

Անուշ Խեչոյան, Առավոտ
Ուղղակի անհրաժեշտ են ավելի մեծ ծավալի աշխատանքներ
Արաբկիր վարչական շրջանի Ազատություն պողոտայի վերջնամասում տեղադրված մոտ 25 կրպակները 10 օրից ավելի է՝ հանվել են ու մայթն այդպես քանդված վիճակում է: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ժամանակին օրենքի խախտումով հատկացված այս տարածքները հետ է վերցրել առեւտրականներից՝ այն պատճառաբանությամբ, որ տվյալ տարածքը պետք է կանաչապատի, բայց մինչ օրս ոչ մի կանաչապատման ծրագիր չի իրականացվել: Բոլոր կրպակների համար որպես հիմք ծառայող բետոնի մնացորդներն անգամ հավաքված չեն:
Նշենք, որ ժամանակին այս տարածքը եղել է կանաչ գոտի, իսկ հիմա, երբ խնդիր է դրված վարչական շրջանները կանաչապատելու, Արաբկիր վարչական շրջանը որոշել է իր համայնքը կանաչեցնել հենց այս տարածքի կրպակների հաշվին: Կանաչապատման ծրագրի իրականացմանը այս տարածքում առեւտուր անողներից ոչ մեկը չէր հավատում: Նրանք համոզված էին, որ իրենց փոխարեն այստեղ այլ առեւտրականներ են գործունեություն ծավալելու կամ տարածքը տրվելու է ինչ-որ մեկին: Կարծես թե առեւտրականների մտահոգությունը տեղին էր, քանի որ երեկ նախկին կրպակաշարի վերջնամասում փոքրիկ շինաշխատանքներ էին իրականացվում:
Թե ե՞րբ է այս տարածքում կանաչապատման ծրագիրն իրականացվելու եւ ի՞նչ շինաշխատանքներ են դրանք, փորձեցինք ճշտել Արաբկիր վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնից: Բաժնի պետ Կառլեն Պողոսյանը պարզաբանեց. «Հիմա էլ այդտեղ աշխատանքներ են իրականացվում, վարձու բանվորները մինչեւ գիշերվա ուշ ժամը աշխատում են: Քանի որ շատ կրպակներ տեղադրելու ժամանակ խորը փորվածքներ են արված եղել, մենք հիմա ստիպված ենք ավելի մեծ ծավալի աշխատանք իրականացնել: Սեւ հող ենք բերում, որ այստեղ մեր տնկած ծառերն ու ծաղիկներն աճեն: Այդ ամենը ձեւի համար չենք անում: Ինչ վերաբերում է շինաշխատանքներին, ապա տեղեկացնեմ, որ մենք նաեւ այդ տարածքի մայթն ենք վերանորոգում, փոխում ենք եզրաքարերը: Դա էլ անում ենք, որպեսզի մարդիկ կանգառին մոտենալիս ստիպված չլինեն հողի միջով անցնել»: Մեր այն հարցին, թե կանաչապատման աշխատանքները ե՞րբ են ավարտվելու, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Որոշել էինք մինչեւ այս ամսվա 1-ը վերջացնել, սակայն պարզվեց, որ ավելի շատ աշխատանքներ են անհրաժեշտ, ուստի ստիպված եղանք աշխատանքների վերջնաժամկետը հետաձգել մինչեւ այս ամսվա վերջ»:
Մեր զրույցի վերջում էլ ավելացրեց. «Այդ տարածքը որեւէ մեկինը չէ, ոչ մեկին չի պատկանում, այն որեւէ մեկին չի հատկացվելու: Սա ասում եմ այն մարդկանց համար, որոնք չեն հավատում, որ այդտեղ իսկապես կանաչապատվելու է եւ իրենց բողոքներով դիմում են տարբեր գերատեսչություններ»:
Լուսանկարը` www.a1plus.am-ի
Հունիս 16, 2011 at 17:12
