Կենդանասերները ԱԺ-ից պահանջում են օրենքով պաշտպանել կենդանիներին

Կենդանասերները ԱԺ-ից պահանջում են օրենքով պաշտպանել կենդանիներին

Tert.am

Քաղաքապետարանը 3 մլն դոլար է ծախսել հիմնականում թափառող շներին կրակելու միջոցով սատկացնելու համար։ Այսօր Հանուն կենդանիների և, մասնավորաբար, թափառող կենդանիների պաշտպանության երթի մեկնարկից առաջ նշեց Propose կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից. «Ակցիայի իմաստն է նամակով դիմել Ազգային ժողովին, որպեսզի Կենդանիների պաշտպանության և նրանց նկատմամբ դաժանություններն արգելող օրենք ընդունվի, որ հետխորհրդային երկրներից միայն Հայաստանում է բացակայում։ Իսկ քաղաքապետարանից պահանջում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ծրագրերի ընդունում և հետևողական կատարում»,- նշեց Արամյանը։ Նա ներկայացրեց իր պատրաստած հայեցակարգը, որով այս խնդիրը ոչ թե առավել ակնառու դառնա, այլ չորս-հինգ տարում վերջնականապես լուծվի։

«Անկախ նրանից՝ ով է պատասխանատու, ցանկացած խնդիր պիտի լուծվի ոչ միայն քաղաքակիթ, այլև՝ արդյունավետ։ Որովհետև եթե մենք ունենք պետբյուջեից հատկացված գումարներ, ապա այդ գումարները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետությամբ, և որոշակի ժամանակ սահմանվի որոշակի խնդրի լուծման համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ քաղաքապետարանին առաջարկել են գործողությունների արդյունավետ ծրագիր, որը նախատեսում է թափառող կենդանիների ստերջացում և վերադարձ այն տիրույթ, որտեղից այն բռնվում է՝ 1 շան համար նախատեսելով 3-5 հազար դրամ, սակայն, ըստ մասնագետների՝ որոշակի քանակի կենդանիներ հաստատ պետք է քնեցվեն։

Ըստ կենդանասերի՝ տվյալ պարագայում քաղաքապետարանի հետ «Յունիգրաֆիկ» ՍՊԸ-ն պետգնումների միջոցով ստանձնել է թափառող կենդանիների վնասազերծումը՝ ստերիլիզացման, ճիճվաթափման և քնեցման միջոցով, սակայն տասնյակ տարիներ ծրագիրը ոչ մի դրական արդյունք չի տալիս։ «Միայն այս տարվա համար 180 մլն դրամ է հատկացվել, և ընդհանուր առմամբ արդեն 3 մլն դոլար, սակայն հիմնականում շներին սատկացնում են՝ կրակելու միջոցով։ Միայն մի մասին ստերջացնում և վերադարձնում են, սակայն ոչ թե իրենց բնամիջավայր, այլ՝ քաղաքից դուրս, ուր նրանք դառնում են այլ շների կեր»,- նշեց նա։

Ըստ քաղաքապետարանի՝ Երևան քաղաքում կա մոտ 20-30 հազար շուն։ Սակայն Նարե Արամյանը նշեց, որ նույն քաղաքապետարանի տվյալներով՝ ամեն տարի այդքան շան նկատմամբ կատարվում է «գործողություն», իսկ մնացած մասը ստերջացվում է։ «Եթե քաղաքապետարանի ծրագիրը լիներ արդյունավետ, մենք հիմա քաղաքում կունենայինք միայն 1000 շուն, այն էլ ստերջացված և համապատասխան տարբերանշանով»։

Հունիս 14, 2011 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր