

ԷկոԼուր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տարօրինակ կերպով է արձագանքել Գլինկայի 6 հասցեում հանրային տարածքի զավթման մասին բնակիչների ահազանգին: Տվյալ հասցեում ապրող բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարան, ՀՀ վարչապետին հանրային տարածքը վերադարձնելու պահանջով, որը վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Գլինկայի 13 հասցեի տան հարեւանությամբ գտնվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը: «Սկզբում ցանկապատեցին մայթը, իսկ երեկ արդեն սղոցեցին ծառը, տարան սեփական տուն եւ թաքցրեցին հետքերը»,- ասում է տեղի բնակչուհի Աննա Համբարձումյանը: Բնակիչները չգիտեն` ինչ անեն: Երեխաները բակ չունեն, իսկ հիմա էլ մայթը խլեցին: «Մեզ ասում են` ինչ ուզում եք, արեք, մեր դեմ հանդես գալն անիմաստ է»,- ասում է Ա. Համբարձումյանը:
Մամուլում հրապարակումներից հետո ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց ««Բողոքի» պատճառը` նախկին գիշերային հավաքատեղին» անվանումով պատասխան: Պատասխանում մասնավորապես ասված է. «Այնքան էլ գեղեցիկ չէ, երբ մի քանիսի նեղ անձնական շահերը ներկայացվում են որպես բնակիչների բողոք, քանի որ ջոկատի տարածքի ներսում ապօրինի կառուցված տաղավարը տարիներ շարունակ եղել է կռիվների, հարբեցողների ու թմրամոլների գիշերային հավաքատեղի, և այդ նույն տաղավարի գիշերային աղմուկ-աղաղակների ու ծեծկռտուքների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել տարբեր ատյաններ»:
Պատասխանից հետեւում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը որոշել է իր վրա վերցնել իրավապահ մարմինների գործառույթը: Եթե փրկարարները նկատել էին ծեծկռտուք կամ թմրամոլների, ապա պետք է ոստիկանություն կանչեին: Եթե հանրային տարածքն իրենցն են համարել, ապա ինչպես հետեւում է ներկայացված պատասխանից, այդ հարցն էլ է վիճելի, եւ բնակիչներին պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր:
Ցավոք, ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ Բնապահպանական պետական տեսչությունը չեն արձագանքել ահազանգին:
Լուսանկարը` News.am կայքի
Սեպտեմբեր 01, 2011 at 14:47
