

Անի Գեւորգյան, Հայկական ժամանակ
Առնետները, մորեխները, խավարասերները Երեւանի կենտրոնում
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի կենտրոնում` մասնավորապես Թումանյան, Տերյան, Սայաթ Նովա փողոցներում երեկոյան ժամերին անցորդների բղավոցներ են լսվում, ինչից հետո մարդիկ մերթ կոշիկները հանում` գետնին են հարվածում, մերթ քար ու փայտ են փնտրում` հարձակում ձեռնարկելու համար:
Բանն այն է, որ երեւանյան զով երեկոները վայելելու համար փողոց են դուրս գալիս ոչ միայն քաղաքացիները, այլ քաղաքի նոր ու բազմաթիվ բնակիչներ եւս` առնետներ, մողեսներ, խավարասերներ, մորեխներ:
Որտեղի՞ց մայրաքաղաքում` այն էլ հենց կենտրոնում, նման կենսաբազմազանություն: Բնակիչները ահազանգում են, որ, օրինակ, երկու օր առաջ կեսգիշերին մոտ Թումանյան փողոցի ամեն մետրի վրա մի մորեխ է եղել, որոշ հատվածներում` նաեւ մողեսներ: Իսկ, օրինակ, Տերյան փողոցում, հենց մայթեզրով շատ հանգիստ ու ինքնավստահ քայլվածքով առնետներ են զբոսնել: Արդյոք այդ ամենի պատճառը վերջին օրերին մայրաքաղաքում գրանցված շո՞գն է, թե՞ կան նաեւ այլ, մեզ անհայտ պատճառներ:
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից Արամ Աղասյանի խոսքով, պետք չէ այդ ամենը կապել շոգի հետ. «Առնետների ու խավարասերների նման ակտիվությունը միանշանակ կապված է քաղաքում սանիտարահիգիենիկ վատ վիճակի հետ: Դրա վերաբերյալ պետք է քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների բաժին դիմել: Այդ ամենը աղբահանության հետ կապված խնդիրների հետեւանքն է: Նրանք են մեղավոր, որ այսօր այսպիսի իրավիճակ է»: Մողեսների վերաբերյալ Աղասյանն ասաց, որ դրանք Երեւանում միշտ էլ եղել են. «Հիմա որ շոգ է, ամեն ինչը բոլորը կապում են շոգի հետ: Բայց երբ շոգ չէր, ու այդ կենդանիները կային, ոչ ոք դրանց ուշադրություն չէր դարձնում: Այդ կենդանին միշտ էլ եղել է, ուղղակի հնարավոր է, որ թիվն է ավելացել»: Աղասյանը դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե որն է թվի ավելացման պատճառը: Իսկ մորեխների վերաբերյալ իրավիճակը շատ ավելի լուրջ է: Մասնագետի խոսքով, նրանց թվի կտրուկ ավելացումը միանշանակ կապված է շոգի հետ, ու թե դեռ ինչքանով դրանք կավելանան` հայտնի չէ: «Միջատների բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Նրանք տաք հողի մեջ են ձվադրություն կատարում: Իսկ որ ջերմաստիճանային պայմանները նորմալ են, պարզ է, որ ավելի մեծ քանակությամբ է սերունդ առաջացել: Ոչ թե այլ վայրից են տեղափոխվել Երեւան, այլ այստեղ եղել են քիչ քանակով, բայց նպաստավոր պայմաններում բազմացել են»,- ասաց Աղասյանը:
Համաձայն հայ օդերեւութաբանների կանխատեսումների, դեռ մի քանի օր շոգ եղանակը պահպանվելու է: Աղասյանին հարցրինք, թե հնարավո՞ր է արդյոք ասել, թե այդ մի քանի օրերի ընթացքում մորեխների թիվը ինչքանի կհասնի, ինչին ի պատասխան նա ասաց` ոչ, այնուհետեւ ավելացրեց. «Այնպիսի խնդիր չկա, որ մորեխի ամպ առաջանա, նստի Երեւանի վրա ու ամեն ինչ ուտի: Այդպիսի բան չկա: Այն քանակները չէ, որ բուսականության համար վտանգավոր լինի... Ամեն դեպքում կրծողները եւ խավարասերները մարդու համար վտանգավոր չեն, իրենցից վտանգ չեն ներկայացնում»:
Իսկ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության մասնագետ Նունե Բակունցի խոսքով, առնետները, խավարասերները, նաեւ թափառող շները համարվում են վարակ տարածող կենդանիներ, սակայն եթե նրանք ակտիվացել են, դեռեւս չի նշանակում, որ համաճարակի տարածման վտանգ կա. «Այս պահին հիվանդությունների, արտառոց դեպքեր, համաճարակային մտահոգություն, համաճարակային իրավիճակ չունենք»: Նրա խոսքով, կան պարտադիր պահանջներ, համաձայն որոնց, համատիրությունները պետք է համապատասխան միջոցառումներ կազմակերպեն` տարածքներում կրծողազերծում եւ վարակազերծում կազմակերպելու համար. «Նման խնդիրների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել համատիրություններին, որովհետեւ նման գործերով զբաղվում են համատիրությունները: Նրանք պարտավոր են համաձայնություն կնքել համապատասխան կազմակերպությունների հետ եւ համապատասխան աշխատանքներ տանել»: Նունե Բակունցին հարցրինք նաեւ, թե արդյոք կա՞ վտանգ, որ վերջին օրերի շոգ եղանակի հետեւանքով կարող են նպաստավոր պայմաններ ստեղծվել որեւէ համաճարակի համար. «Չի կարելի ասել, որ շոգի հետեւանքով անպայման համաճարակ է լինում: Կան հիվանդություններ, օրինակ, աղիքային վարակները, որոնք շոգի ժամանակ սրանում են, քանի որ այդ վարակների հարուցիչները ավելի արագ են բազմանում, քան ձմեռը: Այս պահին ամեն ինչ հանգիստ է»:
Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, ոչ քաղաքապետարանի, ոչ համատիրությունների հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց: Իսկ երեկ երեկոյան Երեւանի ամենակենտրոնական փողոցներում նույն իրավիճակն էր:
Օգոստոս 05, 2011 at 13:01
