Արմավիրի զբոսայգու առեղծվածը

Արմավիրի զբոսայգու առեղծվածը

Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի Արմավիրի տարածքային կառույցից ստացել ենք մի նամակ, որում հեղինակները ներկայացրել են իրենց քաղաքի այգու շուրջ ծավալված զարգացումների ներկա փուլը: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը.

«ՀԱԿ-ի Արմավիրի տարածքային կառույցը, տեր կանգնելով իր հարյուրավոր բնակիչների պահանջին, ցանկանում է բարձրաձայնել եւ ժողովրդին ներկայացնել այն պատասխանը, որը ստացվել է մարզպետարանից, իրենց կողմից Արմավիրի զբոսայգու նկատմամբ բարբարոսաբար վարվելու` վարչապետին ուղղված դիմում-բողոքի առնչությամբ: ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում` «Քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր», շարադրված է հետեւյալը. «Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական արգելանոցներ են, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիներ, բուսաբանական այգիներ, ինչպես նաեւ այդ նպատակների համար պահեստավորված տարածքներ են»:

ՀՀ Սահմանադրություն 5-րդ հոդվածը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Արմավիրի մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «ՀՀ կառավարության 2010թ. փետրվարի 11-ի N102 Ն որոշմամբ հաստատված եւ այգու Երեւանյան եւ Հանրապետության փողոցների հարակից տարածքում ամրագրված է հասարակական օբյեկտների կառուցման առաջարկությունը»: Նման տարածքների օգտագործումը ՀՀ կառավարության որոշմամբ չի կարող իրականացվել, քանի որ այն հակասահմանադրական է եւ հակասում է Հողային օրենսգրքի վերը բերված հոդվածի պահանջներին, այն կարող է իրականացվել, եթե տվյալ տարածքը դասվեր «Գերակա շահ» ճանաչվող տարածքների շարքին` իր իսկ օրենքով սահմանված թույլատրվող ցանկին համապատասխան: Նաեւ հիշեցնենք պատասխանող կողմին, որ պատասխանում նշված «այգի» բառը չի համապատասխանում «զբոսայգի» բառի բովանդակությանը, քանզի խաղողի այգին այգի է, եւ կարելի է այն քանդել եւ ծիրանի այգի դարձնել: Իսկ «զբոսայգին» չի կարելի «բանկա-եկեղեցա-առեւտրասրահային» այգի դարձնել: Մտեք զբոսայգի եւ կտեսնեք քաղաքի ութսունամյակը դիմավորող կիսաչորացած եւ չորացած դանթեական զբոսայգի:

Թիվ 102-Ն որոշումն առաջարկում է... Իսկ թե այդ առաջարկությունը որտեղ եւ ում կողմից է օրենքի ուժ ստացել, ոչինչ չի հասկացվում: Նաեւ չար լեզուներին չնեղացնելու համար բարձրաձայնում ենք նրանց պնդումը, թե իբր քաղաքի այժմյան հատակագիծը օրիգինալը չի եւ փոփոխվել է ի շահ շահագրգիռ այրերի»:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

Հոկտեմբեր 06, 2011 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր