդանին արգանդի հետ կապված խնդիր ունի, ու կարծում եմ, այսօր բուժման ընթացքի վերջի օրը կլինի, իսկ ենոտական շնիկները վերջին 12 տարվա ընթացքում ամեն տարի ունենում են մոտ 4-ից 6 ձագեր, որոնց չեն պահում: Այս անգամ որոշեցինք արհեսատկանորեն պահել: Կոնկրետ ես եմ պահել 20 օր, բայց չստացվեց, որովհետև դժվար էր արհեստական պայմաններում ստանալ փոխարինող կաթի բաղադրությունը` նույն սպիտակուցներով ու յուղայնությամբ, ինչ մայրական կաթն ուներ: Սատկելու համար երկրորդ վարկած էլ կար. մայրը ծննդաբերելիս ունենում է պառազիտ հիվանդություններ, ներարգանդի վարակում է գնում ու հնարավոր է` ձագուկները դրանից էին վարակվել: Իրենք 10 օր աճեցին, ու զարգացումը կանգնեց, սատկեցին»,- ասաց Ա. Ռաֆայելյանը:

Այգու տնօրենը նշեց, որ կենդանաբանական այգին վայր է, ուր կենդանիների սատկելը` ոչ ազատ պայմաններում, չի բացառվում, ինչը նորմալ է աշխարհի բոլոր այգիների համար, «միշտ լինելու է համալրում ու կորուստներ», իսկ բարձրացված աղմուկն ու սուտ տեղեկություններն այն պատճառով են, որ «նախկին տնօրենը փորձում է հետ վերադառնալ»:

«Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ այն, ինչ կատարվում է: Տգեղ բաներ են կատարվում. այսինքն` նախկին տնօրենի բարեկամները, որ մինչև հիմա այդտեղ աշխատում են, խումբ են ստեղծել ու սուտ լուրեր են տարածում: Կարապները զուտ առիթ էին: Սխալ ձևով հանրությանը տեղեկություն ներկայացնելու արդյունքում փորձում են քարկոծել»,- ընդգծեց Ռ. Խաչատրյանը:

Նա վստահ է, որ քարկոծելուն է ուղղված նաև աշխատակիցների կողմից կազմակերպված ստորագարահավաքը, «ու խոսակցությունները, որ եթե չստորագրեք, հին տնօրենը գա, ձեզ աշխատանքից ազատելու է, և այլն»:

Փոխարենը Ռ. Խաչատրյանը վստահեցրեց, որ չի պարտարսվում աշխատանքից ազատել որևէ մեկին` պնդելով, թե «այնքան ծիծաղելի է այս ամենը, որ կուզենայի ինչ-որ ժամանակ հետո մամուլը ճիշտ գնահատական տար բարեփոխումներին»:

Հարցին, թե ինչու՞ աշխատանքի չի գալիս այգու անասնաբույժը, ով կենդանաբանական այգու նախկին տնօրենի մոտ ազգականն է, Ռ. Խաչատրյանը պատասխաեց. «Նախկին բժիշկը, ով երկար տարիներ կենդանիներին տանջել է, ուղղակի չի գալիս աշխատանքի. նույնիսկ Ամստերդամից ժամանած մասնագետների այցի ժամանակ հրավիրեցինք, որ նման մասնագետներ են գալու, փորձի փոխանակում կլինի, չեկավ»:

Խոսքի վերջում Ռ. Խաչատրյանը բողոքեց նաև լրատվամիջոցներից` հատկապես «Էկոլուրից», որը ոչ միայն լրատվամիջոց է, այլև բնապահպանական կառույց ու «սխալ ինֆորմացիա է տարածել ու ոչ մի անգամ ո'չ զանգել է, ո'չ եկել` հավաստիանալու` արդյոք ճի՞շտ է, թե ոչ, և որի համար պատասխանատվություն է կրելու»:

Սեպտեմբերից կենդանաբանական այգուն կից քոլեջ կգործի
News.am

Արդեն այս տարվա սեպտեմբերից Երեւանի կենդանաբանական այգու տարածքում իր գործունեությունը կծավալի հայ-ամերիկյան համատեղ քոլեջը, որտեղ ընդունվողները հնարավորություն կունենան էկոլոգիայի ոլորտին առնչվող մի շարք մասնագիտություններ ձեռք բերել, բացի այդ՝ անասնաբուժություն սովորել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Նախագիծը ներկայացվել է Կրթության եւ գիտության նախարարություն, ծրագիրն այնտեղ հավանության է արժանացել, սակայն քոլեջի ստեղծման գաղափարը դեռեւս քննարկումների փուլում է»,- ասաց նա։

Խաչատրյանի տեղեկացմամբ, քոլեջի հիմնադրման ուղղությամբ արդեն աշխատանքային խումբ է ձեւավորվել եւ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի միջազգային կարգի մասնագետի օգնությամբ փորձ է արվում գործը «գլուխ բերել»:

Կենդանաբանական այգու ներկայիս տնօրենը նշեց նաեւ, որ քոլեջի համար որպես ուսումնական մասնաշենք է ծառայելու է այգու տարածքում գտնվող, ներկայումս բավական խարխուլ վիճակում գտնվող մի շինություն, որը շուտով կվերանորոգվի։

Ամփոփելով՝ Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ քոլեջին զուգահեռ՝ այգու տարածքում սեպտեմբերից գործելու է նաեւ հատուկ դասասենյակ, որտեղ հանրակրթական դպրոցների 6-7-րդ դասարանցի աշակերտները հնարավորություն են ունենալու էկոլոգիական պրակտիկ կրթություն ստանալ։ «Երեխաները կկարողանան մեկ ամբողջ օր դասընթացներ անցկացնել կենդանաբանական այգում, ֆիլմեր դիտել, գործնական պարապմունքներ անել, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի կենսաբազմազանության հետ ծանոթանալ»,- նշեց Խաչատրյանը։

Ապատեղեկատվություն, սուտ, թե տգիտության դրսեւորում
Տարզան, http://armenology.livejournal.com/1792.html

Մենք չէինք սպասում Կենդանաբանական այգու տնօրենի նման արձագանքներին, որոնք լի էին ստերով, ապատեղեկատվությամբ ու տգիտությամբ: Հատկանշական են այն փաստերը, որոնք մենք արձանագրեցինք 10.06.2011-12.06.2012 ժամանակահատվածում և դրանք համադրելով մամուլում և հեռուստատեսությամբ արված հայտարարությունների հետ, տեսնում ենք իրարամերժ, միմյանց հակասող տարբեր դրսևորումներ:

Մեզ հաջողվեց գտնել ս.թ. մարտի 11-ին Մեդիամաքսին տրված մի հարցազրույց` վերնագրված «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մտադիր է տեղափոխել գործող Երեւանի կենդանաբանական այգին դեպի 50 հ տարածք ունեցող բուսաբանական եւ կենդանաբանական գոտի»: Հարկ է նշել, որ Ռուբեն Խաչատրյանը Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ապրիլ ամսվա սկզբներին: Այսինքն դեռ մարտ ամսին նա անկեղծ էր իր ծրագրերի ներկայացման գործում:

Սակայն այս հոդվածը չէր մեր մտահոգության հիմքը, այլ վերջին երկու ամիսների ընթացքում, նորաթուխ տնօրենի նշանակումից հետո, Երևանի Կենդանաբանական այգում տիրող լարված իրավիճակն ու կազմակերպվող միջոցառումներն էին, որոնց արդյունքում ակնհայտ էին կենդանիների առողջության վատթարացման և անկման խնդիրները և ի վերջո հարցականի տակ էր հայտնվում այգու ապագա ճակատագիրը:

Հունիսի 9-ի մեր հրապարակումից երկու օր անց, լրատվամիջոցների շարունակական հարցումների արդյունքում, միայն հունիսի 11-ին, ժամը 16:07-ին ''Բողոք. Սուտ տեղեկություններ են տարածել կենդանաբանական այգու մասին'' վերնագրված www.aysor.am կայք էջից վերջապես տեղեկանում ենք, թե ինչ նպատակով և ում էին տրամադրել երկու սևաթույր կարապները` www.aysor.am/am/news/2011/06/11/ruben-khachatryan/: Պարզվում է, որ. «Կարապները պայմանագրով «Օպելա» ՍՊԸ–ին են տրվել հունիսի սկզբին, ու սատկել մոտ 10 օր հետո:...»: Այս հայտարարությունը խոսում է այն մասին.

