

Երեւանի կենտրոնական թաղամասերից մեկի բնակիչների մոտ մասսայական հալյուցինացիա կամ հոգեկան զեղում է նկատվել: Էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Թումանյան, Նալբանդյան, Ավ.Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքում գտնվող շենքերի բոլոր բնակիչներն ամեն օր ականատես են լինում մի խումբ սեւազգեստ մարդկանց կողմից իրականացվող քանդման աշխատանքների, որոնք, ի դեպ, չեն դադարում անգամ գիշերը, իսկ կառավարական մարմինները եւ քաղաքի իշխանությունները նույն բնակիչներին պաշտոնապես վստահեցնում են, որ այդ աշխատանքները դադարեցված են:
Գուցե սա ընդդիմության կողմից կատարված նեյրոլինգվիստական ծրագրավորման արդյո՞ւնք է, կամ էլ այլմոլորակայիննե՞րն են չարաճճիություն արել, սակայն փաստը մնում է փաստ, եւ հարյուրավոր մարդկանց լուրջ հոգեբանական օգնություն է անհրաժեշտ:
Ընդհանրապես, նշված տարածքի եւ քանդված մանկապարտեզի տեղում կառուցվելիք բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենքի հետ կապված շատ տարօրինակ բաներ են կատարվում: Օրեր առաջ բնակիչների ահազանգով դեպքի վայր, այսինքն շինհրապարակ ժամանած նախարարները հանկարծ հայտնաբերում են, որ տարածքը կառավարության որոշման հիման վրա ձեռք բերած ընկերությունը շինարարութուն իրականացնելու թույլտվություն չունի: Դե որտեղի՞ց ունենար, եթե հենց այդ նախարարների գլխավորած գերատեսչություններից անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն չէր ստացել: Այս թնջուկը քանդելու գովելի նախաձեռնությամբ վարչապետը հրատապ կարգով միջգերատեսչական խումբ է ձեւավորում, որն էլ, մինչ հանգամանքների պարզումը, կասեցնում է բոլոր տեսակի, այդ թվում նաեւ քանդման աշխատանքները, որոնց թույլտվությունը քաղաքապետն արդեն տվել էր:
Հետաքրքրական է, որ վերը նշված տարածքի իրացման վերաբերյալ Ավագ Շին ընկերության հետ պայմանագիրը նորընտիր քաղաքապետի ստորագրած առաջին փաստաթղթերից էր: Ավելին, նա այն ստորագրել էր արդեն նշված փորձաքննական եզրակացությունների եւ այլ անհրաժեշտ ՙավելորդությունների՚ բացակայությամբ: Երեւում է, տղաները շատ են շտապում: Այդ շտապողականությունն էր երեւի պատճառը, որ շինաշխատանքները դադարեցված լինենելու պարագայում Ավագ Շինը հրատապ կերպով ստանում է Կենտրոնի թաղապետի թույլտվությունը... կառուցվող բարձրահարկ բազմաֆունկցիոնալ շենքի կոյուղին անցկացնելու համար:
Զավեշտը կայանում է նրանում, որ շենքը ոչ միայն կառուցման թույլտվութուն, անգամ հաստատված նախագիծ չունի: Եվ գուցե պատահական չէ, որ թաղապետը այս փաստաթուղթը ստորագրել է մայիսի 28-ին, որը համապետական տոն է եւ պաշտոնապես ոչ աշխատանքային օր:
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Գուցե այն, որ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը, կամ գուցե ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը` գլուխ: Փաստն այն է, որ մինչ պատկան մարմինները խուսանավում են վիրտուալ իրականություն հիշեցնող վարչական լաբիրինթոսներում, իսկ սեյսմիկ վտանգից, լույսից եւ օդից զրվելու հեռանկարից հուսահատված բնակիչները հոգեկան ապրումների մեջ են, ինչ-որ գերհզոր եւ ամեն վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպություն շարունակում է իր գործն առաջ տանել:
Հունիս 16, 2011 at 12:30
