Երեւանի քաղաքապետարնը, թափառող շները եւ հասարակական կազմակերպությունները

Երեւանի քաղաքապետարնը, թափառող շները եւ հասարակական կազմակերպությունները

ԷկոԼուր- «Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն

«Երևանի քաղաքապետարանը գումարներ է դիզում թափառող շների վրա. սկանդալային մանրամասներ բյուջեից ամեն տարի դուրս գրվող կես միլիոն դոլլարի մասին»:  «Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը այս անվանումով հաղորդագրություն է տարածել` նշելով, որ թափառող շների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացվող ծրագրի վերաբերյալ այդ հետազոտությունը անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանին է: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «… պաշտոնական տվյալներով, Երևանում 2006-2010թթ.և 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։ Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։ Ի դեպ, աղքատ երկրների ցանկում գրանցվածներից Հայաստանը միակն է, որ կանոնավոր կերպով նման զգալի գումար է տրամադրում թափառող կենդանիներին։

… Չնայած «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, թե 2010 թվականից սատկացվելու փոխարեն շները քնեցվում են, սակայն իրենց իսկ պաշտոնական կայքի տվյալները փաստում են հակառակը։ Ի դեպ, Հայաստանում չկա շների քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ «լիդոկայինը», տանջամահ է անում կենդանուն։ Ավելին, «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, որ շների դիակները թաղումից առաջ մշակվում են «քլորի համապատասխան լուծույթներով», ինչը չի համապատասխանում հակահամաճարագային որևէ կանոնի և անմիջական սպառնալիք է հանրային առողջությանը։

…ըստ ամենայնի, Երևանի քաղաքապետարանին ձեռնտու չէ թափառող կենդանիների հիմնախնդրի վերջնական լուծումը, քանի որ այդ պարագայում այլևս կարիք չի լինի պետական բյուջեից ահռելի գումարներ դուրս գրել այս ոլորտի համար: Փաստորեն, «շնից մազ պոկելն էլ է քյար» գռեհիկ արտահայտությունն այս դեպքում միանգամայն տեղին է»:

Հուլիս 08, 2011 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր