

ԷկոԼուր
Ահազանգն այն մասին, որ Վիշապների այգում ինչ-որ մեկը ինչ-որ բան է կառուցում, շահագրգիռ կողմերի կողմից ծայրաստիճան հակասական արձագանքներ է ստանում: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը վստահեցրեց, որ աշխատակիցները եղել են Վիշապների այգում եւ եզրակացրել, որ որեւէ շինարարություն այնտեղ չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ նշենք, որ քաղաքապետարանն իր ուշադրությունը կենտրոնացրել է այն տարածքի վրա, որտեղ նախկինում շինարարական աշխատանքներ էր իրականացնում «Air Construction» ընկերությունը: Facebook սոցիալական ցանցում ակտիվիստ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ շինարարությունն իրականացվում է Վիշապների այգու մեկ այլ տարածքում: Իսկ Էլիանորա Հարությունյանը ցանցում ներկայացրել է Նոր Նորքի համայնքապետարանի պատասխանը, որի համաձայն` տարածքը կանաչ գոտի չէ, այլ մասնավոր սեփականություն, եւ որ շինարարությունը օրինական է, իրականացվում է 2011թ. օգոստոսի 9-ի N.01/18-S-266-607 թույլատրության համաձայն: Մնում է պարզել, թե ինչ ի նկատի ուներ Նոր Նորքի համայնքապետարանը, երբ ասում էր, որ շինարարությունը հանրային տարածքի նկատմամբ «օրինական է», եւ ինչ ի նկատի ուներ Արթուր Գեւորգյանը, երբ ասաց, որ Վիշապների այգին չի կառուցապատվելու:
Սեպտեմբեր 13, 2011 at 17:46