1. որ տնօրենը նույնիսկ տարրական մաթեմատիկա չգիտի` հունիսի 1-9-ը ընդամենը 9 օր է: Ստացվում է, որ Դիլիջանում կարապները լողում էին, իսկ մենք այստեղ բարձրաձայնում էինք նրանց մահվան գույժը;
2. որ նման պայմանագիր գոյություն չունի, հակառակ դեպքում կազմակերպության պատասխանատուն հստակ կներկայացներ պայմանագրի առարկան, կնքման օրն ու գործունեության ժամանակահատվածը և նման մաթեմատիկական «բարդ» խնդրի առջև չէր հայտնվի: Այս կարծիքը հիմնավորում է այն փաստը, որ տնօրենի տարբեր աղբյուրների հետ հարցազրույցների համադրման արդյունքում պայմանագրի կնքման տարբեր ժամկետներ ու տարբեր գումարներ է հրապարակվում: Այսպես Tert.am (11.06.2011թ., 12:25)-ին տրված հարցազրույցում պայմանագրի կնքման ժամկետը նշում է մոտ «3 շաբաթ առաջ»: Վերադառնալով հիմնական աղբյուրին, որը տեղեկացնում է.- «Կազմակերպությունը 2 կարապները վերցնելու համար նախապես վճարել է մոտ 380 հազար դրամ...: Իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն` ասենք «Հայկական ժամանակ օրաթերթի, «...յուրաքանչյուր թռչունի դիմաց Կենդանաբանական այգուն վճարվել է 150 հազար դրամ...

3. Ավելին, հավաստի աղբյուրներից փաստում են, որ Երևանի կենդանաբանական այգու բանկային հաշվին նշյալ ժամանակահատվածում, այս նպատակով, որևէ գումար չի փոխանցվել:

Ստացվում է ընդամենը մեկ նախադասություն ու այսքան սու՞տ ... և դեռ բողոքու՞մ են:

www.aysor.am աղբյուրը հրապարակում է. «Այգու տնօրենը տեղեկացրեց, որ գումարով, որն ի սկզբանե պայմանագրով տրվել է այգուն կազմակերպության կողմից, կարող են ձեռք բերել ոչ թե 2, այլ 6 կարապ...».

4. Սա խոսում է տնօրենի բացարձակ անտեղյակության և ոլորտից բավական հեռու գտնվելու մասին: Ըստ տնօրենի ստացվում է, որ յուրաքանչյուր սևաթույր կարապի գինը, համաձայն իր իսկ կողմից հրապարակած գների, կազմում է 50-65 հազար դրամ: Հիշեցնենք, որ այստեղ խոսքը գնում էր «պայմանագրով արդեն վճարված» գումարի մասին, որը տարբեր աղբյուրներից տեղեկանալով կազմում է` 300-380 հազար դրամ:

5. Մեր այն հարցմանը, թե որքան արժե մեկ սևաթույր կարապը, Կիևի կենդանաբանական այգու աշխատակազմից պատասխանեցին` 500-5000 ԱՄՆ դոլլար` կախված կենդանու տարիքից, չափերից և այլն` թերևս կարապների գների մասին կարելի է տեղեկանալ նաև հետևելով կայքից` http://prodam.slando.ru/moskva/lebedi-chernye-belye-chernoshenyy-kupit-mozhno-u-nas_P_32009745.html:

«Կենդանաբանական այգու Վիվարիումի բաժնի վարիչ Անուշ Ռաֆայելյանը, ով այժմ անասնաբույժի պարտականություններն է կատարում..., ասաց, որ ինքն անձամբ ներկա է եղել սատկած կարապի լաբորատոր հետազոտությանը, որն անցկացվել է Հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում...»:

6. Ինչի ասես, որ չեն գնա «խեղճ» աշխատակիցները: Ցավալի է, որ այս մարդիկ կարծում են թե «լավ սուտը հարյուր ճշտից լավ է» ու դրանով փորձում են արջի ծառայություն մատուցել իրենց տնօրենին: Այստեղ կարծում եմ մեկնաբանության կարիք չկա, եթե հղումը տանք lragir.am (10.06.2011, 18:20), asekose.am (10.06.2011), և այլ կայք էջերին, որտեղ որպես պատասխան ասվում է.- «Անուշ Ռաֆայելյանը (չնշելով մասնագիտությունը կամ կրթությունը) ... անասնաբուժական աշխատանքներ է իրականացրել: Սև կարապների ճակատագրից տեղյակ չէ, բայց նշել է, որ պերուական ...»:

«...Տգեղ բաներ են կատարվում. այսինքն` նախկին տնօրենի բարեկամները, որ մինչև հիմա այդտեղ աշխատում են, խումբ են ստեղծել ու սուտ լուրեր են տարածում: Կարապները զուտ առիթ էին: Սխալ ձևով հանրությանը տեղեկություն ներկայացնելու արդյունքում փորձում են քարկոծել»:

7. Ցավալի է, որ դեռևս պարոն Խաչատրյանը չի ըմբռնել այգում տիրող ընդհանուր իրավիճակը և հայտարարությունից հասկանալի է դառնում, որ ստեղծված իրավիճակին ինքն ընդհանրապես չի տիրապետում:
7.1. Ախր, ինչպես կարող էր նա տեղյակ լինել այս ամենից, երբ «ձեռի հետ» Կենդանաբանական այգու տնօրեն է աշխատում: Ղեկավարը, եթե իր նշանակման օրվանից օրվա մեջ ընդամենը 1-2 ժամ է անցկացնում հիմնարկում, բնականաբար չէր կարող այս երևույթները հասկանալ: Եվ ընտրելով պատասխանի ամենահեշտ տարբերակը վերագրում է այս ամենը նախկին տնօրենին: Բանը նրանում է, որ երկամսյա գործունեության ընթացքում հարգարժան տնօրենը այնքան սուտ է խոսել ու այնքան անազնիվ է գտնվել այգու աշխատակիցների նկատմամբ, որ հիմա դրա դառը պտուղներն է քաղում.

7.2. Ապրիլի 29-ի «YouTube.com» կայք էջում տեղադրված մի հարցազրույցում հարգարժան տնօրենը հայտարարում է,- «Բոլորի աշխատավարձերը 20000 դրամով ավելացել ա, իսկ հետևողների, խնամողների համար` 5000 դրամով էս պահին»` http://www.youtube.com/watch?v=Yo5inFwD5pg;
7.3. Այգու արտաբյուջետային մուտքերը ամհիմն ձևով վատնվում են. կնքվել են ինչ որ «Քաղաքացիական պայմանագրեր»` բավական բարձր աշխատավարձներով, որոնք չգիտես ո՞ր օրենքով վերադաս են կարգվել կազմակերպության հաստիքացուցակով աշխատակիցների գլխին:

7.4. Արդյո՞ք այս պայմանագրերի շրջանակում հնարավոր չէր աշխատանքի ընդունել անասնաբուժ և այսօր ամբողջ եթերով չփնտրել անասնաբուժին:

7.5. Այգու տարածքում գտնվող որոշ աշխատասենյակներ, որոնք նախկինում ծառայում էին տարբեր մասնագիտական գործառույթների համար (կենդանիների մաշկում և այլն) վեր են ածվել ջրեղենի և այլ պարենային ապրանքների պահեստների:

7.6. Թռչունների լողավազանը քանդել են, ատրակցիոնների տեղադրման նպատակով:

7.7. Թերևս այս ցուցակը կարելի է բավական երկար շարունակել, սակայն լրագրողներից տեղեկացանք, որ այգու աշխատակիցները դիմել են Քաղաքապետին և պահանջել անհապաղ հանդիպում` Երևանի կենդանաբանական այգում կատարված «բարեփոխումների» արդյունքում առաջացած խնդիրները քննարկելու համար:

«Նա վստահ է, որ քարկոծելուն է ուղղված նաև աշխատակիցների կողմից կազմակերպված ստորագարահավաքը, «ու խոսակցությունները, որ եթե չստորագրեք, հին տնօրենը գա, ձեզ աշխատանքից ազատելու է, և այլն»»: http://www.aysor.am/am/news/2011/06/11/ruben-khachatryan/

