Երեւանի քաղաքապետարանում ամեն ինչ խառնվել է, թե ով պետք է փորձաքննություն պատրաստի եւ ում այն ներկայացնի

Երեւանի քաղաքապետարանում ամեն ինչ խառնվել է, թե ով պետք է փորձաքննություն պատրաստի եւ ում այն ներկայացնի

ԷկոԼուր 

Մի՞թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը խաբել է միանգամից մի ամբողջ թաղամասի բնակիչների, որոնք ապրում են Պուշկինի 40, Տերյանի 19, 23, 25, Լալայանցի 37, Հյուսիսային պողոտայի 6, 8 շենքերում: Սեպտեմբերի 24-ին բողոքի ակցիայի հավաքված այդ տների բնակիչները պնդում են, որ այո, խաբել է: Խոսքը  շինարարության հայտնի օլիգարխ Սամվել Մայրապետյանի «Local developers» ընկերության կողմից բակի տարածքի կառուցապատման մասին է:  «Մենք խաղողի այգի ունեինք, ծառեր եւ խաղահրապարակ: Բոլորը կտրեցին,  քանդեցին եւ  փոս փորեցին»,- ասում են բնակիչները: Իսկապես, այժմ բնակիչները զբոսնելու եւ անցնելու տեղ չունեն: Շինարարությունն իրականացվում է ավելի քան 1500 խմ տարածքում, բայց ոչ մի փորձաքննություն չկա: Օրենքի խախտումն ակնհայտ է, բայց տեսչություն նույնպես չկա:

«Այստեղ եկան Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը (քաղաքապետի տեղակալ), Գագիկ Գյանջումյանը   (Կենտրոն վարչական համայնքի ղեկավարը): Քաղաքապետը մարդավարի  վրդովվեց եւ խոստացավ օգնել»,- պատմում է ակցիայի մասնակից Վարդան Գերավետյանը: Բայց խոստացված լսումները տեղի չունեցան: «Սկզբում մեզ ասացին, որ Սամվել Մայրապետյանն արձակուրդում է, հետո որ Գագիկ Գյանջումյանն է արձակուրդում, եւ որ մենք չանհանգստանանք, հարցը մեր օգտին է լուծվում: Իսկ հետո մեզ քաղաքապետարանից հայտնեցին, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքերով`նորմաները պահպանվել են: Եւ եթե մեզ մոտ փորձագիտական տվյալներ հայտնվեն,ապա մենք կարող ենք դրանք ներկայացնել Նարեկ Սարգսյանին»,- պատմում են բնակիչները:

Հիշեցնենք, որ առաջին հերթին նախագիծը փորձաքննության պետք է ներկայացներ  «Local developers» ընկերությունը, այսինքն` Սամվել Մայրապետյանը, եւ պետք է ներկայացվեր ոչ թե Նարեկ Սարգսյանին, այլ Բնապահպանության նախարարությանը: Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ աշխատողները, որոնց բնակիչները խոստացել են հնարավորության դեպքում խանգարել, ասացին, որ կապվել են ղեկավարության հետ, եւ «բոլորը տեղյակ են»: Ղեկավարությունն այդպես էլ չհայտնվեց: Չեկան ոչ քաղաքապետարանի ներկայացուցիչները, ոչ բնապահպանական փորձաքննությունը:

Սեպտեմբեր 26, 2011 at 01:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր