

ԷկոԼուր
Արմավիրի (Արմավիրի մարզ) 70 բնակիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակով բնակիչները պահանջում են դադարեցնել քաղաքի կենտրոնական այգում իրականացվող շինարարությունը: Նամակը որպես ահազանգ հրապարակված է ՀՀ կառավարության www.gov.am պաշտոնական կայքում` «Մամուլը մեր մասին» բաժնում:
Մեր կողմից նշենք, որ սույն թվականի մայիսից արմավիրցիները բառիս բուն իմաստով պայքարում են միակ այգու պահպանման համար: Սոցիալական ցանցերում եւ մամուլում մշտապես հայտնվում են հասարակայնության տարբեր խմբերի դիմումներ, որոնք հանդես են գալիս Արմավիրի քաղաքապետարանի կողմից աջակցվող անօրինական կառուցապատման դեմ: Ներկայումս կառուցվում է բանկ, անասնաբուժական դեղատուն, եկեղեցի:
Դադարեցրեք բարբարոսությունը
Հայկական ժամանակ
Արմավիր քաղաքի յոթանասունից ավելի բնակիչներ մեր թերթին են ուղարկել ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին հասցեագրված իրենց նամակի եւ ստորագրությունների պատճենները: Նամակի հեղինակները Տիգրան Սարգսյանից պահանջում են դադարեցնել Արմավիրի կենտրոնական այգու կառուցապատման գործընթացը: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը.
«Մոտենում է ՀՀ Արմավիր քաղաքի հիմնադրման 80-ամյակը: Արմավիր քաղաքր կառուցվել է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Դեռ այն ժամանակ, գիտակցելով կանաչ տարածքների եւ այգիների դերը քաղաքի ինֆրաստրուկուրայի մեջ, քաղաքացիների հանգստի կազմակերպման գործում, Արմավիր քաղաքի կենտրոնում գլխավոր հատակագծով նախատեսվել եւ կառուցվել է այգի, որը եղել է արմավիրցիների սիրելի զբոսավայրը: Այսօր այդ այգին բարբարոսաբար ոչնչացվում է: Տարիներով անխնամության մատնված ծառերը հատվում են, եւ տարածքը ենթարկվում է կառուցապատման: Մեզ համար, որպես Արմավիրի քաղաքացիների, անհայտ է, թե այդ ինչ անհրաժեշտությունից ելնելով եւ ում թույլտվությամբ կամ թողտվությամբ է մեր սիրելի զբոսայգին վերածվում ոմանց բիզնես-օբյեկտների: Պահանջում ենք ձեր միջնորդությունը բարբարոսությունը կանխելու եւ այգին Արմավիրին ու արմավիրցիներին վերադարձնելու համար»:
Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:
Օգոստոս 31, 2011 at 12:08