8. Սա ուղղակի ծիծաղելի է: Հավանաբար տնօրենը նկատի ունի 7.4 կետում բերված աշխատակիցների ձեռնարկած միջոցառումը, ուստի կարծում ենք, որ 7-րդ կետը ամբողջովին պատասխանում է այս մեկնաբանությանը:


«...Ռ. Խաչատրյանը վստահեցրեց, որ չի պատրարսվում աշխատանքից ազատել որևէ մեկին` պնդելով, թե «այնքան ծիծաղելի է այս ամենը, որ կուզենայի ինչ-որ ժամանակ հետո մամուլը ճիշտ գնահատական տար բարեփոխումներին»»:

9. Այս կապակցությամբ կարող ենք ասել, - «Պարո’ն Խաչատրյան եթե մամուլի փոխարեն նշեիք «ՔԱՂՔԱՊԵՏԱՐԱՆԸ» Ձեզ հետ կհամաձայնեինք», իսկ մամուլը արդեն տվել է ու շարունակելու է տալ իր օբյեկտիվ գնահատականը:

«...Ռ. Խաչատրյանը բողոքեց նաև լրատվամիջոցներից` հատկապես «Էկոլուրից», ... «սխալ ինֆորմացիա է տարածել ու ոչ մի անգամ ո'չ զանգել է, ո'չ եկել` հավաստիանալու` արդյոք ճի՞շտ է, թե ոչ, և որի համար պատասխանատվություն է կրելու»»:

10. Բնականաբար, «Էկոլուրը» լինելով բնապահպանական լրատվամիջոց, Կենդանաբանական այգու տնօրենին բավական լավ պետք է ճանաչի` թե’ գրագիտության և թե’ մասնագիտական տեսանկյունից, ուստի այս քայլով նա արդեն իր պատասխանը տվել է:

«Շանթ» հեռուստաընկերության հունիսի 12-ին «Հորիզոն» հաղորդաշարով տնօրենի արձագանքները
http://www.shanttv.com/am/local/news/2011_06_11/2041/7072/

11. Թերևս չենք անդրադառնում տնօրենի կողմից տրված պատասխանների գրագիտությանը: Այնուամենայնիվ անհասկանալի է մնում, թե ի վերջո իր նշած «...յուրաքանչյուր ոք...այցելում էր այգի ականատես էր լինում, որ նման կեղծիքների և սուտ ինֆորմացիայի վրա է այս ամբողջ տարածումը...» և նորից շարունակում «...Ասեմ, որ իրոք կարապները իհարկե սատկել են...»:

Ինչ է այս մարդը վերջապես ուզում ասել հիմա ո՞րն է այստեղ սուտ.

կարապների սատկելը փաստում է ինքն անձամբ, ենոտական շնիկների նորածին ձագուկների սատկելն ու
պերուական ուղտայծի վիժելը փաստում են աշխատակիցները: Ինչ վերաբերում է ուղտայծի ձագուկների սատկելուն, ապա պետք է ասել, որ ցավոք ծնված ձագուկները որպես այգու գույք ճանաչվում են միայն 3 կամ 6 ամսեկան դառնալուց հետո: Եվ եթե սատկած ձագուկների լեշերը արդեն վայրի կենդանիները ըմբոխշնել են, ապա դա չի նշանակում, որ չեն եղել, պարզապես դա այս պահին հնարավոր չէ ապացուցել:

12. «պատասխանատվությունը կրում է էն կառույցը, որը որ վարձակալել է և դա բոլորովին իրավական հիմքերի վրա է կատարված և ամեն ինչ շատ թափանցիկ և իր տեղում է:

Հավանաբար տնօրենը չի հասկանում «թափանցիկ» բառի նշանակությունը, այն դեպքում երբ NEWS.am (11.06.2011թ.16:28)-ի թղթակցի հետ զրույցի սկզբում նա ներկայացնում է «Երեւանի կենդանաբանական այգում կենդանիներ չեն սատկել՝ ո՛չ կարապներ, ո՛չ պերուական ուղտայծեր, ո՛չ էլ ենոտական շնիկներ. կենդանիների սատկելու մասին սուտ լուրերը տարածում է այգու նախկին տնօերն Սահակ Աբովյանը։...» http://news.am/arm/news/62934.html: Այստեղ մեկնաբանություններն իրոք ավելորդ են:
13. Ուշագրավ է հաջորդ հարցը. «...վարձակալությունը ընդհանրապես օրինաչա՞փ երևույթ է և ընդհանրապես ո՞վ է պատասխանատվություն կրում այդ դեպքում, արդյոք անասնաբուժի հսկողությունից չէն մնում դուրս... հիմա վարձակալության տալիս են ու հանկարծ սատկում են:»

