Դալմային այգիների նախկին վարձակալներից շատերը չեն ստացել փոխհատուցման գումարները

Դալմային այգիների նախկին վարձակալներից շատերը չեն ստացել փոխհատուցման գումարները

Նաիրա Բուլղադարյան, Ազատություն ռադիոկայան

Դալմայի այգիների 35 նախկին վարձակալների հույսերը գնալով մարում են, թեեւ Երեւանի իշխանությունները շարունակում են հայտարարել նրանց աջակցելու մասին:

4 ամիս առաջ հանդիպելով քաղաքապետի հետ` այգիների նախկին վարձակալները հավաստիացումներ էին ստացել, թե առաջիկայում համարժեք փոխատուցում կստանան նախկին այգիների այժմյան սեփականատերից: Մինչդեռ, ինչպես պնդում է «Դալմա Սոնա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը, փոխհատուցման հարցը առայսօր չի լուծվել. - «Մենք արդեն սկսում ենք կասկածեց»:

Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հպանցիկ անդրադարձ է եղել նաեւ փոխհատուցման գնին: Ղազարյանի փոխանցմամբ, քննարկվել է տարածքի մեկ քառակուսի մետրի դիմաց 5-10 դոլարին համարժեք դրամ գինը:

Առաջարկվող գումարը թեեւ չի գոհացնում Դալմայի այգիների նախկին վարձակալներին, սակայն նրանք գտնում են, որ անգամ այդ պայմաններով քաղաքապետ Կարեն Կարապետյանը չի կարողանում այս հարցը լուծել:

Ըստ նախկին այգետերերի, կան տարածքներ, որոնց ներկայիս սեփականատերերն անգամ քաղաքապետարանին հայտնի չեն:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկանին վստահեցրեց, մինչդեռ, թե  քաղաքապետարանն իր ուշադրության տակ է պահում նախկին այգետերերի խնդրանքը. - «Հանդիպումները պարբերական բնույթ են կրում եւ սեփականատերերի հետ բանակցություններ են վարվում: Քննարկումների արդյունքում հողամասի ներկայիս սեփականատերերը հայտնել են իրենց համաձայնությունը հողօգտագործողներին դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Եվ այդ նպատակով անհրաժեշտ են համարել հողօգտագործողների հետ նաեւ բանակցություններ իրականացնել»:

Սարդարյանն ասում է, թե հողատերերից 10-ի փոխհատուցման խնդիրն արդեն լուծված է: Ընթացքի մեջ է եւս 3-ի փոխհատուցման հարցի լուծումը: Չլուծված է մնում 35 նախկին այգետերերի փոխհատուցման հարցը: Քաղաքապետարանում հայտարարում են, որ գործընթացը շարունակվում է` նշելով միաժամանակ, որ փոխհատուցման գնի շուրջ բանակցություններն արդեն նախկին այգետետերի ու տարածքների այժմյան սեփականատերերի լուծելիք հարցն է:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի ներկայացրած թվերի հետ, թե` փոխհատուցում չեն ստացել 48 նախկին այգետերեր, «Դալմա Սոնա» կազմակերպությունում համաձայն չեն: Կազմակերպության ղեկավարը նամակ է պատրաստել Երեւանի քաղաքապետի հասցեով, որպեսզի վերջնականապես պարզի շուրջ 1800 նախկին այգետերի փոխհատուցման պատկերը:

Հայաստանի կառավարության որոշմամբ` 8 տարի առաջ Երեւանի կանաչ գոտիներից մեկը` Դալմայի այգիները, ճանաչվելով որպես հանրային գերակա տարածք, օտարվեց` հետագայում վաճառվելով տարբեր անհատների ու կազմակերպությունների: Ավելի քան 700 հեկտար տարածք գրավող այգիների վարձակալները արդյունքում զրկվեցին հողատարածքներից: Տարածքները վաճառվեցին տարբեր ընկերությունների, մի  մասն էլ հանձնվեց համայնքին:

Նախկին այգետերերը չհաշտվելով որոշման հետ` շարունակում են պնդել, որ կառավարությունն իր որոշմամբ խախտել է մի քանի օրենք` շրջակա միջվայրին վնաս պատճառելուց զատ իրենց նաեւ զրկել է տարիներով օգտագործվող հողի նկատմամբ սեփականություն գրանցելու իրավունքից:

Տարիների ընթացքում այգիները ամայացան` կանաչ գոտուն փոխարինելու եկան նորակառույցները, որոնց մի մասը մինչեւ օրս կիսադատարկ է: Դալմայի այգիների արդեն նախկին տերերը ցավով են ցույց տալիս քանդված այգիները` ասելով, թե ոչ մի գումար չի կարող փոխարինել այգիներին:

ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը անցած ամիս Քիշնեւում Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ընթացքում քննարկելով նաեւ Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքը` իր եզրակացությամբ ամրագրել էր խախտումներ, որոնցից մեկն առնչվում է Դալմայի այգիների օտարմանը:

Օգոստոս 23, 2011 at 11:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր