

Արմենպրես
Ընթացիկ տարում գրանցված անտառների եւ խոտածածկ տարածքների հրդեհների հետեւանքով առաջացած վնասի չափը կազմում է 100 մլն դրամ: Ինչպես հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը, այս տարի զգալիորեն ավելացել է հրդեհների թիվը: Եթե անցյալ տարվա հունիսի տվյալներով դեպքի վայր մեկնելու թիվը 348 էր, ապա այս տարի' 509: Դրանց մեծ մասը խոտածածկ տարածքների հրդեհներն են, առայժմ լուրջ անտառային հրդեհներ չեն գրանցվել:
Երեւանում վիճակը նույնպես ակտիվ է' անցյալ տարվա 235 դեպքի փոխարեն, այս տարի գրանցվել է 365-ը: Հրդեհային տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ հրդեհների մեծ մասը գրանցվում է մայրաքաղաքում: Մարզերի շրջանում վիճակն ակտիվ է Արարատում եւ Արմավիրում: Սերգեյ Հայրապետյանի խոսքով' հրդեհների դեպքում մարդկային գործոնը մեծ է: Անդրադառնալով Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տարածքում գրանցված վերջին դեպքին' Ս. Հայրապետյանը նշեց, որ դա դիտավորություն էր: Այդ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները:
«Եթե անցյալ տարին հրդեհների առումով աննախադեպ էր, ապա այս տարի կարող է էլ ավելի աննախադեպ լինել: Եթե եղանակային պայմանները չփոխվեն, ապա կանաչապատ տարածքների հրդեհների թիվը զգալիորեն կավելանա»,-ասաց բաժնի պետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կեսի տվյալներով' հրդեհի հետեւանքով զոհվել է 8 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ ստացել 18 մարդ:
Բանախոսները կոչ արեցին քաղաքացիներին զգույշ լինել եւ պահպանել կանոնները:
Հուլիս 06, 2011 at 15:32