Տնօրենը իր բոլոր ելույթներում ուղղակի չարչարվում է «վարձակալություն» բառի փոխարեն օգտագործել «ի պահ» տերմինը.- «Այսօր մենք միայն թույլ ենք տալիս մեզ վարձակալության տալու կենդանուն, ի պահ տալու կենդանուն...»` հավանաբար «Կենդանաբանական այգին դա բիզնես չէ» իր հայտնի հայտարարությանը չհակասելու համար: Սակայն սա գրագիտության պակասի դրսևորումներից է` «ի պահ»-ը նույնպես ֆինանսական տերմին է, որը կնշանկի, որ բացի պատասխանատվությունից, վճարելու պարտավորություններ էլ ունի:

Տուգանք մուծելը դա պատասխանատվություն կրելու միջոց չէ, դա լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է: Իսկ պատասխանատվություն կրում է միանշանակ այգու տնօրենը, քանի որ իրենն է եղել որոշումը` կարապներին հանձնել մի կառույցի, որը պատրաստ չէր եղել նրանց խնամելու և հետևելու:

«Իհարկե դժբախտություն է պատահել, բայց դա օրինաչափություն է` այսինքն նման ամեն օրվա կյանքում բոլոր կենդանաբանական այգիներում պատահում են անկումներ և նոր ձեռքբերումներ»

Մտքի հետ համամիտ ենք, բայց ոչ այս դեպքում, քանի որ մենք գործ ունենք ոչ թե բնական օրինաչափության հետ, այլ գրագիտության ու մասնագիտության հետ կապված օրինաչափության հետ:

14. «Այս դեպքում ինչ պատասխանատվություն է նախատեսվում` կարապների դեպքը նկատի ունեմ».

«Նույն գումարի չափով վարձակալության, որը ի դեպ շուկայական գների վաճառքի գինն էր կարապների, վարձակալող կառուցը պետք է տույժ մուծի»:

Կենդանիների արժեքին 5-րդ կետում արդեն անդրադարձել ենք, սակայն այստեղ պատասխանատվության խնդիրն է.
«Հարգարժան տնօրեն, ձեր մասնագիտությամբ ասած կենդանին խտասալիկ, տեսախցիկ կամ նման այլ բան չէ, որ փողը տան, ժամանակավորապես տանեն օգտագործեն ու հետ վերադարձնեն»: Իսկ կարապներին տեղից տեղ տեղափոխելու համար պարզապես պետք էր հետամուտ լինել նախկին պրոֆեսիոնալ փորձին` http://www.hraparak.am/2010/07/29/karapi-lchum-krkin-karapner-en-loxum/, կամ հաշվի առնել մասնագետների կարծիքը:

Այլապես այս երևույթը կդառնա տնօրենի նշած «օրինաչափությունը»:

Կարծում ենք, որ մենք մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք` մեր մտահոգություններն արտահայտելով Երևանի կենդանաբանական այգում տգիտության արդյունքում տեղի ունեցող անօրինությունների վերաբերյալ: Փորձեցինք համադրել բոլոր լրատվամիջոցներում տեղ գտած արձագանքները, և մանրամասն անդրադառնալ յուրաքանչյուր հայտարարությանը:

Մենք հույս ունենք, որ այս մեկ շաբաթ հետևողական աշխատանքը անարձագանք չի մնա Քաղաքապետարանի կողմից և այսուհետ Երևանի կենդանբանական այգու տնօրենի պաշտոնում կտեսնենք կենդանիների ու աշխատակիցների նկատմամբ սրտացավ, իր գործի մեջ հմուտ նոր տնօրենի:

Հունիս 13, 2011 at 11:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր