ՀԿ-ները ՀՀ նախագահին` Երեւանի կենտրոնը վերածվել է «Էկոլոգիական աղետի գոտու»

ՀԿ-ները ՀՀ նախագահին` Երեւանի կենտրոնը վերածվել է «Էկոլոգիական աղետի գոտու»

ԷկոԼուր

Մի շարք հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտում «Հանրապետության Հրապարակ» մետրոյի հարեւանությամբ  բազմահարկ հյուրանոցի եւ կառավարության թիվ 1 շենքի բակի կողմից նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ:

«Էկոլոգիական բոլոր չափանիշներով քաղաքի կենտրոնը գործնականորեն վերածվել է «Էկոլոգիական աղետի գոտու»:  Հարնարպետության հրապարակի տարածքում նոր շենքերի ավելացումը կբերի տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքի, կբարձրանա օդային ավազանի աղտոտվածությունը, կկրճատվեն մնացորդային կանաչ տարածքները, կբարձրանան սեյսմիկ ռիսկերը:…Մենք, որպես Երեւան քաղաքի եւ շրջակա միջավայրի պահպաններ, որը ներառում է նաեւ քաղաքաշինության բաղադրամաս, խնդրում ենք Ձեզ, որպես Սահմանադրության երաշխավորի եւ գործադիր իշխանության ղեկավարի, ազդել ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի վրա, նշված կառույցների հետ կապված ընդունած որոշումների վերանայման նպատակով: Անհրաժեշտ է փրկել նման աղավաղումներից մեր գլխավոր հրապարակը`աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը»,- մասնավորապես նշված է նամակում: ՀԿ-ներն առաջարկում են զբոսաշրջության ուղղվածությամբ քաղաքի զարգացումն ապահովելու համար հրատապ վերականգնել սեւ եւ կարմիր տուֆից կառուցած հին տները, տեղադրել դրանք Գլխավոր պողոտայում` հետագայում օգտագործելով որպես հյուրանոցային համալիրներ:   ՀԿ-ները նաեւ առաջարկում են «Հանրապետության Հրապարակ» մետրոյի մուտքի դիմաց գտնվող ազատ տարածքը վերածել գեղատեսիլ ծաղկանոցի, ինչը հրաշալիորեն կներդաշնակի ծաղկի տեսք ունեցող շատրվանի հետ:

Նամակի ներքո ստորագրել են Հայկական բուսաբանական ընկերությունը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», «Թռչնասերների կենտրոն», «Հայաստանի թռչունների պաշտպանության», «Շողեր միություն», «Բիոսոֆիա», «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ները, Երեւանի Օրհուս կենտրոնը, «Դալմա-Սոնա» հիմնադրամը:

Նոյեմբեր 18, 2011 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր