Երեւանի «Նեմո» դելֆինարիայում դելֆինների խնամքով զբաղվող դիպլոմավորված մասնագետներ չկան, նրանց կանչում են Ուկրաինայից

Երեւանի «Նեմո» դելֆինարիայում դելֆինների խնամքով զբաղվող դիպլոմավորված մասնագետներ չկան, նրանց կանչում են Ուկրաինայից

ԷկոԼուր

«Մեր դելֆինարիան նման է այս նկարի միջի տակառին: Մենք ուզում ենք ցույց տալ, որ նույնիսկ միշտ ժպտացող դելֆինը տակառում ծիծաղել չի կարող»,- ասում է «Դելֆինը տակառում» պաստառի հեղինակ Ավետիքը, ով պատրաստել է նման նկարների մի ամբողջ շարք Պատանդ դելֆինների պաշտպանության օրվա առթիվ: Դելֆինների պաշտպանության համար «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ակցիան տեղի ունեցավ հուլիսի 7-ին` «Նեմո» դելֆինարիայի մոտ, Կոմիտասի անվան այգում:  

Կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանն ասում է. «Ոչ մի թույլատրող փաստաթուղթ նրանք չունեն: Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի հիման վրա են աշխատում: Դելֆինարիայի կառուցման հենց սկզբից մենք դիմել ենք պաշտոնական մարմիններին` եւ Երեւանի քաղաքապետարանին, եւ Բնապահպանության նախարարությանը: Եւ փաստաթղթեր չկան, եւ այդ անօրինության նկատմամբ արձագանք չկա»: Նա ասում է, որ ստացված ներքին տվյալների համաձայն` դելֆինները հիվանդ են, նրանց ատամները եւ մաշկը վատ վիճակում են: 

«Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանն ասում է, որ այս ակցիայի գլխավոր նպատակն այն է, որպեսզի մարդկային վերաբերմունք առաջացնեն դելֆինների նկատմամբ, ինչին մենք սովոր չենք եւ սովոր չէ մեր օրենսդրությունը: Իսկ մարդկային վերաբերմունքի կարիք կա: Մենք հարցրեցինք դելֆինարիայից դուրս եկող մարդկանց, թե ինչպես են վերաբերվում այս ակցիային: Հանդիսատեսների մեծամասնությունը հրաժարվեց պատասխանել կամ շատ կոպիտ էին: Միայն մի հանդիսատես ասաց. «Ես չեմ կարծում, որ նրանք (դելֆինները) պատանդներ են: Նրանք լավ վիճակում են, թռչկոտում են, ուրախություն են պատճառում: Բայց եթե մասնագետները պնդում են, որ նրանք վատ վիճակում են, եւ որ նրանց համար լավ պայմաններ են անհրաժեշտ, ավելի մեծ տարածություն, ապա ես դելֆինների կողմից եմ»: 

Ի՞նչ են այս ամենի մասին մտածում դելֆինարիայի ղեկավարությունը կամ պատասխանատու մասնագետները, ովքեր պետք է պատասխան տան անազատության մեջ պահվող կենդանիների առողջության համար:

Բազմաթիվ փորձերից հետո լրագրողներին, այնուամենայնիվ, հաջողվեց ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Պարզվեց, որ կենդանաբաններ եւ անասնաբույժեր, որ պետք է ունենա          շոուի տարրերով այս ջրային կենդնաբանական այգին, Երեւանի դելֆինարիայում չկան:  «Եթե դելֆինների հետ ինչ-որ բան պատահի, ապա մենք Ուկրաինայում բժիշկ ունենք, եւ նա անմիջապես կգա»,- ասում են մարզիչ Սերգեյը եւ նրա օգնականը: Նշենք, որ չվերթներ ցանկացած ուկրաինական օդանավակայաններից Երեւան կատարվում են շաբաթը 1-2 անգամ: Ճիշտ է, մարզիչներն ասել են, որ  նման կանչերի անհրաժեշտություն դեռ չի եղել:

Իրենք` մարզիչները, ունեն մենեջեր տնտեսագետի դիպլոմ: «Ես կգնայի սովորելու, որպեսզի ըստ մասնագիտության դիպլոմ ստանայի, բայց մեզ մոտ նման կրթական հաստատություններ չկան, որտեղ սովորեցնեն դելֆինների հետ աշխատել: Մենք` ինքներս, ենք այն սովորել եւ արդեն 10 տարի է` աշխատում ենք»,- ասում է Սերգեյը:

Նա պնդում է, որ ջուրը համապատասխանում է դելֆինների համար նորմերին, օրական երեք անգամ փոխվում է, ավելացվում են հատուկ աղեր, որպեսզի համապատասխանի ծովային ջրին: Այս հայտարարությանն ավելացնենք, որ այս տարվա փետրվարին ստացած մեր տեղեկություններով դելֆինարիայում ստուգումներ է անցկացրել «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տեսչությունը, որը հայտնաբերել է ջրի ծախսման մեծ խախտումներ: Սակայն կազմված ակտերը ոչնչացվել են «վերեւից զանգից» հետո: Տեսչության աշխատակիցների խոսքերով` եթե հաշվի առնվեր ջրի ողջ ծախսը, ապա դելֆինարիան ուղղակի կսննկանար: Ներկայումս տեսչությունը լուծարվել է, եւ այդ փաստերը ստուգելու համար ոչ ոք չկա:

Դելֆինարիայի հարցում Բնապահպանության նախարարության անգործությունը դատական կարգով բողոքարկում են «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները: Հայցով որպես երրորդ կողմ հանդես է գալիս «Նեմո» դելֆինարիան:


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 07, 2011 at 18:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր