Ռուբեն Գեւորգյան. «Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ»

Ռուբեն Գեւորգյան. «Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ»

Լիլիթ Նուրիջանյան, Հետք

Ներկայացնում ենք Ռուբեն Գեւորգյանի եւ «Հետքի» հեռախոսազրույցը «Դեյզի» այգու վերաբերյալ: Այգին տարիներ առաջ ԱԺ պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբեն Գեւորգյանի կողմից նվիրվեց բնակիչներին: Այգու մուտքի մոտ փակցվել էր ցուցանակ՝ «Նվեր սիրելի դավիթաշենցիներին» վերտառությամբ: Ազգային Ժողովի կայքում պատգամավորի կենսագրության մեջ այգին նշվում է որպես կատարած բարեգործություն: Մոտ վեց ամիս է, սակայն, ինչ այգու դարպասները փակված են, ու վերը նշված ցուցանակը՝  հանված:

Պարոն Գեւորգյան, «Դեյզի» այգին վաճառվու՞մ է:

Ոչ, այն վերանորոգվում է, որովհետեւ ամբողջապես ավերված վիճակում է:

Իսկ այգու կողքի վաճառքի մասին հայտնող ցուցանակը այգու՞ն է վերաբերում:

Նախ՝ դա քաղաքային այգի չի, իմ սեփական այգին է: Մեր սեփական հողի վրա սարքած այգին է:  Եվ հետո էլ այգու վրա ցուցանակ չի դրված, այգին չի ծախվում:

Պարոն Գեւորգյան, իսկ երբ զանգում ենք ցուցանակի վրայի հեռախոսահամարին, մեզ պատասխանում են, որ այգու տարածքն էլ է հնարավոր վաճառել:

Ոչ, չգիտեմ՝ դուք ուր եք ընգել: Այգին մեր սեփականությունն է: Իմ ընտանիքի այգին է: Ես ո՞նց վաճառեմ: Աղջկաս այգին է,  ուզում է ավելի ատրակցիոն ու մանկական առումով զարգացնի :

Այսինքն՝ այգին կրկին կծառայի՞ հանրությանը:

Ես չգիտեմ՝ ում կծառայի: 15 տարի ծառայել է բնակչությանը ու ավերվել: Հիմա մենք ավելի կկատարելագործենք այգին: Ավելի շատ ուշադրություն կդարձնենք ու կխնամենք:

Պարոն Գեւորգյան, իսկ որպես սեփականություն ե՞րբ էիք ձեռք բերել այդ տարածքը:

Երբ դեռ հողի սեփականության մասին օրենք չկար: Այն ժամանակ հողատարածքը վերցրել էինք վարձակալության: Ավերված, ժայռաբեկորներով տարածք էր:

Դա ե՞րբ էր:

Լսի, ըտեղ այգի չկար, երբ ես էդ հողը սեփականաշնորհել եմ: Ինքս ամայի տարածքից այգի եմ սարքել: Կարայի շատերի նման կազինո կամ բառ սարքեի, այգի եմ սարքել: 94 թվականից, երբ ես նույնիսկ դեռ թաղապետ չէի, սկսեցինք այգի սարքել: Այգին մնալու է այգի, ում կծառայի՝ դա այլ հարց է: Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ:  Ու իմ այգին չեմ վաճառի:

Պարոն Գեւորգյան, ճի՞շտ հասկացա, սկզբից վերցրել էիք վարձակալության, հետո սեփականաշնորհեցի՞ք: Ո՞ր թվին եք սեփականաշնորհել:

Սեփականաշնորհել եմ ընենց, ոնց որ բոլոր մարդիկ իրենց պատկանող հողը սեփականաշնորհում են:

Շուկայի տարածքը եւ՞ս ձեր սեփականությունն է:

Այգու տարածքը իմ սեփականույթյունը չի, ոչ էլ շուկայինը:

Ձեր երեխաների՞:

Այգին իմ աղջկանն է:

Իսկ շուկա՞ն:

Շուկան իմը չի: Ում որն ա, գնա իրանից հարցրու:

Պարոն Գեւորգյան, Երեւանի Դավիթաշեն համայնքի գոտեւորման նախագծում «Դեյզի» այգին նշված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ գոտի, ինչպե՞ս կբացատրեք :

Ըտենց բան չկա:

Դուք տեսե՞լ եք նախագիծը:

Չհասկացա, էդ ի՞նչ ես ասում, իմ սեփական հողի վրա իմ կառուցած այգին ա, ո՞նց կարա ըտենց բան լինի: Մարդ կա՝ տուն ա կառուցում իրա տարածքում, կարայի արտադրության կենտրոն սարքեի, կամ այլ շինություն, ես էլ այգի եմ կառուցել:  Ես էլ՝ ժողովրդին նվիրյալ մարդ, իմ սեփական տարածքի դռները բացել եմ ու թողել եմ, որ ժողովուրդը օգտվի իմ ստեղծած այգուց: Վերեւի այգին էլ եմ ես հիմնել: Սխալ տեղեկություն եք ստացել: Այգին չի վաճառվում: Մարդիկ չարախոսում են: Ես միլիոններ եմ ծախսել այդ այգու վրա, արտասահմանից բերել եմ թռչուններ, սիրամարգեր, բազմաթիվ թփեր: Բնակիչները այնքան անխնա են օգտվել այգուց, որ այգին ավերվել է: Ու էս պահին ճիշտ պատասխան կլիներ, որ ասեի՝ լավ եմ արել, փակել եմ, իմ սեփականությունն է, ինչ ուզում եմ՝ անում եմ, բայց պատասխանում եմ, որ այն վերանորոգվում է:

Լավ, իսկ ե՞րբ կբացվի արդեն վերանորոգված վիճակում:

Լսի, հո գազանանոց չի, որ բացվի կամ չբացվի: Ես ինքս՝ որպես Ռուբեն Գեւորգյան, հոգու թրթիռ եմ զգում եւ անդորր, երբ իմ այգում բազմաթիվ երեխաներ են օրորվում: Ես հավեսին տորթի կտոր չեմ վերցրել ու վայելել: Զրոյից եմ սարքել: Թող տենց տպավորություն չստեղծվի, որ Գեւորգյանը սովետի ժամանակ սարքած այգին վերցրել է, սեփականաշնորհել: Չէ, ըտենց չի:

Ինչպե՞ս է պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը տիրացել Դավիթաշենի այգուն
Լիլիթ Նուրիջանյան, Հետք

 «Նվեր սիրելի դավիթաշենցիներին». այս ցուցանակով «Դեյզի» այգին տարիներ առաջ ԱԺ պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբեն Գեւորգյանի կողմից նվիրվեց  բնակիչներին:  ԱԺ կայքում պատգամավորի կենսագրության մեջ այգին նշվում է որպես կատարած բարեգործություն: Մոտ վեց ամիս է, սակայն, ինչ այգու դարպասները փակված են ու վերը նշված ցուցանակը  հանված:

Բնակիչները պատմում են, որ Գեւորգյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, բացի այդ՝ մեծ ներդրումներ են պետք հերթական ԱԺ ընտրությունների համար, եւ  այդ պատճառով իրեն պատկանող շատ տարածքներ ԲՀԿ-ական պատգամավորը  սկսել է վաճառել:

Այգու կողքի 2000 քմ ամայի տարածքը եւ դրա  հետնամասում գտնվող շուկան (4000 քմ)  եւս վաճառվում են: Բնակիչների պնդմամբ՝ այդ ամբողջ հատվածը ներառյալ եւ «Դեյզի» այգին վաճառվում են: Զանգահարեցինք նշված տարածքների  վաճառքի մասին հայտնող ցուցանակի վրա գրված հեռախոսահամարով: Մեր զանգերին պատասխանեց մի կին, ով երկու հեռախոսազրույցների ընթացքում էլ հասկանալ տվեց, որ խոսքը գնում է նաեւ «Դեյզի» կանաչապատ այգու մասին.  «Եթե նորմալ առնող եք ու լավ փող տաք, այգին էլ կլինի, ըսենց ո՞նց ասեմ: Հանդիպենք, նորմալ խոսենք»:

ԱԺ պատգամավոր, նախկինում Դավիթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանը  «Հետքի» հետ զրույցում ժխտում է այգու վաճառման մասին լուրերը: Հետեւելով Ռ. Գեւորգյանի խոսքի տրամաբանությանը՝ այգին այլեւս հանրային չի լինելու: Այգին, իհարկե, մասնավոր սեփականություն է. սեփականատերը այն կարող է բացել-փակել, ի վերջո անել այն, ինչ ուզում է:  Սակայն մեկ այլ հանգամանք է ուշադրություն գրավում: Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված Դավիթաշեն համայնքի գոտիավորման նախագծում այս այգու տարածքը նշված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ, ինչը նշանակում է, որ այգին չի կարող պատկանել մասնավոր անձի: Մինչ Ռուբեն Գեւորգյանը հերքում է այս փաստը եւ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է իր սեփականությունը համարվող տարածքը լինել հասարակական, Երեւանի քաղաքապետարանը հաստատում է այս թյուրիմացությունը:

Այգին Գեւորգյանին իր դստեր՝ Արմինեի անունով վաճառվել է 1998 թվականին, երբ  Գեւորգյանը Դավիթաշենի համայնքապետն էր, Երեւանի քաղաքապետն էլ՝ Սուրեն Աբրահամյանը, ով, սակայն, «Հետքի» հետ հեռախոսազրույցում ժխտեց, որ այգու վաճառման մասին որոշումը ինքն է տվել. «Ես տենց ախմախություն արած չէի լինի: Հնարավոր է՝ վարձակալության տված լինեի, բայց վաճառք` չէ: Հազար հատ որոշում եմ կայացրել, հիմա ո՞նց հիշեմ բոլորը»: Քաղաքապետարանը արդեն մեկ ամիս շարունակ «Հետքին» չի տրամադրում այն որոշումը, ըստ որի՝ այգին ժամանակին հատկացվել է Ռուբեն Գեւորգյանին:

1998 թվականին դեռ ընդունված չէր  ՀՀ «Հողային օրենսգիրքը», եւ որեւէ օրենք չէր կարգավորում հողատարածքների բաշխումը, սակայն դեռ Խորհրդային Միության տարիներից այդ տարածքը նախագծով  նախատեսում էր հանրային այգի:

Ինչպե՞ս է ստացվել, որ հանրային այգու տարածքը վաճառվել է մասնավոր անձի, եւ որն ավելի հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվել, որ արդեն մասնավոր անձին պատկանող տարածքը արդեն 2007 թ.-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից ընդունված  որոշմամբ ամրագրվում է որպես համաքաղաքային նշանակության կանաչ տարածք:  

Առավել հետաքրքիր է Երեւանի քաղաքապետարանի պատասխանը, որտեղ, կարծես որպես արդարացում, նշվում է, որ «Դավիթաշեն  վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, ըստ որի «Դեյզի» այգու զբաղեցրած հողամասը ամրագրված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածք, հաստատվել է շատ ավելի ուշ (Երևանի քաղաքապետի 12.12.2007 թ. հ.5411-Ա որոշմամբ), քան այն տրամադրվել է մասնավոր անձի: Ներկա պահին Երևան քաղաքի գլխավոր հատակագծում, այդ թվում՝ նաև վարչական շրջանների գոտիաորման նախագծերում կատարվում են փոփոխություններ՝ նմանատիպ հակասությունները բացառելու նպատակով»: Կարելի է ենթադրել, որ այս հակասությունը բացառելու համար գոտիավորման նախագծում այդ տարածքը այլեւս չի հանդիսանա հասարակական կանաչ:

Այգու վաճառքի մասին «Հետքի» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաեւ Դավիթաշեն համայքնի ղեկավար Արթուր Գեւորգյանը, ով նաեւ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է: 

Սեպտեմբեր 22, 2011 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր