

ԷկոԼուր
Նոր դժգոհություն հասարակության շրջանում` այս անգամ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային կենտրոնի կառուցման հետ կապված: Ճարտարապետները անթույլատրելի են համարում «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային համալիրի կառուցումը: Նրանց կարծիքով` այն կվտանգի մարզադաշտի գոյությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ, ուսումնասիրելով խնդիրը, եզրակացրել է, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները:
Ինչպես նշված է Երեւանի Օրհուս կենտրոնի տարածած մամլո հաղորդագրության մեջ, տարածքը սեփականաշնորել է «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ն: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է առևտրի կենտրոնի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը: «Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց, որ դա արդեն իսկ նշանակում է շինարարության թույլտվության սկիզբ` չնայած որ Երևանի քաղաքաշինության խորհրդը այն դեռ չի քննարկել:
Խնդրի առնչությամբ նոյեմբերի 25-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա քննարկում: Քննարկմանը հրավիրված են մասնկացելու Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Մշակույթի, Քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության նախարարությունների, ՀԿ-ների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ԶԼՄ-ների, Ճարտարապետների միության ներկայացուցիչներ:
Լուսանկարը` www.yerkirmedia.am կայքի
Նոյեմբեր 25, 2011 at 11:06
